Home / Հայաստան / Լուկաշենկոն շարունակում է արդարացնել Իլհամ Ալիևի մրցանակը

Լուկաշենկոն շարունակում է արդարացնել Իլհամ Ալիևի մրցանակը

Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին ուժի մեջ է թողել Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկի որոշումը ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ։ Բլոգերի փաստաբանը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը Գերագույն դատարանում, ինչը կարելի է անել տասը օրվա ընթացքում։

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ դիմել էր Բելառուսին՝ խնդրելով Լապշինին Ադրբեջանին չարտահանձնել։ Նույն խնդրանքով Բելառուսին դիմել էր նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Մինսկում կալանքի տակ գտնվելու ընթացքում, Լապշինը, ով մեղադրվում է Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու մեջ, գրավոր ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Սակայն, ինչպես պնդում էին հայաստանցի իրավաբանները, Լապշինն իրականում ոչ թե ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, այլ գրել է, որ ցավում է տեղի ունեցածի համար։

«Էխո Կավկազա» գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովն իրավիճակի շուրջ զրուցել է բելառուսցի քաղաքագետ Դենիս Մելյանցովի և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

Վադիմ Դուբնով – Դենիս, այս իրավիճակն ինչո՞վ է պայմանավորված։ Ինչո՞ւ հանկարծ Մինսկը որոշեց նման աննախադեպ քայլի դիմել՝ ձերբակալել այլ պետության քաղաքացու առանց հստակ մեղադրանքի։

Դենիս Մելյանցով – Չէի ասի, որ շատ անսովոր իրավիճակ է, քանի որ նման դեպքեր տեղի են ունեցել մի քանի տարի առաջ, օրինակ, ռուսաստանցի ֆունկցիոներ Վլադիսլավ Բաումգերտների հետ կապված, որին այստեղ պահեցին որոշ ժամանակ ու հետո փոխանցեցին Ռուսաստանին։ Կա մի քանի կարևոր պատճառ․առաջինը, Բելառուսն այդպիսով ցուցադրեց իր հավատարմությունը միջազգային գործելակերպին․ այսինքն, նա հենց այնպես չի ձերբակալվել, այլ՝ Ինտերպոլի դիմումի համաձայն։ Երկրորդը, երկիրն ի ցույց դրեց իր բարեկամությունն Ադրբեջանի հետ, որը Բելառուսի համար բավական կարևոր գործընկեր է ու որի հետ կապված են նավթի նոր աղբյուրների վերաբերյալ պաշտոնական Մինսկի սպասելիքները։ Եվ վերջապես երրորդ պահը, որն այս պատմության մեջ, միգուցե, ամենակարևորն է, այն է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ ռուս-բելառուսական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին՝ նավթագազային վեճը, մշտական առևտրային կոնֆլիկտները, ու վերջին պատմությունը կապված Մոսկվայի նախաձեռնությամբ ռուս-բելառուսական սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար փակման հետ։ Այնպես որ, սա յուրատեսական ազդանշան է մեր ռուսաստանցի դաշնակիցներին ու գործընկերներին այն մասին, որ Բելառուսը գործում է սեփական շահերի շրջանակներում ու ինքնավար է իր արտաքին քաղաքականության մեջ։

Վադիմ Դուբնով – Դե, Մոսկվան բավական հանդուրժելի էր նույնիսկ Բաումգերտների հետ կապված իրավիճակում, որն իր նշանակությամբ ու քաղաքական և տնտեսական կշռով զգալիորեն բարձր էր պարոն Լապշինից․․․

Դենիս Մելյանցով – Բնականաբար, սա ինչ-որ արտակարգ կարևոր քայլ չէ։ Մինսկը հասկանում է բոլոր «կարմին գծերն» ու սահմանափակումներն իր քաղաքականության մեջ, այսինքն, Ռուսաստանին հրահրելու համար չափազանց ծայրահեղական քայլերի չէր դիմի։ Դրա շուրջ բելառուսական փորձագիտական հանրույթում ասում են, որ, բնականաբար, Բելառուսը ոչ Եվրասիական միությունից դուրս կգա, ոչ էլ ՀԱՊԿ-ից․ բայց, միևնույն ժամանակ, Բելառուսը պարբերաբար նման փոքր ակնարկներ ուղարկում է։

Վադիմ Դուբնով – Բորիս, Մինսկից Ձեր գործընկերոջ պատմածից լսեցինք Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի մասին, բայց դերակատարների մեջ Հայաստանն ընդհանրապես չկար։ Այնուամենայնիվ, Հայաստանն իրավիճակին բավական նյարդայնորեն արձագանքեց, այդ թվում՝ «Մի՛ գնիր բելառուսական ապրանքներ» արշավով։ Ֆորմալ առումով պարզ է՝ ինչու, բայց, այնուամենայնիվ, Հայաստանն այս պատմությանն այնքան էլ ներգրավված չէ։ Ինչո՞վ է պայմանավորված նման արձագանքը։

Բորիս Նավասարդյան – Բելառուսցի գործընկերոջս հետ համաձայն եմ այն իմաստով, որ, իհարկե, սա Բելառուսի իշխանությունների կողմից մեսիջ էր Ռուսաստանին, բայց Հայաստանում այն ընկալվեց որպես մեսիջ Հայաստանի վերաբերյալ։ Միգուցե, այնքան էլ օբյեկտիվ չէ, բայց նման տրամադրություններ կան, ու ես կարծում եմ, որ Հայաստանում իրավիճակը նման բուռն կերպով է քննարկվում դրանում երկու շատ կարևոր գործոնի առկայության պատճառով․ առաջինը՝ Ադրբեջանի մշտական փորձերն են առավելագույնս չեզոքացնելու կամ մեկուսացնելու Լեռնային Ղարաբաղը, բացառելու լրագրողների ու քաղաքական գործիչների այցելությունները։ Երկրորդը Հայաստանի հարաբերություններն են Եվրասիական միության ու ՀԱՊԿ մյուս անդամների հետ, որոնք, ինչպես ցույց տվեց տվյալ իրավիճակը, բացարձակ հուսալի չեն։ Ու ստացվում է, որ Ադրբեջանը, որն այս միջազգային միությունների անդամ չէ, Բելառուսի իշխանությունների համար ավելի մեծ նշանակություն ունի, քան՝ ԵՏՄ ու ՀԱՊԿ գործընկեր Հայաստանը։ Սա, բնականաբար, բավական վիրավորական է երկրի համար, ու դրանով են պայմանավորված բազմաթիվ արձագանքներն ու փաստարկներն այն մասին, թե Լապշինի ձերբակալությունն ու դատախազության՝ Ադրբեջանին նրան արտահանձնելու վերաբերյալ որոշումը բացարձակապես անօրինական են։

Վադիմ Դուբնով – Բելառուսի մասին խոսելիս՝ տեսնում ենք ուժային գծեր, օրինակ, Բելառուս-Ռուսաստան և Բելառուս-Ադրբեջան։ Հայաստանի մասին խոսելիս, սակայն, Ադրբեջանից բացի, որևէ այլ ուժային գիծ չի նկատվում։ Իհարկե, վերջին մի քանի տարիների ընթացքում նման գիծ անցնում է Ռուսաստանի հանդեպ խանդի տեսքով՝ Ադրբեջանի հետ կապված, բայց դա չի վերածվում ինչ-որ քաղաքական միտումի, թեև զգացմունքային առումով այդ տրամադրություններն ամրապնդվում են վերջին առնվազն 3-4 տարիներին։ Ինչո՞ւ։

Բորիս Նավասարդյան – Ես, ամեն դեպքում, կտարբերակեի Հայաստանի վերաբերմունքն ու դժգոհությունը Ռուսաստանից ՀԱՊԿ ու ԵՏՄ մյուս գործընկերների վերաբերյալ Հայաստանի դժգոհությունից։ Երևանի ու հայաստանյան հասարակության՝ Մոսկվայի հանդեպ ունեցած բոլոր հավակնությունների հետ մեկտեղ, այստեղ բավական պասիվ տրամադրություն է այն հարցի վերաբերյալ, թե երկկողմ հարաբերությունները մեզ պետք չեն ու դրանք պետք է որևէ կերպ թուլացնել։ Բայց եթե խոսենք բազմակողմ ձևաչափի մասին, որում ներգրավված են վերոհիշյալ միջազգային միությունների մյուս երկրները, ապա այստեղ կասկածները շատ լուրջ են։ Եթե մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններով, ապա ի՞նչ կապ ունեն այստեղ, ասենք, Բելառուսը կամ Ղազախստանը, որոնք Ադրբեջանին վերաբերվում են որպես ավելի լուրջ գործընկերոջ ու բարեկամի, քան՝ Հայաստանին։ Ուստի, բնականաբար, այստեղ մեջբերվում են նախագահ Լուկաշենկոյի խոսքերը, որոնք նա ասաց մի քանի օր առաջ, երբ ստանում էր Հեյդար Ալիևի անվան շքանշանը, որ նա «այս մրցանակը կարդարացնի»։

Վադիմ Դուբնով – Դենիս, Լուկաշենկոն այժմ իսկապես հանդես է գալիս հենց այն դիրքից, որի մասին խոսեց Ձեր գործընկեր Բորիսը Երևանից․ նա, ասես, ցուցադրաբար վտանգում է Ռուսաստանի բոլոր եվրասիական ձեռնարկումները։ Դա նույնպե՞ս հարված է, թե՝ հետևանք բոլոր մյուս ձեռնարկումների, որոնց մասին խոսում էինք մինչ այս։

Դենիս Մելյանցով – Անցած՝ 2016 թիվը, Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների վատթարացման տարի էր։ Պաշտոնական Մինսկը բավական նյարդային արձագանք է տալիս Ռուսաստանի հետ ծագող յուրաքանչյուր իրավիճակի, որը կարող է օգտագործվել Մոսկվայի հանդեպ ունեցած դժգոհությունը ցուցադրելու համար։ Ես, ամեն դեպքում, չէի ասի, որ այս ազդանշանը որևէ կերպ ուղղված է Եվրասիական միության կամ ԵՏՄ գործընկերների՝ Հայաստանի դեմ։ Այսինքն, Բելառուսի ներսում՝ տեղեկատվական դաշտում, Հայաստանը գրեթե չի հիշատակվում բլոգեր Լապշինի հետ կապված միջադեպի շրջանակներում։ Այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է Ադրբեջանին․ սա ազդանշան է մեր գործընկեր Ադրբեջանին, ու հիշատակվում է նաև Ռուսաստանը։ Սա, ամեն դեպքում, մասնավոր դեպք է, որը պարզապես օգտագործվում է Մոսկվային հերթական անգամ նախազգուշացնելու, ներկայիս ռուս-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ դժգոհությունը հերթական անգամ արտահայտելու համար։

Վադիմ Դուբնով – Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ իրավիճակը կհարթվի Ռուսաստանի բավական շահավետ խաղաղարարության արդյունքում։ Օրինակ, Բելառուսն Ադրբեջանին կխնդրի ներել Լապշինին, Ռուսաստանը կմիանա խնդրանքին, Բաքուն գթասրտորեն կկատարի խնդրանքն, ու ամեն ինչ կկարգավորվի։ Նման բան հնարավո՞ր է։

Դենիս Մելյանցով – Այո, կարծում եմ, որ այս իրավիճակն, ամեն դեպքում, ինչ-որ կերպ կհարթվի, քանի որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ լարվածության շարունակությունն ու աճը։ Մի կողմից, Մինսկն արդեն չի կարող չարտահանձնել բլոգերին Ադրբեջանին, քանի որ դա կնշանակեր որոշակի հեղինակազրկում։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ բելառուսցի դիվանագետներն ինչ-որ քայլեր կձեռնարկեն, որ Մոսկվան ու Իսրայելը որևէ կերպ համաձայնության գան Ադրբեջանի հետ, որպեսզի արտահանձնված բլոգերը կամ ազատ արձակվի, ներման արժանանա, քանի որ նա արդեն իսկ ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահից, կամ պատժվի նվազագույն կամ պայմանական ազատազրկմամբ։

Վադիմ Դուբնով – Բորիս, Լապշինի պատմությունը միավորեց «ազգերի բարեկամություն ռուսաստանյան ձևով» առասպելույթի երկու հիմնական երկրներին, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո, կարծես, չկար ավելի հավատարիմ երկիր, քան Բելառուսը, ու չկար Հարավային Կովկասում ավելի մտերիմ երկիր, քան Հայաստանը։ Դա ներսից ի՞նչ տեսք ունի։ Ինձ թվում է, այն ինչ հիմա կատարվում է թե՛ Բելառուսում, թե՛ Հայաստանում, շատ կարևոր գորընթաց է։

Բորիս Նավասարդյան – Ես, համենայնդեպս, կընդգծեի, որ Բելառուսի հետ կապված գործընթացն ավելի ինտենսիվ ու ավելի զգացմունքային է։ Դա պայմանավորված է նրանով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Լուկաշենկոն միանշանակորեն աջակցեց Ադրբեջանին, ինչպես նաև նրանով, որ Լուկաշենկոն ՀԱՊԿ աշնանային գագաթնաժողովին Հայաստան չժամանեց, քանի որ այն տեղի էր ունենում Երևանում, ու այդպիսով հետաձգեց Հայաստանի նախագահության հարցը։ Հետևաբար, այս ամենում տեսնում են անբարյացակամության նշաններ։ Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ կոնկրետ այն համատեքստում, որը մենք քննարկում ենք, հայ-ռուսաստանյան հարաբերություններն ընդհանրապես առկա չեն։ Եթե այդ հարաբերությունների վրա որևէ բան նույնիսկ ազդում է, ապա՝ ավելի շուտ դրականորեն, քան բացասաբար, քանի որ Սերգեյ Լավրովի խոսքերը, որոնցով նա կոչ արեց չքրեականացնել Լապշինի այցը Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջանի օրենսդրության խախտումը, ավելի շատ դրականորեն ընկալվեցին։ Բայց, իհարկե, Հայաստանի հասարակությունում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի վատթարացման ընդհանուր միտում կա, ու դա պայմանավորված է, առաջին հերթին, Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության մատակարարմամբ։ Ի դեպ, սա շատ հետաքրքիր պահ է, քանի որ եթե Ռուսաստանը հիմնական մատակարարն է, ապա Բելառուսն ու Իսրայելը պայքարում են երկրորդ տեղի համար։ Այսինքն, առաջին հերթին կարող ենք խոսել Ռուսաստանի նախաձեռնած միություններին նետված մարտահրավերի մասին, և երկրորդ հերթին՝ այդ միությունների այն անդամների մասին, որտեղ Հայաստանի հետ համագործակցության առումով հատուկ հետաքրքրություն չկա, ինչի մասին են վկայում թե ցածր առևտրաշրջանառությունը, և, ինչպես հիմա ենք տեսնում, լուրջ քաղաքական տարաձայնությունները։ Եվ միայն երրորդ հերթին կարող ենք խոսել հայ-ռուսաստանյան հարաբերություններին սպառնացող ինչ-որ վտանգների մասին։

Վադիմ Դուբնով – Ռուս-բելառուսական հավերժական բարեկամության ապաառասպելացումն ինչպե՞ս է տեղի ունենում։

Դենիս Մելյանցով – Իրականում, չէի ասի, որ նման բան է տեղի ունենում, քանի որ եթե նայենք հանրային կարծիքին, ապա Ռուսաստանն առաջին տեղում է․ Ուկրաինայում կոնֆլիկտից հետո Եվրոպական միությունը զգալիորեն զիջել է դիրքերը։ Այն, ինչ տեսնում ենք տեղեկատվական ու քաղաքական դաշտերում, ժամանակ առ ժամանակ ռուս-բելառուսական հարաբերություններում առաջանում է, քանի որ դրանց հիմքում նման կոնֆլիկտայնություն արդեն իսկ ընկած է։ Դա, կարելի է ասել, ռուս-բելառուսական հարաբերությունների յուրահատկությունն է, քանի որ նման խնդիրներն սովորաբար կարգավորվում են։ Մյուս կողմից, Մոսկվան, իհարկե, խանդում է, որ Մինսկը կարգավորում է հարաբերությունները Եվրոպական միության ու Միացյալ նահանգների հետ․ ուստի, տվյալ իրավիճակը կարող է դիտվել որպես որոշակի պառակտում, կամ՝ ազատագրում, բայց իրականում դժվար թե կարելի է ասել, որ տեղի է ունենում ինչ-որ ապաառասպելացում կամ վերջնական բաժանում։ Ավելի շուտ, Մինսկը պարզապես աճում է, դիվանագիտական փորձ է ձեռք բերում, իր ձևով սեփական արտաքին քաղաքականություն է կառուցում, բայց մեծ հաշվով պաշտոնական Մինսկի քայլերը չեն հակասում Եվրասիական միության ներսում տեղի ունեցողին, ինչն էլ խոշոր հաշվով ուզում է տեսնել Ռուսաստանը։

Tekali Taxi