Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979 թվականին ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն։
Նույն օրը, նշված է հաղորդագրության մեջ, ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի գնդակից ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Ավելի վաղ ԼՂ ՊՆ֊ն մեկ այլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ»:
«Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում», ֊ նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, տեղեկություն է տարածել, որ երեկ՝ 16․55-ի սահմաններում, հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, որպեսզի շեղի ուշադրությունը և Լեռնային Ղարաբաղի շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:
Այսօր ղարաբաղյան կողմը այդ հաղորդագրությունը որակել է որպես «ապատեղեկատվություն և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ»: