2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում սննդամթերքը թանկացել է․ «ՀԺ»

Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն՝ սննդամթերքն այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը՝ ընդգծելով, որ դրան հակառակ՝ ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմկերպության (FAO) տվյալների, 2017 թվականի առաջին ամիսներին ընդհանուր առմամբ պարենամթերքն աշխարհում էժանացել է։

Լրագրողն արձանագրում է, որ սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և օրինակ, այս տարվա փետրվար-մարտի համեմատ թանկացման տեմպը աճել է մոտ 1,8 անգամ։

«Թե կոնկրետ որ ապրանքների հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ։ Խնդիրն այն է, որ այս տարվա տվյալ ամիսն անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, որը կոչվում է գնաճի տասներկուամսյա ցուցանիշ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը թաքցնում է։ Սա մեղմ ասած տարօրինակ է, քանի որ տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարևորագույնն է, և իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցուցանիշից:

ԱՎԾ-ն գնաճի վերաբերյալ իր պարբերական զեկույցի կազման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվարից: Հենց այն պահից, երբ սնն­դամթերքի տասներկուամսյա գնաճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայացնում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով», -գրում է լրագրողը։

Ըստ Գևորգյանի՝ սննդամթերքի գների այդպիսի բարձրացումը խիստ տարօրինակ է և չկա տնտեսական որևէ պատճառ դրա հիմքում։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: