«Դատապարտյալների հիվանդանոցում» սահմանափակվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և «Սասնա ծռերի» գործով անցնող Խաչատուր Գիչյանի տեղաշարժման հնարավորությունները։
Epress.am-ի հետ զրույցում Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը փոխանցել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանն իրեն տեղեկացրել է՝ երեկվանից «Սասնա ծռեր» խմբի 4 անդամների սենյակների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, և վերջիններս չեն կարողանում անհրաժեշտության դեպքում օգտվել միջացքում տեղադրված լվացարանից և պետքարանից։
Խնդրի վերաբերյալ Մուշեղ Շուշանյանն ահազանգել էր նաև սոցցանցի միջոցով՝ պնդելով, որ «Սասնա ծռեր» խմբի 4 անդամները պահվում են անմարդկային պայամաններում և նրանք շնչահեղձ են լինում, քանի որ խցերում չկա օդափոխության հնարավորություն։
Դավիթ Գյուրջյանի փոխանցմամբ՝ մինչ տվյալ դեպքը տղաները տեղաշարժման հետ խնդիր չեն ունեցել, և սենյակների դռները բաց են եղել։
Նշենք, որ, չնայած փաստաբանների ահազանգին, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից Armtimes.com-ին տեղեկացրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում մյուս ՔԿՀ-ների օրինակով «կալանավորված անձինք պահվում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն», իսկ «Սասնա ծռեր» խմբի 4 անդամները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և նրանց սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են։