2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու մեջ մեղադրվող 70-ամյա Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը ծանր է, նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Գիչյանին է պատկանել այն բեռնատարը, որով «Սասնա ծռերի» անդամները ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք:
Epress.am-ի հետ զրույցում Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է նախորդ շաբաթ և նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
«Նրա առողջական վիճակը շատ ծանր է, ու այնպես չէ, որ մի քանի օր «Դատապարտյալների հիվանդանոցում» մնալով՝ նա բուժվելու է։ Ամեն անգամ, երբ նրան բերում են դատարան՝ կալանքի ժամկետը երկարացնելու, հետո շտապօգնության մեքենայով են տանում»,- պատմել է Տիգրան Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով` Գիչյանն իրեն տեղեկացրել էր, որ իր 12 հոգանոց խցում միայն 6 մահճակալ կա, և բոլոր խցակիցները ծխում են, ինչը ավելի է վատացնում չծխող Գիչյանի առողջական վիճակը։
«Ես դիմել էի Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինս միջնորդի և Գիչյանին չծխողների խուց տեղափոխեն, որտեղ նա նաև հնարավորություն կունենա անընդհատ պառկելու և հանգստանալու։ Ինձ ՄԻՊ գրասենյակից պատասխանել են, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո անպայման կապահովվեն այդ պայմանները»,- ասել է փաստաբանը։
Գիչյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն հանցակցելը։
Փաստաբանը համոզված է, որ մեղադրանքն արդարացված չէ և հիմնված է միայն ենթադրությունների վրա։ Նրա խոսքով՝ քննությունը չունի ոչ մի ապացույց, որ բեռնատարը դիտավորությամբ է տրամադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։