Home / Առողջապահություն / «Սասնա ծռերի» աջակիցն «իր ոտքով բանտ մտավ, անկողնային վիճակով դուրս եկավ»

«Սասնա ծռերի» աջակիցն «իր ոտքով բանտ մտավ, անկողնային վիճակով դուրս եկավ»

Մի շարք ծանր հիվանդություններով տառապող, «Սասնա ծռեր»  խմբի աջակից Արթուր Սարգսյանը, իր ոտքով մտավ բանտ, անկողնային վիճակով դուրս եկավ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա հարազատներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Չնայած արդեն մոտ տասն օր՝ դեկտեմբերի 31-ից, Սարգսյանն ազատվել է բանտից, սակայն նրա վիճակը շարունակում է ծանր մնալ:

«Սիստեմաների տակ հիմա տանը պառկած է, մեկ-մեկ վեր է կենում, նստում, բայց ամեն դեպքում վատ է: Անպայման մեկը պետք է տանը լինի, որ նրան խնամի, անկողնային վիճակում է», – ասել է Սարգսյանի հարազատը:

Նրա խոսքով՝ Սարգսյանի վիճակը գուցե այդքան չվատանար, եթե նրան ավելի վաղ ազատեին բանտից: Նա ընդգծել է, որ իր հարազատը թեև մինչև բանտարկվելն ուներ առողջական խնդիրներ, սակայն «ոտքով-ձեռքով էր, իսկ հիմա՝ անկողնային»:

Սարգսյանը, ով 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել «Սասնա ծռեր» խմբի անդամներին և գրավված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներին, ըստ մեղադրանքի, «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։

Սարգսյանը տառապում է մի շարք հիվանդություններով. ունի կերակրափողի էրոզիա և ճաք, որովայնային գծային ճողվածք, Բեխտերևի հիվանդություն (ողնաշարի հիվանդություն) ։

Տևական ժամանակ Սարգսյանի պաշտպանները՝ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը, ահազանգում էին, որ նրան բանտում համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում, բացի դրանից՝ Սարգսյանի ողնաշարի հիվանդությունը,  ըստ օրենքի, անհամատեղելի է կալանքի հետ: Կառավարությունն իր N 825 որոշման 37-րդ կետով այս հիվանդությունը դասել է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին։

Փաստաբանները բարձրաձայում էին նաև, որ երբ Սարգսյանի  մոտ ախտորոշել են ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում նրան չի տրամադրվել ո՛չ դեղորայք, ո՛չ բուժհսկողություն և օգնություն, և ոչ էլ հատուկ սննդակարգ՝ պատճառաբանելով, որ համապատասխան դեղորայք և հատուկ սնունդ չունեն՝ կալանավորին խորհուրդ տալով այդ հարցով դիմել իր ազգականներին:  Միևնույն ժամանակ նրան չէին տրամադրում որևէ կապի միջոց՝ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։

Դեկտեմբերի 12-ին Արթուր Սարգսյանի պաշտպանները դիմել էին Արդարադատության նախարարություն, ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն և բժշկական պատշաճ օգնություն տրամադրելու ուղղությամբ, սակայն որևէ գործուն արձագանք չեն ստացել։

Միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջնորդությունից հետո Սարգսյանին ազատել են բանտից: