հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Հիվանդ կալանավորը բուժօգնություն չի ստանում․ ՄԻԵԴ֊ին խնդրում են միջամտել

Հիվանդ կալանավորը բուժօգնություն չի ստանում․ ՄԻԵԴ֊ին խնդրում են միջամտել

Մի շարք հիվանդություններով տառապող կալանավոր Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես, ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում։ Բացի դա, նրանք խնդրում են գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքից զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները՝ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ Գյուրջյանը։

Սարգսյանը, ով 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նրանց հետ գտնվող բժիշկներին, ըստ մեղադրանքի, «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։

Փաստաբաններն ահազանգում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում բժշկական օգնություն ստանալու Սարգսյանի պահանջները շարունակաբար անտեսվել են, իսկ նրա արյունային փսխումներից հետո էլ՝ ՔԿՀ֊ի բժիշկը սահմանափակվել է ցավազրկող առաջարկելով և արյան ճնշումը չափելով։

Հաղորդագրությունը նշում է, որ անգամ երբ նրա մոտ ախտորոշել են ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում նրան չի տրամադրվել ո՛չ դեղորայք, ո՛չ բուժհսկողություն և օգնություն, և ոչ էլ հատուկ սննդակարգ՝ պատճառաբանելով, որ համապատասխան դեղորայք և հատուկ սնունդ չունեն՝ կալանավորին խորհուրդ տալով այդ հարցով դիմել իր ազգականներին՝ միաժամանակ նրան չտրամադրելով որևէ կապի միջոց՝ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։

«Միայն դեկտեմբերի 14-ին է Արթուր Սարգսյանի եղբայրը տեղեկացել նրա կարիքների մասին․․․Դեկտեմբերի 12-ին Արթուր Սարգսյանի պաշտպանները դիմել էին արդարադատության նախարարություն, ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն և բժշկական պատշաճ օգնություն տրամադրելու ուղղությամբ, սակայն մինչ օրս վերջիններից որևէ գործուն արձագանք չեն ստացել։ ՄԻԵԴ ներկայացված միջնորդությամբ Սարգսյանի ներկայացուցիչները դատարանի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ միայն Բեխտերևի հիվանդությունը հիմք է կալանավորման տեսքով խափանման միջոցը փոփոխելու համար, քանի որ այն անհամատեղելի է բանտային պայմանների հետ։ Այդ պատճառով էլ կառավարությունն իր N 825 որոշման 37-րդ կետով այս հիվանդությունը դասել է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին։ Մինչդեռ նախնական կալանքի այն ռեժիմը, որ կիրառվում է Հայաստանում, առավել խիստ սահմանափակումներ է նախատեսում կալանավորների համար, քան ազատազրկման ձևով պատիժը ըստ հայաստանյան օրենքների»,֊ ասված է հաղորդագրության մեջ։