Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28-ին մահացած Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 32-ամյա Արկադի Ղամբարյանի մահը հակառակորդի կողմից կրակոցի հետևանք չի եղել։ Այս մասին News.am֊ի հետ զրույցում ասել է մահացածի եղբայրը՝ Համլետ Ղամբարյանը։
«Ինչ եղել ա, եղել ա իրանց մեջ», ֊ ասել է նա։
Վերջինիս տեղեկություններով՝ եղբայրն առաջին անգամ էր բարձրանում դիրքեր․ «Բարձրացավ պոստ, հաջորդ օրը զանգեց, ասեց՝ ախպեր, լավ եմ: Ասեցի՝ պոստեր ա, զգույշ կլինես: Հաջորդ օրը զանգեցին, թե՝ ախպերդ չկա: Թե ով ա խփել, ոնց, դեռ պարզ չի»։
Հարազատներին ասել են, որ դեպքի պահին Ղամբարյանը քնած է եղել: Այդ ընթացքում նույն դիրքում գտնվող ծառայակից ընկերները զենքի հետ անփույթ են վարվել, ինչի հետևանքով զենքը կրակել է ու փամփշուտը, դիպչելով հողե հատակին, հետադարձ հարվածով կպել է քնած Ղամբարյանի գլխին:
Կայքը գրում է, որ Արկադի Ղամբարյանը ընտանիքի միակ կերակրողն էր։ Նրա խնամքին են գտնվում ծնողները, կինն ու երեք անչափահաս երեխաները (12, 6 և 4 տարեկան): Պայմանագրային ծառայության էր անցել օրեր առաջ՝ բազմանդամ ընտանիքի ծանր սոցիալական պայմաններից ելնելով։
«Զինծառայողի ընտանիքը բնակվում է Քարկոփի երկհարկանի տներից մեկի ներքնահարկում: Երեք սենյականոց բնակարանը գտնվում է չափազանց անբարեկարգ վիճակում, տանը գրեթե նոր գույք չկա: Վեցամյա դուստրը՝ Արևիկը, երկու տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում հաշմանդամ է դարձել. գնացքը հարվածել ու մի քանի մետր այն կողմ է շպրտել փոքրիկին: Հարազատները նրա կյանքը դժվարությամբ են կարողացել փրկել, առողջությունը լիովին վերականգնել, սակայն, չի հաջողվել: Դստեր վիճակը կայունացնելու համար զինծառայողն ստիպված է եղել նրան տարվա մեջ մի քանի անգամ հետազոտման ու բուժման կուրս անցնելու համար տանել Երևան: Առողջական խնդիրներ ունի նաև Արկադիի կինը», – գրում է կայքը:
Նշենք, որ դեպքի օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: