«Սասնա ծռեր»-ի գործով հունիսի 28-ի դատավարության ժամանակ դատարանի բակում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող քաղաքացի Փայլակ Թևանյանի գործով դատական նիստերը մեկնարկվել են, չնայած վերջինս և նրա պաշտպաններն այդպես էլ ծանուցում չեն ստացել։ Առաջին՝ սեպտեմբերի 8-ի դատական նիստի մասին Թևանյանը պատահաբար տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից և ներկայացել է նիսիտն։ Սակայն նրա երկու պաշտպանները՝ Մուշեղ Շուշանյանը և Ռոբերտ Ռևազյանն այդպես էլ ներկա չեն եղել։
Epress.am-ի հետ զրույցում Թևանյանը պատմել է, որ նիստի օրը մի խումբ քաղաքացիներով հավաքվել են դատարանի բակի մոտ՝ հերթով դատական նիստերի դահլիճ մտնելու համար։
«Մեկ էլ տեսնում ենք այդ պահին Գարուշին («Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի որդին-խմբ․)՝ բրթելով, հրելով բերում են։ Ուզում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում, մոտենում ենք արգելապատնեշին», – Թևանյանի խոսքով՝ այդ լարված վիճակը հանգստացնելու համար փորձել է կարգադրիչներին և Գարուշ Պետրոսյանին բաժանել իրարից։
«Կարգադրիչի ձեռքը, որ մեկնված էր ինձ, հետ տարա, ինքն էլ էդ փաստից եսիմ ինչ եղավ, հայհոյեց ինձ, ձեռքով խփեց կրծքավանդակիս։ Ընկերներս ինձ հետ քաշեցին՝ վիճակը հանգստացնելու համար», ֊ ասել է Թևանյանը։
Թևանյանը նշում է, որ այդ պահին միջադեպը շարունակություն չի ունեցել, սակայն հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր․ օրեսնգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ դատական կարգադրիչ Առաքել Արզումանյանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված վերջինիս կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Ըստ մեղադրանքի՝ Թևանյանը աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է Արզումանյանի դեմքին`վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:
Մեզ հետ զրույցում Թևանյանն ասել է, որ ինքը չի հարվածել Արզումանյանին և եզրակացրել, որ եթե այլ դատական գործ լիներ ու նման դեպք տեղի ունենար, հնարավոր էր, որ գործը չհասներ դատարան և փակվեր։
«Բայց քանի որ նա «Սասնա ծռերի» դատական նիստին է եկել․․․ «Ո՞նց, ո՞նց ես համարձակվել այդ նիստին գալ»», – Թևանյանը նշել է, որ նախաքննական նյութերում, երբ նկարագրում են դեպքի վայրը, նշված է՝ Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարան և նշվում է, որ դեպքը եղել է «Սասնա ծռերի» 14 անդամների դատավարության օրը։ Նրանց բոլորի մեղադրական եզրակացությունները կցված են Թևանյանի գործին։
«Այսինքն՝ Փայլակ Թևանյանը եկել է էս ինչ մարդկանց նիստին, ովքեր մեղադրվում են էս ինչ բանում», – ասել է Թևանյանը։
Վերջինս ընդգծել է, որ «որքան էլ տարօրինակ է, այդ օրը «Սասնա ծռերին» ուղեկցող գումարտակը ծեծի է ենթարկել խմբի անդամներին, բայց այդ գործով կասկածյալներ չկան, սակայն իմ գործն արդեն հասավ դատարան»։
«Այդ տեմպերից, այդ արագությունից ես կարող եմ եզրակացնել, որ դատական նիստերն էլ արագ տեմպերով կիրականանան», ֊ ասել է նա։