հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / ՌԴ պետական ծառայությունը հայաստանյան կայքից պահանջում է հոդված հեռացնել

ՌԴ պետական ծառայությունը հայաստանյան կայքից պահանջում է հոդված հեռացնել

Hetq.am հայաստանյան կայքը նամակ է ստացել Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությունից (Роскомнадзор), որով ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը դիմել է իրենց՝ խնդրելով աջակցել իր անձնական տվյալները ինտերնետային կայքից հեռացնելու հարցում: Այս մասին հայտնում է hetq.am֊ը։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին «Հետք»-ն անդրադարձել էր Չեխիայում Ռուբեն Թաթուլյանի (մականունը՝ Ռոբսոն) ձերբակալմանը՝ հղում կատարելով ռուսաստանյան լրատվամիջոցներին և այնտեղ հեռարձակված տեսանյութերին, որոնք այսօր էլ հասանելի են համացանցում։ Համաձայն հաղորդագրությունների, նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:

«Ռոսկոմնադզոր»-ը, հղում է կատարել «Անձնական տվյալների մասին» ՌԴ 2006թ. հուլիսի 27-ին ընդունած օրենքին, հայտնել է, որ ՌԴ-ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացու անձնական տվյալների մշակման ժամանակ նրա իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերին, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության պաշտպանությանը։

Համաձայն օրենքի 17-րդ հոդվածի՝ եթե անձնական տվյալների սուբյեկտ հանդիսացող անձը համարում է, որ օպերատորն իր անձնական տվյալների մշակումն իրականացնում է ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքի խախտումներով կամ այլ կերպ իր իրավունքներն ու ազատություններն է խախտում, նա իրավունք ունի բողոքարկել օպերատորի գործողությունները կամ անգործությունը համապատասխան իրավասու մարմնին՝ իր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով:

«Անհասկանալի է մնում, թե Ռուսաստանի Դաշնության պետական մարմինը ինչ հիմքով է հայաստանյան լրատվամիջոցից պահանջում նյութը հեռացնել։ Անհասկանալի է նաև, թե Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դիվանագետն ինչու է դիմել այլ երկրի պետական մարմնին։ Նա նման պահանջով կարող էր դիմել Հայաստանի արդարադատության նախարարությանը»,֊ գրում է hetq.am֊ը։

Նշենք, որ ավելի վաղը նյութ հեռացնելու պահանջ էր ստացել Ռուբեն Թաթուլյանի մասին հոդված հրապարակած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ArmRus.info լրատվական կայքը։