«Մի՛ բռնաբարեք մեր իրավուքնները», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» գրություններով շապիկներով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Սասնա ծռեր»-ի 14 անդամների պաշտպանները մտել են Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ։
Այսօր մոտ մեկ տասնյակ փաստբաններ սպիտակ շապիկների վրա գրված կոչերով մտել են դատարանի դահլիճ և միանգամից դուրս եկել՝ դատական նիստը հետաձգված լինելու պատճառով։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի մտել դատական նիստերի դահլիճ, սակայն հաղորդվել է, որ նիստը մեկ շաբաթով հետաձգվում է։
Լրագրողների հետ զրույցում խմբի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ Գաբրիելյանը գուցե արդեն տեղյակ է եղել իրենց ակցիայի մասին, դրա համար էլ չի եկել նիստերի դահլիճ։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ակցիայով իրենք ցանկանում են պատասխանատու մարմինների համար ընկալելի դարձնել իրենց վիճակը։
«Ի վերջո պետք է հասկանան, որ այն, ինչ անում են նրանք փաստաբանների նկատմամբ դատարանում, անելու բան չէ և հակաօրինակն է», – լրագրողնեի հետ զրույցում ասել է Վարոսյանը։
Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով փաստաբանները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, որ իրենց դատարան մուտք գործելիս խուզարկում են, ինչի իրավունքը չունեն։
Ինչո՞ւ ազատություն Արտուշ Գաբրիելյանին․ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կարծում է, որ հենց դատավորը պատանդ է դարձել «այս գործի ձեռքին»։
«Նա էլ պետք է ազատվի։ Նա որպես նախագահող դատավոր չկարողացավ լինել իր դիրքում։ Այս ամիսները ցույց տվեցին, որ նրա մոտ չի ստացվում», – ասել է Ինեսսա Պետրսյանը։
Ակցիայի մասնակից Արա Զաքարյանը նշել է, որ փաստաբանները կշարունակեն ակցիան անցկացնել այնքան ժամանակ, որքան չեն ապահովվի համապատասխան պայմաններ փաստաբանների աշխատանքի համար․ «Մեզ համար խնդիրներ են ստեղծվում և՛ դատարանում՝ մենք չենք կարողանում մեր համակարգիչներով գալ, և՛ ՔԿՀ-ներում»։