Home / Կանանց իրավունքներ / Ծանր աշխատանք, վաղ ամուսնություն. երբ կանանց թույլ չեն տալիս սովորել

Ծանր աշխատանք, վաղ ամուսնություն. երբ կանանց թույլ չեն տալիս սովորել

Ադրբեջանը դեռևս գաղտնի է պահում այն աղջիկների թիվը, որոնց արգելված է հաճախել դպրոց, սակայն որոշ փորձագետներ հաշվել են, որ ամեն տարի ուսումը կիսատ են թողնում ու դպրոցից դուրս գալիս 20 հազար աշակերտուհիներ։

Ադրբեջանական Մեյդան TV-ի նկարահանող խումբը խնդիրը նկարագրում է Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մաշթաղա գյուղի օրինակի վրա։ Այնտեղ աղջիկների ուսումը դպրոցում հաճախ ընդհատվում է 4-րդ կամ 5-րդ դասարանից։ 10-12 տարեկանների մեծ  մասը ոչ միայն դպրոց չի գնում, այլև ընդհանրապես տանից դուրս չի գալիս։ Գյուղի փողոցներում առանց գլխաշորի կանանց գրեթե հնարավոր չէ հանդիպել։

Տեղացի կանանցից մեկը բացատրել է հայրերի խիստ բնավորության պատճառը․ «Նրանք չեն ցանկանում, որ դստրերը տղաների հետ նույն սեղանին նստեն կամ ընդհանրապես շփվեն նրանց հետ։ Ավելի լավ կլիներ, եթե Ադրբեջանում աղջիկների ու տղաների համար առանձին դպրոցներ լինեին»։

15-ամյա Անժելիկան հայր չունի, իսկ մայրն իրեն ու իր չորս քույր-եղբայրներին ապահովելու համար ժամանակի հիմնական մասն աշխատանքի է տրամադրել։ Կինը չի հասցրել դստերն օգնել դասերի հարցում, իսկ վերջինս դպրոցից դուրս է եկել 5-րդ դասարանում ու սկսել զբաղվել տան գործերով։ «Գրել գիտեմ, բայց վատ․ կարդալը, սակայն, լավ է ստացվում։ Եթե ուսումս շարունակեի, հիմա 9-րդ դասարանում կլինեի», – ասում է աղջիկը։

Օրենքի համաձայն, Ադրբեջանում միջնակարգ ուսումը պարտադիր է։ Օրենքում ասված է, որ պետությունը երաշխավորվում է յուրաքանչյուր քաղաքացու համար կրթություն ստանալու պայմաններ ստեղծել՝ անկախ սեռից, ռասայից, լեզվից, հավատքից, քաղաքական համոզմունքներից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից, ծագումից կամ առողջական վիճակից։

Այնուամենայնիվ, այն մասին, որ աղջիկների ուսմանը խոչընդոտում են հենց նրանց ծնողները, խոսում են նույնիսկ պետական կառույցները։

Կրթության բացակայությունը, կարելի է ասել, հազարավոր կանանց դժբախտության հիմնական պատճառն է, վստահ է Մեհրիբան Զեյնալովան՝ «Մաքուր աշխարհ» կանանց աջակցման հասարակական միության նախագահը։ Նրա խոսքով՝ ամեն տարի իրենց դիմող 200-250 կանանցից առնվազն 70-ը կամ ընդհանրապես դպրոց չեն հաճախել, կամ՝ միայն տարրական դասարաններ։

Ռուխիյա Ալիևան այդ կանանցից մեկն է․ նա այժմ 23 տարեկան է, ապրում է ընտանեկան բռնության զոհերին տրամադրվող կացարանում։ Կինն ասում է, որ կյանքը բոլորովին այլ կլիներ, եթե ինքը գոնե տարրական կրթություն ստացար լիներ։ Գրել Ռուխիյան ընդհանրապես չգիտի, բայց կարդալն, ըստ նրա, այնքան էլ վատ չի ստացվում։

Ծնողներս ասացին․ «Ինչի՞դ է պետք դպրոցը, ավելի լավ է տանը նստիր»։

«Տանը նստելը» հասարական անապահով գյուղական ընտանիքում ենթադրում է ծանր աշխատանք տանն ու այգում, վաղ ամուսնություն, առողջությունը կործանող հղիություն ու ծննդաբերություն, ինչպես նաև՝ ուժասպառ անող աշխատանք մինչև ծերություն։

«Մաքուր աշխարհի» նախագահի խոսքով՝ աղջիկներին սովորել արգելելը երբեմն հիմնավորում են տնտեսական գործոնով՝ վստահ լինելով, որ որդին կրթության կարիք ավելի շատ ունի. «Ոմանց ավագ դուստրը պետք է որպես ավելի փոքր երեխաների մասին հոգ տանող դայակ։ Լինում է, որ ընտանիքը նման կերպ պահպանում է դստեր բարոյականություն, նրան պաշտպանում դասընկեր տղաներից եկող «վտանգից»»։

Արդյունքում, ըստ Զեյնալովայի, աղջիկները հաճախ նույնիսկ նախնական կրթությունից են զրկվում։ Իսլամի համաձայն, աղջիկներն ու տղաները պետք է սովորեն տարբեր դպրոցներում։ Իսկ Ադրբեջանում առանձին դպրոցներ չկան։

Այն ընտանիքների համար, որոնք դեմ չեն՝ դստրերն ուսում ստանան, դպրոցները կարող են անհասանելի լինել աշխարհագրորեն։ Ադրբեջանում գործում է շուրջ 300 հիմնական դպրոց, որտեղ կարելի է սովորել 1-ից մինչև 4-րդ դասարան։ Այս դպրոցները հիմնականում տեղակայված են լեռնային գյուերում, ու դրանք ավարտելուց հետո երեխաներն ստիպված են ուսումը շարունակել, օրինակ, հարևան գյուղերի դպրոցներում, ասում է կրթության ոլորտի փորձագետ Քյամրան Ասադովը. «Կան ծնողներ, որոնք չեն ցանկանում երեխաներին այդքան հեռու թողնել, ու, իհարկե, դա առաջին հերթին հենց աղջիկների ծնողներն են»։

Ասադովի խոսքով՝ երբեմն աշակերտների անունները գրանցվում են մատյանում, սակայն իրականում այս երեխաները դպրոց չեն հաճախում։

Փորձագետները համոզված են, որ խնդրի ամենաարդյունավետ լուծումը կարող է լինել խիստ պատիժը երեխաներին ուսում ստնալ արգելող ծնողների համար։ Զեյնալովայի կարծիքով՝ խնդիրը հաղթահարելուն կարող է նպաստել մոնիտորինգի հատուկ խմբերի ստեղծումը, քանի որ գործադիր իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ ծնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Tekali Taxi