Գլխավոր / Ոստիկանություն / Անհետացել են իրեղեն ապացույցները․ սպանվածի մայրը հանդիպում է պահանջում գլխավոր դատախազի հետ

Անհետացել են իրեղեն ապացույցները․ սպանվածի մայրը հանդիպում է պահանջում գլխավոր դատախազի հետ

25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն պետք է կազմվի, նոր մեղադրյալներ պետք է ներգրավվեն։ Այս պահանջը ներկայացնելու համար սպանվածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, երեկ հանդիպում է խնդրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Դավթյանը կնոջը չի ընդունել, փոխարենը՝ նրա հետ հանդիպել է Դատախազության աշխատակից Գևորգ Բաղդասարյանը։

Գործի մանրամասները՝ այստեղ

Ադանալյանի խոսքով՝ կան փաստեր, համաձայն որոնց որդին խմբակային սպանության զոհ է դարձել, սակայն նախաքննությամբ միայն մեկ անձի՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել։ Նա պնդում է՝ սպանությանը մասնակցել է նաև «Կոփչիկ» մականունով Հովհաննես Թոփչյանը, որը սպանությունից օրեր անց հեռացել է Հայաստանից։

«Կան փաստեր, որ կատարվել է խմբի կողմից․ չկան որդուս դիակի լուսանկարները, չկան փաստեր՝ որդուս ստացած հարվածները մե՞կ, թե մի քանի գործիքով են հասցվել, չկան այդ գործիքները՝ հանցագործության զենքը չկա, դեպքի վայրից անհետացել է արյունոտ սփռոցը, այդ ամենը չկա գործի նյութերում։ Դատաբժիշկը դատարանում ասաց՝ վրիպել եմ, չեմ կարող ասել հարվածների մասին։ Նա նաև չի չափել որդուս վերքերը, որոնք շատ կարևոր փաստեր են։ Չկան մարդասպանի հեռախոսային վերծանումները։ Հիմա դատախազից պահանջելու եմ՝ որտեղ են իրեղեն ապացույցները», ֊ ասել է Ռուզաննա Ադանալյանը։

Կնոջ խոսքով՝ որդուն սպանելու պատվերը տվել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կնոջ և երեխաների իրավունքների պաշտպանության պետ Լուսինե Գինոսյանը, ում հետ ինքն ուներ գումարային վեճ․ նախկինում տոկոսով գումար էր վերցրել՝ գրավադրելով ոսկեղեն։

«Իրավապահ մարմիններն են օժանդակել, իրենք գիտեն տեղի թափթփուկներին, ում միջոցով կարելի է մարդկանց վերացնել»,֊ ասել է Ադանալյանը։

Դատախազության աշխատակից Գևորգ Բաղդասարյանը խոստացել է ուսումնասիրել բերված ապացույցները և պատասխանել սպանվածի մորը։