Home / ԼԳԲՏ+ / Իրավապաշտպանին ահաբեկում էր Հայաստանում ԵՄ գրասենյակի ներկայիս խորհրդատուն

Իրավապաշտպանին ահաբեկում էր Հայաստանում ԵՄ գրասենյակի ներկայիս խորհրդատուն

Իրավապաշտպան Լարա Ահարոնյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ահաբերկում և վիրավորում էր ԵՄ-ի գրասենյակի խորհրդատուներից մեկը, որն ազգությամբ հայ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը։

«Տպավորություն կա, որ ատելություն սփռող ֆաշիստը և հոմոֆոբը ներմուծվել է Հայաստանում ԵՄ֊ի ներկայացչություն «փորձագետի» և խորհրդատուի ձևով։ Նա անգամ վճարվում է ԵՄ֊ի փողերից։ Ինչպե՞ս ես դա գիտեմ։ Նա անձամբ հարձակումներ էր գործում ինձ վրա սոցիալական մեդիայով (և ոչ միայն իմ)՝ տարածելով ատելություն, ասելով, որ ես քանդում եմ երկիրը, բերում եմ եվրոպական վատ արժեքներ, նույնասեռականություն եմ տարածում», – գրել է Ահարոնյանը։ Նա ընդգծում էր, որ այդ անձը նաև ասում է, որ իրեն պետք է վտարել Հայաստանից։

Epress.am-ի հետ զրույցում Ահարոնյանը նշել է, որ դեռևս անուն չի հրապարակի, քանի որ սպասում է այս հարցի հետ կապված ԵՄ ուղղված իր նամակի պատասխանին։

«Տարիներ շարունակ ինձ գրում էր ատելություն պարունակող խոսքեր, չնայած ինձ անձամբ չի ճանաչում։ Ինձ անձամբ նամակ չի գրել, սակայն տարբեր մեկնաբանություններում ինձ վիրավորել է։ Այդ բոլոր սքրինշոթերը ես ունեմ պահած․․․ Ես զգուշացրել եմ ԵՄ-ին, նախ սպասում եմ՝ տեսնեմ նրանք ինչ կանեն, հետո ավելի մանրամասն կխոսեմ․․․ Փաստորեն նա այդքան քննադատում է, բայց փող է ստանում ԵՄ-ից», – ասել է իրավապաշտպանը։