Ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարում է Կառավարության հետ բանակցությունների անարդյունավետ լինելու, հետևաբար՝ դրանք դադարեցնելու և անժամկետ հացադուլ վերսկսելու մասին։ Նախաձեռնության 2 անդամներ հացադուլը վերսկսել են Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքում՝ պահանջելով պահպանել ակադեմիական տարկետումը։
Ուսանողները հայտարարել են, որ Կառավարության առաջարկած լուծումը, այն է՝ «բացառիկ» և «հանճարեղ» ուսանողներին միայն տալ տարկետման հնարավորություն, չի բավարարում իրենց պահանջները։
«Մեկ ամիս տևած բանակցությունները չտվեցին ոչ մի արդյունք։ Նախկինում եթե նշվում էր, որ օրենքի 22-րդ հոդվածի 5֊րդ կետը, որը նախատեսում է Կառավարության որոշման տարկետման տրման հնարավորություն, կիրառելի է միայն այն ուղղությունների դեմքում, որոնք գերակա են ռազմաարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և [դա] կկիրառվի միայն այն ուսանողների դեպքում, ովքեր կդիտարկվեն հանճարեղ և բացառիկ։ Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը և Կրթության նախարարությունը չգիտեն՝ հանճարեղ ասելով՝ ում նկատի ունեն։ Այդ պատճառով մենք կարծում ենք՝ 5-րդ կետը պարունակելու է կոռուպցիոն ռիսկեր»,֊ իր ֆեսյբուքյան էջի միջոցով պարզաբանել է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Ուսանողը նշել է, որ իրենց կառուցողական առաջարկները, որոնք և՛ կոռուպցիոն ռիսկերից ձերբազատմանը, և՛ զինծառայության ու կրթության համատեղելիության ապահովմանն էին ուղղված, չեն ընդունվել Կառավարության կողմից։
Epress.am Լուրեր Հայաստանից