Home / Կանանց իրավունքներ / Սեքսիզմը խանգարեց ժողովրդական արտիստին պատասխանել կին քաղաքական գործչին

Սեքսիզմը խանգարեց ժողովրդական արտիստին պատասխանել կին քաղաքական գործչին

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը չպատասխանեց քաղաքական գործչին, քանի որ չի կարծում, թե տղամարդուն հարիր է կնոջ հետ անհիմն բանավեճի մեջ մտնելը։ Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։

Թոխատյանը մեկնաբանել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կողմից տարածած հաղորդագրությունը։ Ըստ Փոստանջյանի՝ դերասանը ցանկանում է տեր դառնալ Արաբկիր համայնքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատին։

– Իսկ քանի որ Ձեր հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, նրա ձևակերպմամբ, չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, հետևաբար, պալատը չպետք է առանց մրցույթի և երաշխիքների տրամադրվեր հիմնադրամին։ Այնուամենայնիվ, որոշվեց պալատը 10 տարով տալ հիմնադրամին։ Դուք Փոստանջյանի այդ և այլ որակումներին, որքանով տեղյակ եմ, հիմնավոր կերպով չպատասխանեցիք, ինչո՞ւ, – հարցրել է լրագրողը։

Նախ Թոխատյանն ասաց, որ վաղուց է հայտնել Կանազի մշակույթի տան հետ կապված իր ծրագրերի մասին։

– Իսկ Զարուհի Փոստանջյանին չպատասխանեցի, քանի որ չեմ կարծում, թե տղամարդուն հարիր է կնոջ հետ անհիմն բանավեճի մեջ մտնելը։ Այն, ինչ ասել էր Փոստանջյանը, ամբողջն աղավաղված էր։

– Ոմանք ասում են, որ քաղաքային իշխանությունները պարզապես նվիրեցին Ձեզ Կանազի մշակույթի տունը։

– Ոչ֊ոք ինձ որևէ բան չի նվիրել։ Մշակույթի տունն ինձ տրվել է տասը տարով անվարձահատույց՝ մեկ միլիոն ծրագրի դիմաց։ Եթե որևէ մեկը համարում է դա նվեր, թող վաղը գա, տա այդ մեկ միլիոնը, և ես հաճույքով կզիջեմ մշակույթի տունը նրան, – մասնավորապես, ասել է Թոխատյանը։

Tekali Taxi