Նախօրեին գիշերը Երևանում իր բնակարանում ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջ վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ասել է, որ տուժողը լսում է, բայց չի կարողանում խոսել։
«Ներկա պահին նրա առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Առայժմ հստակ տեղեկություններ չունենք՝ իրավիճակը դեպի լավն է գնում, թե դեպի վատը, բայց բժիշկներն այս պահին գնահատում են միջին ծանրության։ Ոչ մի ձև չի արձագանքում, աչքերն անգամ չի կարողանում բացել»,֊ ասել է Մարտիրոսյանը։
«Իրավունքի կողմ» ՀԿ֊ի իրավաբան Վահե Մանուկյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
«Քրեական գործը հարուցված է ՔՕ֊ի 112 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և գործն ուղարկել է Քննչական կոմիտե։ [Կասկածյալի] ձերբակալության մասին տեղեկություններ չունենք»,֊ ասել է Մանուկյանը։