Home / Մարզեր / «Ձեզ ո՞վ է ասել ժամանակից շուտ ցանեիք»․ Էջմիածնի գյուղերում ոռոգման խնդրի առաջ են կանգնել

«Ձեզ ո՞վ է ասել ժամանակից շուտ ցանեիք»․ Էջմիածնի գյուղերում ոռոգման խնդրի առաջ են կանգնել

Էջմիածնի հարակից գյուղերը (հայտնի է Թեղուտի շրջան անունով) ոռոգման ջրի հետ կապված լրջագույն խնդրի առջև են կանգնել։ Ոմանք վարձակալությամբ հողատարածքներ են վերցրել, ոմանք 10% տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր, սերմեր գնել, ցանք արել և կանգնել ոռոգման խնդրի առաջ։

Մոտ 300 հեկտար ցանկատարածություն, որի մեծ մասոմ սոխ է ցանվել, նաև՝ ցորեն, մնացել է առանց ոռոգման։

«Հիմա ոռոգման սեզոնը սկսել է, մենք սերմերը ցանել ենք, 3 օր առաջվա քամիները սաղ ծլած սերմերը չորացրել է։ Դիմում, ասում ենք ջուր տվեք, ասում են մենք ջուր չենք կարող տալ, քանի որ ապրիլի մեկից է ոռոգման սեզոնը սկսում։ Դա սուտ խոսակցություն է։ Հոսանքի լարերը կտրված, հոսանք չի գնում (հոսանքն անհրաժեշտ է, որպեսզի խորքային հորն աշխատի և գյուղացիները կարողանան ցանկատարածությունները ջրել֊խմբ)»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Արտիմետ գյուղի բնակիչ Գագիկ Միրզախանյանը։

«Վաղարշապատ Ջ․Օ․Ը․»֊ը [Ջրօգտագործողների ընկերություն] արձագանքել է գյուղացիների բողոքներին․ «Ձեզ ո՞վ է ասել ժամանակից շուտ ցանեիք», «Մեզ ասե՞լ եք, որ ցանեք»։

«Գյուղացիներն այնքան են եղել, որ գնան, գործից չհասկացող մարդկանցից թույլտվություն վերցնեն, որ հողը ցանեն, թե չցանեն։ Եղանակն է թելադրում, թե որ տարին, երբ բերք ցանենք»», ֊ ընդգծում է Միրզախանյանը։

Գյուղացիներին այլ ելք չի մնացել, քան սեփական ուժերով սարերից եկող ձնհալից գոյացած ջրով մի կերպ ցանկատարածությունների որոշ մասը ոռոգել։ Ընդ որում, «Վաղարշապատ Ջ․Օ․Ը․»֊ն գյուղացիների խոսքով՝ այդ ջրի համար նրանցից 1 հեկտարի համար 13 հազար դրամ է գանձում։

Մանրամասները՝ տեսանյութում.