հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Ջրի բացակայության պատճառով Էջմիածնի գյուղերում ցանկատարածություններ են չորանում

Ջրի բացակայության պատճառով Էջմիածնի գյուղերում ցանկատարածություններ են չորանում

Էջմիածնի հարակից գյուղերում, մասնավորապես՝ Թեղուտի շրջանում մոտ 70 հեկտար սոխի ցանկատարածության սեփականատերերը ոռոգման խնդրի առաջ են կանգնել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը, որը չի ցանկացել ներկայանալ։ Նրան պատկանող հողատարածքը գտնվում է հենց այդ շրջանում։

«Պատճառաբանում են՝ իբր այդ հատվածով հոսանքը չի կարող անցնել։ Ասում են՝ ջրի նասոսները միացնելու համար նոր հոսանքի գիծ պետք է կառուցեն։ Բայց մինչև դա այդ նույն հոսանքի գծերով արդեն 30 տարի է ջուր են տալիս։ Քանի անգամ դիմել ենք, պատմել, որ ցանքը ծիլ է տվել, հողերը չորանում են, 20 միլիոն դրամի վարկ ենք վերցրել, սերմ ենք առել, ցանք արել։ Բայց իրենց համար դա միևնույնն է»,֊ վրդովված ասել է գյուղացին։

Գյուղացիներից մյուսի խոսքով՝ «Վաղարշապատ Ջ․Օ․Ը․»֊ն [Ջրօգտագործողների ընկերություն] բացի հոսանքի լարի խնդրից, մեկ այլ պատճառ ևս նշել է։

«Մահանա են բռնում, թե ոռոգման սեզոնը չի սկսվել։ Մի քանի օր առաջ էլ եկել էին, գումար էին հավաքում։ Իրանք իրանց որոշել են, որ ձնհալի ջրերը պետք է 1 հեկտարը հաշվեն 13 հազար դրամով։ Բայց, եթե ոռոգման սեզոնը նրանց ասելով չի սկսվել, ինչի են 13 հազար դրամով ջուր հաշվում։ Ջրամբարներում ջուրը կա, էնքան շատ է, որ գնում թափվում է Թուրքիա, բայց ժողովրդին ջուր չեն տալիս, որ իրենց հողերը ջրեն»,֊ ասել է մեր զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ խնդրին լուծում տալու հարցով իրենք դիմել են թե’ Էջմիածնի քաղաքապետարան, թե’ էլցանցեր․ «Մեկը մյուսի վրա են գցում։ Հարյուրավոր մարդիկ կան, որոնք խնդրի առաջ են կանգնել։ Տարին մեկ անգամ նոր ղեկավար են դնում, արդեն երեք տարի է նույն պատմությունն է։ Բերում մեկին, նստացնում են ղեկավար, ոչ մի բանից տեղյակ չի, չի հասկանում, չի պատկերացնում, որ ջրի աննշան ուշացման պատճառով գյուղացին կարող է մեծ վնաս կրել»։