հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / «Սասնա ծռեր»-ը ներողություն խնդրեցին իրավապաշտպանին հասցված վիրավորանքի համար

«Սասնա ծռեր»-ը ներողություն խնդրեցին իրավապաշտպանին հասցված վիրավորանքի համար

«Ստեղծվել է մի իրավիճակ, որի պարագայում ճիշտն ու սխալը, մեղավորն ու արդարը պարզելու բոլոր փորձերը միայն խորացնելու են պրոբլեմը»: «Սասնա ծռեր»/խմբավորում ֆեյսբուքյան էջը հրապարակել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի արձագանքն իրենց աջակիցների ու Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Վարդինե Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Շաբաթներ առաջ Արայիկ Խանդոյանի խրթին ու վատ ձևակերպված մի խոսքը բոլոր իրավունքները բոլոր հնարավոր ձևերով ոտնահարող հակահայ և հակամարդ գաղութային վարչակազմի քարոզչամեքենայի հատուկ գործողության շնորհիվ դարձել է մի կաթիլ մեղրի պատմություն: Ստեղծվել է մի իրավիճակ, որի պարագայում ճիշտն ու սխալը, մեղավորն ու արդարը պարզելու բոլոր փորձերը միայն խորացնելու են պրոբլեմը:

Հայցում ենք իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանի և բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր համարում են, որ իրենց արժանապատվությանը վիրավորանք է հասցվել», – ասել է Ավետիսյանը։

Միևնույն ժամանակ, նա հորդորում է իրավունքի պաշտպանության ջատագով քաղաքացիներին զերծ մնալ միմյանց քարկոծելու և վիրավորելու մղումներից, քանի որ, ըստ Ավետիսյանի, նման կերպ վարվելով, «մենք սպանում ենք սիրո և համերաշխության ոգին, որ բոլորիս երազած ապագայի արարողն է և փոխարենը սնուցում ենք չարիքի արմատը, սնուցում ենք իրավունքը ոտնահարող ու մեզ ապագայից զրկող հակառակորդին»:

«Պարտավոր ենք հասկանալ, որ բազմաբնույթ ու բազմաշերտ պատերազմի մեջ ենք: Եվ որ հակառակորդը պատերազմի այս մի դրվագում կարողացավ օգտագործել մեր թերություններն ու թուլությունները և արդյունքի հասնել: Պատերազմի ժամանակ այդպես լինում է: Մարդիկ նաև նյարդայնանում են, անհարկի հայհոյում ու հարվածում: Պատերազմի լեզուն թե՛ վարդ և թե՛ փուշ ունի: Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց և շարունակենք պայքարն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ», – ասված է Ավետիսյանի հայտարարության մեջ, որը նա անում է «Սասնա ծռեր»-ի անունից։

Մի քանի շաբաթ առաջ ֆեյսբուքյան իր էջում Վարդինե Գրիգորյանը կիսվել էր 1in.am լրատվականի «Ընձի մի հատ կարգին աղջիկա պետք խցումս, ազիզ․․․»․ Արայիկ Խանդոյանը՝ դատավորին» վերատառությամբ հոլովակով, որտեղ վերջինս, անդրադառնալով հանրային պաշտպան պարտադրելու դատավոր Մեսրոպ Մակյանի դիրքորոշմանն, ասել էր․ «Ընձի մի հատ կարգին աղջիկա պետք խցումս, ազիզ, մի հատ տեղավորեք էլի․․․ մեզ պետք ա կարգին աշխատող աղջիկ, ամենաազիզները որն են, տվեք մեր խցում տղերքը յոլա գնան»։ Խանդոյանի այդ ասածը դահլիճում ներկաները ծափողջուններով էին ընդունել։

Գրիգորյանը տեսանյութի հետ կապված հետևյալ գրառումն էր արել․ «Մարդիկ կան հերոսություն են անում, մարդիկ էլ կան՝ հերոս են։ Էս մարդը հերոսություն ա արել, բայց ինքը հերոս չի։ Չեմ կարողանում ըմբռնել, թե ովքեր են ոգևորված ծափողջյունների հեղինակները»։ Այս գրառումը տարածել էին «Սասնա ծռեր» խմբի աջակիցները և սկսել վիրավորել իրավապաշտպանին։