«Սասնա ծռեր» խմբի աջակիցների կողմից Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Վարդինե Գրիգորյանին վիրավորելու առիթով կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով դեպքերի առնչությամբ։
Մի քանի շաբաթ առաջ ֆեյսբուքյան իր էջում Վարդինե Գրիգորյանը կիսվել էր 1in.am լրատվականի ««Ընձի մի հատ կարգին աղջիկա պետք խցումս, ազիզ․․․»․ Արայիկ Խանդոյանը՝ դատավորին» վերատառությամբ հոլովակով։
Տեսահոլովակում Խանդոյանը, անդրադառնալով հանրային պաշտպան պարտադրելու դատավոր Մեսրոպ Մակյանի դիրքորոշմանն, ասել էր․ «Ընձի մի հատ կարգին աղջիկա պետք խցումս, ազիզ, մի հատ տեղավորեք էլի․․․ մեզ պետք ա կարգին աշխատող աղջիկ, ամենաազիզները որն են, տվեք մեր խցում տղերքը յոլա գնան»։ Խանդոյանի այդ ասածը դահլիճում ներկաները ծափողջուններով էին ընդունել։
Գրիգորյանը տեսանյութի հետ կապված հետևյալ գրառումն էր արել․ «Մարդիկ կան հերոսություն են անում, մարդիկ էլ կան՝ հերոս են։ Էս մարդը հերոսություն ա արել, բայց ինքը հերոս չի։ Չեմ կարողանում ըմբռնել, թե ովքեր են ոգևորված ծափողջյունների հեղինակները»։
Այս գրառումը կիսվել էին «Սասնա ծռեր» խմբի աջակիցները և սկսել վիրավորել կնոջը։
«Մեր գործընկերը երկար տարիներ պայքարում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար, միջազգային կառույցներում ներկայացնում է Հայաստանի հանրային տրամադրություններն ու պահանջները, այդ թվում՝ պաշտպանում է քաղբանտարկյալների շահերը:
Այսօրինակ գործունեության համար նա և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս վարկաբեկվել են իշխանությունը չարաշահողների, կոռուպցիոներների, քաղաքական վերնախավի շահերը սպասարկելու նպատակով սպանություններ և բռնարարքներ իրականացնողների կողմից:
Մեզ համար վրդովեցուցիչ է, որ այս արատավոր ցանկին միանում են Հայաստանում ժողովրդի իշխանության հաստատման հռչակյալ ջատագովներ՝ ներկայիս ոչ ժողովրդավարական իշխանությունների նման փորձելով խոչընդոտել մարդու իրավունքների և ազատությունների իրացմանը: Այս պարագայում Վարդինե Գրիգորյանի՝ կարծիքի արտահայտման իրավունքի իրացումն ուղղված է եղել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ կանանց արժանապատվությունը նվաստացնող, նրանց նկատմամբ խտրական արտահայտությունները և դրանք ողջունելը քննադատելուն: Ցանկանում ենք ընդգծել, որ տղամարդուն վիրավորելու նպատակով նրան որպես իգական սեռի ներկայացուցիչ դիմելը խտրական, նվաստացուցիչ և անհարգալից վերաբերմունք է բոլոր կանանց նկատմամբ, որը դատապարտելի է անկախ նրանից, թե ում կողմից է հնչեցվել և ում է ուղղված:
Իրավապաշտպանության էությունն է հենց բարձրաձայնել նման խախտումների մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավատարիմ է կարծիքի արտահայտման իրավունքի սկզբունքներին, այդ թվում՝ ամենասուր գնահատականների ներկայացմամբ, միաժամանակ գտնում ենք, որ այն չպետք է վերածվի ատելության խոսքի: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց թիրախավորումը, նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը, ատելության խոսքը ոչ միայն խոցելի են դարձնում այդ անձանց, այլև նվազեցնում են մարդու իրավունքների պաշտպանության հնարավորություններն ու այդ իրավունքների նկատմամբ հարգանքը։ Վարդինե Գրիգորյանը և մեր կազմակերպությունը ստացել են աջակցության և քաջալերանքի բազմաթիվ խոսքեր:
Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ Վարդինեին վիրավորողներին ծաղրելուց, նրանց ֆիզիկական կամ մտավոր հատկանիշների մասին դատողություններ անելուց, գրագիտության և դաստիարակության մասին որակումներից: Մենք բազմիցս համոզվել ենք, որ Վարդինե Գրիգորյանն ի զորու է պաշտպանելու իր և մյուսների (հատուկ նշենք՝ նաև իրեն քննադատողների և պիտակավորողների) իրավունքները ավելի անախորժ հանգամանքներում, բայց ավելորդ չենք համարում նշել, որ անվերապահորեն զորակցում ենք նրան», – նշված է կազմակերպության հայտարարության մեջ։