Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստին այսօր ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն պահին ՀՀԿ֊ի շենքից 50 մետր հեռավորության վրա՝ ոստիկանության պատնեշի առջև, ակցիա էին անցկացնում «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Մերժիր Սերժին» շարժման ներկայացուցիչները, որոնք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ են պայքարում։
Ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ պողոտան՝ ստիպելով ավտոբուսներին և մեքենաներին շրջվել և այլ ճանապարհով գնալ։ Տարածքում կանգնած ոստիկանները և քաղաքացիական հագուստով ուժայինները ուշադրություն չէին դարձնում ակցիայի մասնակիցների վրա, չէին միջամտում նրանց գործողություններին։ Դեռևս ապրիլի 9-ից նրանք Սերժ Սարգսյանի դեմ ակցիաները «չնկատելու» մարտավարությունն են որդեգրել։ Այդ օրը երթի ժամանակ Սարգսյանի դեմ շարժման մասնակիցները նույնպես փողոց էին փակել, սակայն ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկել։ Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը հավաքված մոտ 100 մարդկանց ներկայացրեց գործողությունների ծրագիրը. վաղը՝ ավտոերթ Երևանում, ապրիլի 13-ին՝ համատեղ հանրահավաք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած #Իմքայլը շարժման հետ, նաև անակնկալներ խոստացավ։
Բողոքի ակցիայի մասնակիցները հետագայում շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա․ Ազգային ժողովի մոտ ոստիկանները պատ են կազմել՝ մարդկանց թույլ չտալով բարձրանալ դեպի Սերժ Սարգսյանի նստավայր՝ Բաղրամյան 26։ Որոշ ժամանակ մնալով փողոցում՝ ակցիայի մասնակիցները հեռացել են Բաղրամյանից, որից հետո ոստիկանները բացել են փողոցը։
Մանրամասները՝ տեսանյութում.