Home / Շուկա / Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ չեն փոխվի

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ չեն փոխվի

Հայաստանում իրադարձությունների զարգացման արագությունն ակնհայտորեն գերազանցեց բոլոր ակնկալիքները․ ստեղծված իրավիճակի շուրջ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում խոսել է տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոն։

֊ Ու այն, որ Կրեմլը չէր շտապում արձագանքել․․․ Գիտեք, քանի դեռ նրանք համաձայնեցնում էին իրենց արձագանքը, քանի դեռ մտածում էին՝ մեկնաբանել, թե ոչ, իրավիճակն արագորեն փոխվում էր։ Կարծում եմ, որ ներկայումս առավել ևս Վլադիմիր Պուտինը լռության դադար է վերցրել։ Նրան սպասվում է նոր կառավարության ձևավորում․ շախմատի տախտակի վրա բոլոր խաղաքարերը պետք է տեղաշարժել։ Կամ գոնե դրանց մի մասի տեղերը փոխել, մի մասը փոխարինել նոր խաղաքարերով։

Ու նրա համար Հայաստանի պես մանրուքը, մեծ հաշվով, այս պահին առաջնահերթություն հազիվ թե լինի։ Հայաստանը դաշնակիցների կարիք ունի՝ ելնելով այդ երկրի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքից՝ լինելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Ու Ռուսաստանը, փաստորեն, նրա միակ դաշնակիցն է։ Ու վստահ եմ, որ Հայաստանի ցանկացած կառավարություն Ռուսաստանի հետ կկառուցի ինչ֊որ․․․ Դե, դժվար թե կտրուկ ռուսաստանամետ դիրք ընդունեն, դուրս գան Եվրասիական միությունից, ասեն՝ «մենք այլևս չենք ուզում ընկերություն անել ձեզ հետ»։

Երկրորդը՝ «թավշյա հեղափոխության» մասին։ Կարծում եմ՝ հեղափոխության մասին խոսել դեռ վաղ է, քանի որ կուսակցությունը, որը ոչ պաշտոնապես գլխավորում է Սերժ Սարգսյանը, ունի մեծամասնություն խորհրդարանում։ Ու այն իրավունք ունի իր վարչապետը նշանակել իր մեծամասնությամբ։ Ներկայումս քննարկվում է՝ լինելու է արդյոք ժամանակավոր կառավարություն, լինելու են արդյոք արտահերթ ընտրություններ, և թե ինչ արդյունքներ կլինեն, դեռևս անհասկանալի է։

Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում իրադարձությունների գլխավոր արդյունքն այն էր, որ տեսանք, թե ինչպես է վարվում իր սխալն ընդունած քաղաքական գործիչը։ Իրականում, սահմանադրական փոփոխությունների գաղափարը առաջ քաշելուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, որ փոփոխությունները չէր նախաձեռնել այդ աթոռը զգաղեցնելու նպատակով։ Ու նրան պարզապես հիշեցրին իր խոստումը։ Այսինքն՝ պարզվեց, որ Հայաստանում քաղաքական գործչի խոսքին, պատիվ հասկացությանն ավելի լուրջ են վերաբերվում, քան Ռուսաստանում։ Բավական է Գուգլում փնտրել, թե ինչ էր ասում Վլադիմիր Պուտինը երրորդ նախագահական ժամկետի մասին 2003 թվին։ Նա հստակ ասում էր, որ երրորդ ժամկետի համար որևէ հանգամանքներում չի առաջադրվելու։

Հենց դրանում է վերաբերմունքի տարբերությունը․․․ Մեծ հաշվով, Հայաստանում տեղի ունեցածն արժանապատվության հեղափոխություն էր․․․ Բայց ես դեռ հիմքեր չունեմ կարծելու, որ այն կհանգեցնի Հայաստանում քաղաքական, սոցիալ֊տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունների։

Հնարավոր է՝ այնտեղ փոխվեն քաղաքական խաղորդները, գուցե, նույնիսկ նոր կառավարություն ձևավորվի, բայց դա հիմք չի տալիս կարծելու, որ Հայաստանի ուղղվածությունը փոխվել է։ Ու այս առումով, հեղափոխություն կլինել ուղղվածության փոփոխությունը։ Հեղափոխությունը ոչ միայն նախագահի կամ վարչապետի փոփոխությունն է, այլ երկրի ողջ քաղաքական ուղղվածության փոփոխությունը։ Ինչը Հայաստանում դեռ չեմ տեսնում, ու պատրաստ էլ չեմ կանխատեսել։

֊ Հայաստանում ի՞նչ տեղի ունեցավ, որ մարդկանց ստիպեց զանգվածայնորեն փողոց դուրս գալ։

Ալեկսաշենկո ֊ Մարդիկ ունեն պատվի ու արժանապատվության հասկացություն։ Պարզվեց, որ մարդիկ թքաց չունեն, երբ իրենց քաղաքական գործիչները ստում են։ Պարզվեց, որ Հայաստանի բնակչությունը քաղաքականապես ավելի ակտիվ է, քան՝ պասիվ։ Շատ ու լավ է խոսվել այն մասին, որ Սարգսյանը որևէ օրենք չէր խախտել։ Ամեն ինչ ըստ օրենքի էր արված։ Նախ՝ փոխեցին օրենքը, նախագահի լիազորությունները փոխանցեցին վարչապետին, այնուհետև ընտրություններ անցկացրին։ Սարգսյանի կուսակցությունը մեծամասնություն ստացավ, ձևավորեց խոշոր կոալիցիա, որը խորհրդարանում գրեթե 80 տոկոս է զբաղեցնում։ Ու այդ կոալիցիան նրան առաջադրեց վարչապետի պաշտոնին։ Ամեն ինչ օրենքի համաձայն։

Բայց հասարակության քաղաքականապես ակտիվը հատվածը նրան թույլ չտվեց դրժել իր խոստումը։ Ու նա հասկացավ, որ չունի բավարար ռեսուրսներ այդ ճնշմանը դիմանալու համար։ Պատրաստ եմ ենթադրել, որ այդ քայլին դիմելով, Սարգսյանն այս կամ այն դերով կմնա հայաստանյան քաղաքականությունում։ Այսինքն, նրան դուրս չեն անի․․․

֊ Ուղղակի ակամա համեմատություն․ ստացվում է որ հայ ժողովուրդն ունի պատվի ու արժանապատվության զգացում, ու քանի որ բոլորը պնդում են՝ Ռուսաստանը պետք է հետևություններ անի, այսինքն, ի՞նչ է՝ ռուս ժողովուրդը չունի՞ պատվի զգացում։ Ի՞նչ հետևություն պետք է անել։

Ալեկսաշենկո ֊ Ուրիշների սխալներից քչերն են հետևություններ անում, իսկ հաճախ նույնիսկ սեփական սխալներից էլ չեն անում։ Հետևաբար, ասել, որ Ռուսաստանը պետք է նայի Հայաստանի ու փոխի իր հայեցակետը, մանկամտություն է։ Այդպես չի լինում։ Այո, ես կարծում եմ, որ քաղաքական առումով Ռուսաստանի բնակիչների մեծ մասը պատվի ու արժանապատվության պատկերացում չունի։ Նրանք պատրաստ են համակերպվել, պատրաստ են լինել այն ստրուկների երկիրը, որի մասին գրում էր Լերմոնտովը։

Կոպիտ ասած՝ ռուսները պատրաստ են լինել ստրուկների երկիր։ Նրանց դա ինչ֊ինչ պատճառներով ձեռնտու է։ Ու մտածել, որ նրանք այժմ կիմանան Հայաստանի մասին ու կսկեն փոխել իրենց քաղաքական վարքը․․․ Իմ կարծիքով դա թյուր կանխատեսում է․․․

Tekali Taxi