20:30 Նիկոլ Փաշինյանի ելույթը ապրիլի 26-ի հանրահավաքին․
«Արդեն բավական երկար ժամանակ մենք պնդում ենք, որ Հայաստանում դե-ֆակտո տեղի է ունեցել իշխանափոխություն: Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն և այդ իշխանությունը` Դուք եք։ Այս արձանագրումը հաստատվեց հետևյալ փաստով՝ երեկ երեկոյան, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ստացանք, որ մայրաքաղաքում առանց պետհամարանիշների բազմաթիվ մեքենաներ, այսօր առավոտյան մենք որոշեցինք արագ լուծել այդ խնդիրը։
Մեր շարժման ակտիվիստների միջոցով ընդամենը կես ժամ հետո Երևան քաղաքում չկար ոչ մի առանց պետհամարանիշների կամ փակ համարանիշներով մեքենա։ Ես ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ և ավելի արագ չեմ լուծել այդ խնդիրը, բայց դա կապված է ընդամենը մեկ պատճառի հետ՝ երեկ ամբողջ օրը ես և իմ ընկերները մի հսկայական պարագծով երթ ենք իրականացրել և զբաղված ենք եղել այդ երթով և պարզապես սկզբից տեղյակ չենք եղել, ապա և ժամանակ չենք ունեցել գնահատել խնդրի մասշտաբները։ Բայց կարևոր է, որ խնդիրը լուծված է, և այդ պահից ի վեր Երևանում, Հայաստանում չպետք է լինի ոչ մի առանց պետհամարանիշների կամ փակ համարանիշներով մեքենա, ոչ մի լկտի վարորդ։ Եթե այդպիսին նկատվեն, հենց դուք (դիմում է հավաքվածներին), հենց մենք տեղում այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետև դուք իշխանություն եք Հայաստանում, Կարեն Կարապետյանը չի կարող այդ խնդիրը լուծել, Դուք կարող եք այդ խնդիրը լուծել։
Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, որը շատ պատասխանատու կարգավիճակ է։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը։ Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր, խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում մասնատված, կոռումպացված և հակաժողովրդական համակարգը վերացնելը։
Հիմա կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող։ Մենք այսօր հստակ քննարկել ենք և մեր թիմով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, «Իմ քայլը» և «մերժիր Սերժին» նախաձեռնությունները, ուսանողական շարժման ներկայացուցիչներ, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, գործարքների, առևտրի ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող։
Ես ուզում եմ, որ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության։
Չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը, որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի հետևում։ Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ Հայաստանի Հանապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի։
Մենք ակնկալում ենք, որ բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն, առանց նախապայմանների։
ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 1-ին՝ հետևաբար մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում ենք մեր ուժերը, քանի որ մեր քայլի, մեր արշավի հաջորդ փուլը մայիսի 1-ն է, և այդ օրը Հայաստանի ժողովուրդը պետք է ցույց տա իր հզորությունն ամբողջ թափով (վանկարկում են՝ հաղթանա՛կ, հաղթանա՛կ, հաղթանա՛կ)։
Ուզում եմ հստակեցնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ես կստանձնեմ այնպիսի պայմաններում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա ՀՀ վարչապետ, ուրիշ տարբերակ չկա (վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»)»։
Նա հիշեցրել է, որ բանակցությունների նախորդ փուլը ձախողվել է, երբ ինքը և Կարեն Կարապետյանը պետք է հանդիպեին։ Այդ ժամանակ որոշ հանրապետականներ ասել էին, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց։
«Դրանից հետո նրանք կուսակցական ժողով են արել և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ եկել են ընդհանուր հայատարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիզորեն, որ բանակցի։
Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն և, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում։ Ես վաղը՝ 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց սկսել բանակցային գործընթացի երկրորդ փուլը։
Բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման․ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկում։ Մենք հանրապետականների հետ փակ դռների հետևում չենք բանակցելու, մենք բանակցելու ենք ժողովրդի առաջ, քանի որ մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, ժողովուրդը մեր շեֆն է և մենք պետք է մեր ղեկավարին հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար», ֊ ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ վաղվա հանրահավաքը կանցկացվի ոչ թե Երևանում, այլ Գյումրիում՝ 18։00-ին։
«Երևանում բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որ մեր ակտիվիստները հանգստանան և ուժերը վերականգնեն։
Բայց եթե կան մարդիկ, որ ինձ նման ուժերը վերականգնելու խնդիր չունեն, վաղը կարող են Աշտարակի խճուղում հավաքվեն և ավտոերթով գնանք Գյումրի։ Հուսով եմ՝ գյումրեցի մեր ընկերները մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի մոտ և բոլոր այն բնակավայրերը, որ գտնվում են ճանապարհի եզրին և մեզ տեսնելու ցանկություն կունեն, մենք կողջունենք նրանց։ Երևան-Գյումրի, շարժվում ենք 15։00-ին։
Իսկ հանրապետության մյուս տեղերում մեր գործողությունները չենք իրականացնում, այլ հանգստանում ենք, ուժեր հավաքում, քանի որ արդեն ապրիլի 29-30-ին մեր բոլոր գործողությունները Երևանում սկսելու են աննախադեպ թափով և ծավալներով։
Մյուս օրը մենք հանրահավաք կանենք Վանաձոր քաղաքում՝ 15։00-ին»։
20:00 Ապրիլի 26-ի հանրահավաքին ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը․
«Երեկ և այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր։ Պողոսը հանդիպում է Պետրոսին, Պետրոսը Մարտիրոսին, իրար մեջ ինչ-որ պաշտոններ են պայմանավորվում, հետո բոլորը միասին ուզում են հանդիպել մեզ և մեզանից են ինչ-որ պաշտոններ ուզում։ Մի՞թե հասկանալի չէ էդ մարդկանց, թե մենք ինչ եք անում, մեր ուզածը ինչ է, ժողովրդի ուզածը ինչ է, ինչ է պահանջում ժողովուրդը։
Մեզ հետ պետք չի սակարկել, մենք՝ այստեղ կանգնածներս, հստակ հասկանում ենք՝ մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, պաշտոններ բաժանել, մարդկանց մարդկանցով փոխել, մենք ուզում ենք փոխել համակարգը։ Մենք ուզում ենք փոխել ձեզ հետ միասին խաղի կանոնները, հասրակական հարաբերությունները, արժեքները։
Մի գրամ չկասկածեք մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանքն ժողովրդի գլխին։ Մենք ձեր գործիքն ու ծառան ենք, մենք մնալու ենք այդպիսին»։
Նա կոչ է արել ԱԺ֊ում Նիկոլ Փաշինյանի օգտին քվարկել և նշել, որ որևէ այլ արդյուք ժողովուրդը չի ընդունի և ոչ լեգիտիմ կհամարի։
18:30 «Իմ քայլը» և «մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում քաղաքացիներին խստորեն հետևել ներքոգրյալ կանոններին․
– պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք,
– մաքուր պահել տարածքը,
– Բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները,
– ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները,
Անհնազանդության ակցիաների և դրանց ժամերի մասին կհայտարարվի նախապես։
Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից։
Հիշեցնում ենք, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, ուստի կոչ ենք անում ոստիկանությանը պատշաճ կերպով կատարել աշխատանքը։
Կանանց երթը․
18։00 Մի խումբ կանայք այսօր երթով Կոմիտասից իջնել են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք իրենց ձեռքին պահել են պաստառներ՝ «ՀՀԿ-ի պապային քշել ենք, իշխանությունը մերն ա», «Պայքարը ես եմ», «ՀՀԿ-ի վերջը եկել է», «Կին-կյանք֊ազատություն»։
17:35 Քիչ առաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների և ուսանողական շարժման ներկայացուցիչների համատեղ նիստը, որի մասին լրագրողներին տեղեկատվություն է հաղորդել Նիկոլ Փաշինյանը։
«Նիստում մենք քննարկում էինք բոլորին հուզող մի հարց, թե ինչպես, ինչ քայլերով պետք է շարունակվի մեր հայտարարած թավշյա հեղափոխությունը, ինչպիսի տակտիկա ունի։ Հիմնական իմաստն այն է, որ հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի և այն իր հետ պետք է բերի իրական և ոչ թե կեղծ փոփոխություններ։ Սա ամենակարևոր արձանագրությունն էր, և ժամը 19։00֊ին Երևանի Հանարպետության հրապարակում կխոսվի այդ մասին։ Ես ակնկալում եմ Ձեր շատ ակտիվ մասնակցությունն այսօրվա հանրահավաքին, քանի որ այսօր չափազանց կարևոր ստրատեգիական բնույթի ասելիք է հնչելու, և այդ մեր գործողությունների երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու․ թե ինչպես պետք է մենք շարժվենք առաջ, որպեսզի մեր այս հեղափոխությունը հասցնենք մեր տրամաբանական և բոլորիս համար ցանկալի ավարտի»։
14։13 Ջերմուկի ձախափի մոտ 100 բնակիչներ ոտքով և մեքենաներով երթ են իրականացնում։ Ձախափի և Կեչուտի դպրոցականները դասադուլ են հայտարարել։ 18։00-ի հանրահավաք է լինելու։
13։55 Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Նրանք ՀՅԴ֊ից էին։ Հրաժարական են ներկայացրել նաև ՀՅԴ֊ական մարզպետներ՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՅԴ֊ն հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։
13։40 Վանաձորի տարբեր ուսումնական հաստատություններում շարունակվում են դասադուլները։ Ուսանողներն ու աշակերտները բողոքի երթ են անցկացնում Վանաձորի փողոցներում և կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: Այս պահին հարյուրից ավել մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակում և փոքր խմբերով քննարկումներ են անում։ Երեկոյան 19։00-ին Հայքի հրապարակում հանրահավաք է նախատեսված։
13։25 Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների բնակիչները երթով շարժվում են դեպի Բագրատաշենի անցակետ։ Այս պահին նրանք Հաղթանակ գյուղի մոտ փակել են Հայաստան֊Վրաստան միջպետական ճանապարհը։
Լուսանկարը՝ Կողբի բնակիչ Արթուր Աղաբաբյանի
13։15 Երևանի ավագանու «Ելք» խմբագցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում երևում է, թե ինչպես ոստիկանը վարում է առանց պետհամարանիշների մեքենա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել դադարեցնել առանց պետհամարանիշների կամ փակ պետհամարանիշներով մեքենաներ վարել։
https://www.facebook.com/serge.ghahramanyan/videos/1802958986429640/
13։00 Հայաստանի ողջ տարածքում շարունակվում են դասադուլները։
12։55 Հայաստանի տարբեր մարզերում շարունակում են ճանապարհներ փակել։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի հատվածում տասնյակ մեքենաներ փակել են Երևան-Մեղրի մայրուղին։ Ցույցին մասնացկում են ոչ միայն Արենիի, այլ նաև հարևան Չիվա, Ելփին և Ռինդ բնակավայրերի քաղաքացիները։
12։10 ԱԺ պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարել փակել փողոցները։
«Մտահոգիչ տեղեկություններ ստացա այն մասին, որ Երևանում կան շատ մեքենաներ, որոնց պետհամարանիշները փակված են, դրանք չեն պահապանում երթևեկության պայմանները։
Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երևանում փողոցների փակումը, որ կարողանանք զբաղվել մայրաքաղաքում երթևեկության կարգուկանոնի կարգավորմամբ։ Չի կարելի թույլ տալ, որ ինչ֊որ մարդիկ առիթից օգտվեն և այս ամենը վերածեն անվերահսկելի գործընթացի։ Ես հիմա Արշակունյացում եմ, արդեն փողոց է փակվել, փորձեմ իրավիճակը շտկել», ֊ ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ փակ համարանիշներով երթևեկելով՝ մարդիկ վարկաբեկում են իրենց շարժումը։ Նա կոչ է արել քաղաքացիներին այսօր ակցիա իրականացնել՝ գտնելով առանց պետհամարանիշների կամ փակ պետհամարանիշներով մեքենաներին և թույլ չտալ վարորդներին այդկերպ երթևեկել։
Փաշինյանն այսօր իր երթը սկսելու է Կոմիտասի պողոտայի վերջնամասից։
ԵՐԵԿՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ ԱՅՍՏԵՂ