Home / Կրթություն / Ռեկտորի կաշառակերության մասին գրելու համար գյումրեցուն սպառնացել են փտեցնել բանտում

Ռեկտորի կաշառակերության մասին գրելու համար գյումրեցուն սպառնացել են փտեցնել բանտում

Մայիսի 10-ին Գյումրիի բնակիչ Գևորգ Գևորգյանին սպառնացել են «փտեցնել Նուբարաշենում», եթե նա չջնջի Ֆեյսբուքից ու չհերքի Կոնսերվատորիայի տեղի մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանի կաշառակերությունների մասին իր գրառումները։ Սպառնացողը Ռաֆայել անունով մեկն է, ով ներկայացել է որպես «քննիչ»։ Ըստ Գևորգի, նա սկզբում փորձել է համոզել, կաշառք առաջարկել, ապա սպառնացել է։

Գևորգը Կոնսերվատորիայի մասնաճյուղի ղեկավարի հետ շփվել էր 11 տարի առաջ, երբ հրաժարվել էր կաշառք տալ երաժտական բուհ ընդունվելու համար։

«Երաժիշտների ընտանիքում եմ ծնվել․ էն որ տատ, պապից մինչև մորքուրի աղջիկ երաժիշտ են։ Ավանդույթի ուժով ինձ էլ էին էդ բախտին արժանացնելու: Երաժշտական դպրոց, հետո ուսումնարան, հետո կոնսերվատորիա:

Կոնսի դաշնամուրի բաժնի վարձավճարը 2007-ին 350.000 դրամ էր կազմում, էդ իմ համար նշանակում էր, որ կա՛մ անվճար պետք է ընդունվեմ, կա՛մ չպետք է ընդունվեմ: Ինտենսիվ պարապում էի անվճարի համար` 24-ժամանոց օրվա 18-19 ժամը: Ու վստահ ասեմ, որ ընդունելության խմբում լավագույնն էի: Ընդունելության հայտում դիմում լրացնողը պետք է նշեր կա՛մ «անվճար», կա՛մ «անվճար կամ վճարովի»: Եթե «միայն անվճար» նշողը չհավաքեր համապատասխան բալեր, չէր ընդունվի նաև վճարովի: Ես այդպես էլ արել էի: Գիշերը ժամը հազարին զանգեց Ավդալյան Կարինեն, կանչեց իր մոտ, մամայի հետ գնացինք:

– Տղա ջան, էս ինչ ես գրել, մենակ «անվճարն» ես նշել, լավ է տեսա, թե չէ կտրվելու էիր:
– Այսի՞նքն կտրվելու էի։ Չէ՞ որ քննությունները դեռ չեն սկսվել ու ավարտվել։ Ինքը՝ բա անվճար ընդունվելու են էսինչիկն ու էնինչիկը, որովհետև իրանք են փողը տվել: Պարզվեց ինքը իմ տեղն արդեն ծախել էր:

Դրանից հետո բեսամտ էի լոմկվել, դեպրեսվել, չէի էլ ուզում քննությունը տայի: Բայց գնացի, առաջինը նվագելն էր: Ամենաբարձր բալերն իմն էին: Էսինչիկների ծնողները խառնվել էին իրար: Կաֆեում սպասում էինք կաշառակերին: Էկավ: Ծնողները՝ թե բա էս ինչ հաշիվ է, մեր էրեխեքը ցածր են ստացել: Ավդալյանը բացատրեց, որ նվագելը չեն կարող կեղծեն, դրա համար է տենց, ու որ դեմը 2 քննություն էլ կա: Արդյունքում ես կես բալով ընկա վճարովի: Հետո կանչեց մոտը, թե բա դու քոնն արիր, լավ պարապար ընդունվար, մենք մերն արինք, քեզ ընդունեցինք, հիմա տնեցոնց հերթն է փող ճարելու։ Ես էլ չգնացի։Մի տարի անց վերականգնել էր ինձ որպես ուսանող, երևի խիղճը ճնշել էր՝ չեմ բացառում: Բայց ամեն դեպքում ես էդ գումարը չունեի, չկարողացա սովորել, գնացի բանակ», – Epress.am-ը նամակագրությունում գրել է Գևորգը, ով պատմել է նաև, որ տնօրենն էլ է զանգահարել իրեն և առաջարկել հանդիպել։

Ռաֆայելը, ով, ըստ Գևորգի սպառնացել է իրեն, Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ հանդիպել է Կարինե Ավդալյանի կաշառակերության մասին ահազանգողի հետ։ Նա պնդում է, որ հանդիպել է Գևորգին «որպես Գյումրու բնակիչ, որպես իմ քաղաքի բարօրությամբ հետաքրքրվող անձ, որպես մարդ, որը տեսնում է, թե ո՞վ է մտածում քաղաքի լավ լինելու մասին, ով՝ ոչ, տեսա, թե վերոնշյալն ինչ ահավոր բառերով է գրառումներ կատարում ԵՊԿ ԳՄ տնօրենի մասին, ցանկություն ունեցա հանդիպել Գևորգին և խոսել հետը տեղադրված նյութի առնչությամբ»:

Գևորգի ընկերները պարզել են, որ Ռաֆայելն ու նրա հայրը «սերտ կապեր» ունեն ռեկտորի հետ։ Ինքը Ռաֆայելը նշում է, որ չի ճանաչում տիկին Ավդալյանին որպես ղեկավար։ «․․․Բայց նրան ճանաչում եմ որպես լավ մարդ, լավ մայր, լավ ու քաղաքիս բարօրության մասին մտածող քաղաքացի», -մասնավորապես գրում է նա։

Որպես «քաղաքին ծառայելու» օրինակ Ռաֆայելը հիշատակում է Ավդալյանի կողմից կազմակերպած «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որը տարիներ շարունակ իրականացվում էր Հայաստանի ղեկավարի տիկնոջ Ռիտա Սարգսյանի և եղբոր Լևոն Սարգսյանի տնօրինած «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։

Ռաֆայելի այն պնդմանը, թե կաշառակերության մասին ահազանգի նպատակն է կոնսերվատորիաում անվճար սովորելու իրավունք ստանալն է, Գևորգը պատասխանել է, թե չի պատրսատվում ընդունվել այդ բուհը։ Նա արդեն սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, 4 տարի է ինչ աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, ունի ավագ սերժանտի կոչումը, չի պատրաստվում սովորել կոնսերվատորիայում։

Tekali Taxi