Գլխավոր / Կրթություն / Բաղրամյանի բնակիչները ստիպեցին հրաժարական տալ գյուղի դպրոցի կոռումպացված տնօրենին

Բաղրամյանի բնակիչները ստիպեցին հրաժարական տալ գյուղի դպրոցի կոռումպացված տնօրենին

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանը հեռացվել է պաշտոնից։ Ըստ Armtimes.com-ում հրապարակված տեսանյութի հերոսների՝ կոռումպացված տնօրենը ֆեյսբուքյան կեղծ էջով սպառնացել է, թե կհրապարակի ծնողներից մեկի դստեր մերկ լուսանկարները:

Կայքում հրապարակված տեսանյութում անչափահասի մայրը պատմում է՝ իր ֆեյսբուքյան էջում համագյուղացիներին կոչ է արել համախմբվել դպրոցի տնօրենի դեմ։

«Ընդամենը 2-3 ժամ հետո անբարո սմս-ներ են գալիս իմ անձին ուղղված, իմ անչափահաս երեխային ուղղված․ «նկարներ եմ հրապարակելու․․․»։ Ու սմս-ի սկզբում գրված ա՝աղջի Լուսինե, ինչի՞ ես ուզում վատություն արած լինես», — պատմում է մայրը։

Նշելով, որ 100-տոկոսանոց ապացույցներ չունի, Լուսինեն համոզմունք է հայտնել, որ անհայտ անձն ուղղորդվում էր դպրոցի ղեկավարության կողմից։ Աղջկա «բաց լուսանկարները» հրապարակելու վերաբերյալ սպառնալիքների հեղինակը սև ցուցակ է գցել կնոջն այն բանից հետո, երբ վերջինս հարցրել է՝ արդյո՞ք նա դպրոցի տնօրենի ցուցումով է գործում։

«Ամեն զիբիլի համար փող ա հավաքում ինքը։ Ես էլ պահ ա լինում ի վիճակի եմ [վճարել], պահ ա լինում՝ ի վիճակի չեմ։ Խի՞ պիտի իմ էրեխեն գնա, սրանից-նրանից պարտք անի․․․ Բոլորն էլ նույն վիճակում են», — ասել է Լուսինեն։ Նրա բողոքներին միացել է մեկ այլ աշակերտի մայրը, որի խոսքով՝ ծնողներից նույնիսկ պահանջվում էր մաքրել դպրոցը․ «Եթե չեն կարող գալ, պետք է գումար տան, որ ինչ-որ մեկը գա, մաքրի»։

Այլ պահանջների թվում ծնողները նշում են․ «Մենք ցանկանում ենք ռուսերենի մասնագետ ունենանք, ունենանք երգի ուսուցիչ, նկարչության ուսուցիչ․․․ Թե չէ հոգեբանը ռուսերեն ա դասավանդում, ֆիզիկայի դասատուն՝ մաթեմատիկա»։

Այսօր գյուղապետը տեղեկացրել է դպրոցի բակում բողոքողներին, որ տնօրենը գնացել է մարզպետարան՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու։