հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / «Գլենդել հիլզի» կողմից խաբված բնակիչները նոր Կառավարությունից խնդրում են իրենց հարցին ընթացք տալ

«Գլենդել հիլզի» կողմից խաբված բնակիչները նոր Կառավարությունից խնդրում են իրենց հարցին ընթացք տալ

«Գլենդել հիլզ» ընկերության կողմից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերերն այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով իրենց խնդրին ընթացք տալ։

Նրանք հույս ունեն, որ Կառավարության նոր աշխատակազմը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց խնդրով կհետաքրքրվեն և լուծում կտան՝ ի օգուտ բնակիչների։ Կառավարության նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին նրանք նամակ են փոխանցել, որում ներկայացրել էին իրենց մտահոգող խնդիրները։

Ակցիայի մասնակիցները տարբեր շենքերում, այդ թվում՝ Տիգրան Մեծ պողոտայի, Եկմալյան փողոցի և Երևանի գինու կոմբինատի հարևանությամբ կառուցվողներում բնակարաններ են գնել, սակայն մինչ օրս չեն ստացել 2008 թվականին ձեռք բերված անշարժ գույքը։ Ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, բնակիչներն ընկերությանը որոշ չափի գումար են փոխանցել, սակայն 2015 թվականի սեպտեմբերին «Գլենդել հիլզը»սնանկ է ճանաչվել և գնորդներին վճարված գումարները չեն վերադարձվել։

«Կառավարության նամակում ներկայացված մեր պահանջը հետևյալն է․ եթե հնարավոր է՝ մեր վճարված գումարները հետ վերադարձնել, եթե՝ ոչ, գոնե ինչքան որ կառուցված է այդ շենքում բնակարաններ՝ վերադարձնեն։ Կոնկրետ իմ դեպքում ես 100 հազար դոլար արդեն վճարել եմ, այնտեղ քիչ է մնում ինձ»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մի կին։

«Բնակարանը մենք պետք է ստանայինք 2011–12-ին՝ ներքին հարդարմամբ, բայց այսօրվա դրությամբ ինչ֊որ «Փրոջեքթս» կազմակերպությունն առաջարկել է այս ամբողջ մասսային նոր պայմանագիր կնքել, որտեղ նշված է, թե 2017֊18֊ին բնակարան կտան։ Բայց գիտենք, որ խաբում են»,֊ Epress.am֊ին ասել է տուժողներից Սուսաննա Խաչատրյանը։