հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Հեղափոխությունը պետք է մտնի համալսարան․ Ուսանողները որոշել են ԵՊՀ-ում գիշերել (թարմացված)

Հեղափոխությունը պետք է մտնի համալսարան․ Ուսանողները որոշել են ԵՊՀ-ում գիշերել (թարմացված)

21:00  «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր դասադուլ սկսած ուսանողները պատրաստվում են գիշերել ԵՊՀ-ում։

«Կգիշերենք համալսարանում, քնելու լիքը տեղ կա, քննարկելու առավել ևս: Հ.Գ. Համեցեք»,- գրել է Պետրոսյանը:

ԵՊՀ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ևս հրապարակում է արել այսօր բուհում կատարվածի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Երևանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետևանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի և վտանգավոր։

Լինելով միջազգային բուհական համայնքի անդամ, պատշաճ կատարելով ստանձնած պարտավորությունները և համարելով, որ կոպտորեն խախտվում է բուհական ինքնավարության սկզբունքը, ակնկալում ենք Ձեր արագ և գործուն աջակցությունը՝ Երևանի պետական համալսարանը քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար»։

15:00 Երևանի պետական համալսարանում ամենաթողության մթնոլորտից ազատվելու նպատակով մայիսի 29-ին մի շարք ուսանողներ «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության շրջանակներում հավաքվել էին բուհի բակում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հաստատության հոգաբարձուների խորհրդի լուծարումը, ֆինանսական աուդիտի անցկացումն ու ուսանողական խորհրդի և արհիմիության գործունեության կասեցումը:

Չնայած Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մայիսի 28֊ին լրագրողների հետ զրուցում նշել էր, որ ԵՊՀ-ն առաջիններից է ենթարկվելու ստուգումների, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյնանը Epress.am-ի հետ զրույցում ասել է․ «Մենք ուսանողներով եղել ենք անկախ, սպոնտան, շարունակելու ենք այդպես մնալ, ուրախ ենք այն գործընթացների համար, որոնք նպաստելու են համալսարանում մթնոլորտի կայացմանը ու վստահ ենք, որ Դավիթ Սանասարյանը, այն պաշտոնը, որ զբաղեցնում է շատ դրական է լինելու ամբողջ հայ ժողովրդի, այդ թվում՝ ԵՊՀ-ի համար»։

Պետրոսյանի խոսքով՝ նրանք Արամ Սիմոնյանին կարող են երկրորդ շանս տալ միայն այն դեպքում, եթե ռեկտորը միանա իրենց նախաձեռնությանը, իսկ հրաժարականի դեպքում, ուսանողներն այս պաշտոնում կոնկրետ թեկնածու դեռ չունեն։

Դասադուլ հայտարարած ուսանողների կողքին կանգնած էր ԵՊՀ-ի նախկին ուսանող Արմեն Խաչատրյանը՝ «Դեմ եմ անհիմն ռեստարտին» պաստառով։ Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ դեմ է ոչ հիմնավոր փաստերով պահանջներ ներկայացնող նախաձեռնողների գործողություններին, փոխարենը հավատում է ստուգումների ճանապարհով բացահայտումներին։

«Ես հիմա գնում եմ նրանց հետ, որ տեսնեն, որ իմ նման մեկն էլ կա։ Պետք է ստուգումներ անել։ Ես շատ բաների կարող եմ հավատալ, և կարող եմ սխալվել, ես մարդ եմ», – ասել է Խաչատրյանը։

Ուսանողների բողոքին միացել էին նաև Վանաձորի տարբեր բուհերի աշխատակիցներ, որոնք կոչ էիրն անում մյուս դասախոսներին անտեսել վախի մթնոլորտը և միանալ ռեստարտին։

Ուսանողները նախ բողոքի երթ անցկացրին ԵՊՀ-ի տարբեր մասնաճյուղերով, միանալու կոչեր արել իրենց ուսանող ընկերներին, այնուհետև վերադարձան Կենտրոնական մասնաշենք, որտեղ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։

Ռեկտորը լսելով ուսանողների պահանջները՝ հայտարարել է․ «Այդ բոլոր պահանջներն իրավաչափ չեն։ Ռեկտորի հրաժարականը կարող է լինել միայն երկու դեպքում․ երբ նա դիմում է տալիս և երբ հոգաբարձուների խորհուրդը, որը նրան ընտրել է ետ է կանչում նրան, կամ քվեարկում է, որպեսզի նա թողնի պաշտոնը։ Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են։ Ես օրինապաշտության կողմանկից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», – ասել է Սիմոնյանը։

Հոգաբարձուների խորհրդի լուծարման մասին խոսելիս՝ Սիմոնյանը նշել է, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը չի ընտրել, այլ ընտրվել է Կառավարության որոշմամբ։ «Հասցեատերը Կառավարությունն է՝ ես չեմ։ Ես ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, և իմ կարծքիը որևէ ուժ չունի խորհրդում։ Ես նույնիսկ հոգաբարձուների խորհրդի որոշման համար քվերակելու իրավունք չունեմ։ Ինչ վերաբերում է աուդիտին, ապա այն կազմակերպվում է օրենքի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ», – ասել է ԵՊՀ ռեկտորը։

Քննարկումը շարունվում է մինչև հիմա։ ԵՊՀ-ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք մնալու են բուհի դահլիճում այնքան ժամանակ, մինչև ռեկտորը հրաժարականի դիմում չներկայացնի։ Նա կոչ արեց ուսանողներին և դասախոսներին միանալ բողոքին։

«Սա բացահայտ ճնշում է, Դուք կոնստրուկտիվ քննարկման պատրաստ չեք», – արձագանքելով Դավիթ Պետրոսյանի պահանջին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և փորձեց լքել դահլիճը։ Ուսանողները արգելափակել են մուտքը և վանկարկում են «ազատ անկախ ուսանող»։ Մի քանի րոպե անց նրանք բացեցին Սիմոնյանի ճանապարհը՝ «հաշվի առնելով նրա տարիքը»։