Home / Բնապահպանություն / Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները հացադուլ և գործադուլ են անում

Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները հացադուլ և գործադուլ են անում

Ռուսական «Պոլիմետալ» ընկերության կողմից շահագործվող Կապանի լեռնահարստացման կոմբինատի մի քանի հարյուր աշխատակիցներ արդեն 6-րդ օրն է գործադուլ են անում․ նրանցից 2-ը հանքախորշ են մտել և հացադուլ հայտարարել։ Աշխատակիցները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձները, ստեղծել անվտանգ աշխատանքային պայմաններ, իրավունքների պաշտպանություն ապահովել։ Տիրող իրավիճակի մասին Epress.am-ը զրուցել է կապանցի բնապահպան Դավիթ Հակոբյանի հետ։

Լուսանկարը՝ syuniacyerkir.am-ի

Կոմբինատի շուրջ 900 հոգանոց կոլեկտիվից ակտիվ գործադուլին մասնակցում են մոտ 400-500 աշխատակիցներ՝ բանվորներ, լաբորատորիաների աշխատակիցներ, փորձագետներ։ Գործադուլին հիմնականում չեն մասնակցում վարչական մասի աշխատակիցները, չնայած նրանց մեջ էլ մարդիկ կան, որոնք կողմ են գործադուլին։

Բանվորներից 2-ը հացադուլ է սկսել, ապա 2 օր առաջ մտել հանքախորշի մեջ, ինչը վտանագավոր է նրանց առողջության համար։ Այս պահին դրությամբ դեռ հայտնի չէ՝ արդյոք նրանք դադարեցնել են հացադուլը։

Մոտ կես ժամ առաջ բանակցություններ են սկսել կոմբինատի տնօրինության և աշխատակիցների միջև՝ հարցին վերջնական լուծում տալու նպատակով։

«Աշխատակիցներն 40 տոկոսով աշխատավարձի բարձրացման պահանջ են դրել, բայց նրանք նաև հասկանում են, որ միանշանակ չեն կարող բոլորի աշխատավարձերը 40 տոկոսով բարձրացնել։ Կարող է լինի բաժին, որ պետք է բարձրանա 20-40 տոկոսի միջակայքում», -ասել է Հակոբյանը։

Աշխատակիցները պնդում են նաև, որ ընկերությունը չի պահպանում աշխատանքային օրենսգրքի բոլոր պահանջները։

Բնապահպանի խոսքով՝ տնօրինությունն առաջին օրերին ոչ ադեկվատ վերաբերմունք է դրսևորել․ «Որոշ տեղեկություններով՝ նաև սպառնալիքներ կային, անգամ ակտիվ գործադուլավորներին աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկել։ Ասել էին, որ աշնանը հնարավոր է 5 տոկոսի բարձրացում։ Պահանջել էին վերադառնալ աշխատանքի, հակառակ դեպքում՝ հարյուրավոր աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ Հետո քաղաքապետի միջոցով միջնորդավորված սկսեցին բանակցել, բայց ապարդյուն»։

Մայիսի 29-ին կայացած հանդիպման ժամանակ տնօրինությունն առաջարկել է 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը։ Պահանջել են նաև բացատրագիր՝ ինչի համար են գործադուլ անում։ Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել։

Ըստ Հակոբյանի՝ կապանցիները համոզված են, որ այս հարցը պետք է լուծվի պետական բարձր մակարդակով․ պետք է ուսումնասիրվի՝ ինչպես է «Պոլիմետալն» օգտագործում տրված լիցենզիան, քանի որ մեկ տարվա ընթացքում հանքաքարի հանույթը կրկնապատկվել է։

Tekali Taxi