Home / Առողջապահություն / Գործադուլ անող Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատողների աշխատավարձը բարձրացրել են

Գործադուլ անող Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատողների աշխատավարձը բարձրացրել են

Ռուսական «Պոլիմետալ» ընկերության կողմից շահագործվող Կապանի լեռնահարստացման կոմբինատը խոստանում է հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը: Այս մասին հայտարարել է ընկերությունը՝ նշելով, որ մայիսի 30-ի 16։00-ից վերսկսվել է կոմբինատի՝ գործադուլի արդյունքում արդեն 6 օր կանգնած աշխատանքը և դադարեցվել նաև աշխատավարձի բարձրացման պահանջով մի քանի աշխատողների 2-օրյա հացադուլը:

Կոմբինատի աշխատակիցները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը, ստեղծել անվտանգ աշխատանքային պայմաններ, իրավունքների պաշտպանություն ապահովել։

Մի քանի օր տևած բանակցությունների ժամանակ ընկերությունը սկզբում 5, ապա 10 տոկոս էր առաջարկել բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները սկզբնական շրջանում 20-40 տոկոսի բարձրացման պահանջ էին դրել։ Ի վերջո՝ կողմերը դեռևս համաձայնել են 10 տոկոսի վրա։

Epress.am-ի հետ զրույցում կապանցի բանապահպան Դավիթ Հակոբյանը նշել է, որ ըստ էության ընկերությունը խորամանկ քայլի է դիմել և իրականում 5 տոկոսով է բարձրացրել աշխատավարձերը․ «Պարտադիր կուտակայինն արդեն պետք է տարածվեր նաև մասնավոր կազմակերպությունների վրա։ Բայց քանի որ օրեր առաջ հայտարարվեց, որ մի տարով հետաձգվում է դա, ընկերությունը պարտադիր կուտակայինի 5 տոկոսը ըստ էության փոխանցում է աշխատավորներին։ Դրան էլ գումարվում է 5 տոկոս աշխատավարձերի բարձրացումը և դառնում է, որ 10 տոկոսով է աշխատավարձը բարձրացրել»։

Ինչ կարծիք ունեն կոմբինատի աշխատակիցները 10 տոկոս բարձրացման հետ կապված․ Հակոբյանը նշել է, որ նրանց կարծիքով՝ սա նույնպես հաղթանակ են համարում, քանի որ ընկերությունն էլ հասկացավ, որ մարդիկ 900 հոգով կարող են դուրս գալ գործադուլի։

Իր հայտարարության մեջ ընկերությունը հայտնում է նաև, որ մայիսի 31-ից սկսած կձևավորվի աշխատանքային նոր խորհուրդ, որը ձեռնամուխ կլինի աշխատանքի և վարձատրության պայմանների վերաբերյալ աշխատողների բարձրացրած այլ հարցերի լուծմանը: Նշվում է, որ մայիսի 28-ից Շահումյանի հանքում հացադուլ հայտարարած աշխատակիցներին պատասխանատվության չեն ենթարկելու ներքին կանոնակարգերի և տեխնիկական անվտանգության կանոնների խախտման համար։

Ինչ վերաբերում է գործադուլ հայտարարած աշխատակիցների հարցին, ընկերությունը նշել է, որ որոշել է «աշխատանքից ազատումը որպես կարգապահական տույժ չկիրառել մայիսի 25-ից 30-ը աշխատանքի դուրս չեկած աշխատակիցների նկատմամբ»:

Մեզ հետ զրույցում փաստաբան Նորիկ Նորիկյանը, անդրադառնալով ընկերության վերջին հայտարարությանը, նշել է, որ գործադուլը ՀՀ սահմանադրությամբ սահմանված աշխատողի իրավունքն է․ «Այդ միջոցով նրանք կարող են բարձրացնել իրենց խնդիրները։ Գործադուլը կարող է անօրինական ճանաչվել գործատուի դիմումի հիման վրա միայն՝ դատարանի միջոցով։ Գործատուն իրավունք չունի գործադուլ հայտարարած աշխատողներին ազատել որպես կարգապահական տույժ, ավելին՝ գործատուն պարտավոր է գործադուլ հայտարարած աշխատավորների աշխատավարձը վճարել»։

Tekali Taxi