Գլխավոր / Մարզեր / Ղարաբաղում կա երկու ընտրություն․ վատ ու ավելի վատ

Ղարաբաղում կա երկու ընտրություն․ վատ ու ավելի վատ

Հատուկ ծառայության աշխատակիցների կողմից երկու քաղաքացիներին ծեծի ենթարկելուց հետո Ստեփանակերտում բողոքի ալիք բարձրացավ։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են ուժային կառույցների, բացառությամբ բանակի, ղեկավարության հրաժարականները և մեղավորների պատիժը օրենքի սահմաններում։ Հանրահավաքների ժամանակ մարդիկ խոսում են տարիներ շարունակ տևող ուժայինների կամայականությունների, սոցիալական անարդարության, վարկային կախվածության, արտագաղթի, պաշտոնյաների ապօրինի հարստացումների և այլնի մասին։ Ներկայացնում ենք ելույթներից մի քանիսը՝ տեղ-տեղ ղարաբաղահայերեն բարբառից թարգմանությամբ։

— Մենք հորդորում ենք, մենք արդարություն ենք պահանջում։ Եթե բոլոր ուժային կառույնցներն էսօր հրաժարական չտան, ցույց են տալու իրենց իրական դեմքը։ Մենք ուժ չենք գործադրելու, մենք պատրաստ ենք ձեռքներս վերև հանձնվել։ Եթե ուզում են, շնորհակալություն, թող գան, մենք ձեռքներս վերև կանգնած ենք։

— Մենք հավաքվել ենք մի պարզ բանի համար․ պահանջել արդարություն։ Երբ որ իրանց հարցնում ես, ասում են՝ ամեն ինչ լավ ա։ Ախպեր, ամեն ինչ ձեր համար ա լավ, ժողովուրդի համար ամեն ինչ լավ չի։ Երևի, հիշում եք՝ սովետական տարիներին Ղարաբաղում ընտանիք չի եղել, որ բանկում փող չունենա կամ զբերկասում։ Հիմա հակառակ վիճակն ա՝ ընտանիք չկա, որ բանկերից կախված չլինի։ Էդ ո՞նց էղավ։ Ձեր լավը ո՞րն ա, որ Ղարաբաղն ամեն օր դատարկվում ա։ Ամեն ինչ լավ չի, ամեն ինչ 7-8 հոգու համար ա լավ։ Էս ժողովուրդը հաղթանակը կրել ա իր լավագույն զավակների արյան գնով, բայց էդ հաղթանակի պտուղներից օգտվել են 7-8 հոգի։ Կարծես թե, կռիվն էդ 7-8 հոգին են հաղթանակել։ Ախպեր, էդ կռիվը ես եմ հաղթանակել, ես վաշտի հրամանատար եմ եղել պատերազմի ժամանակ, երկու անգամ էլ վիրավորվել եմ, երկրորդ անգամ՝ շատ ծանր, 90-տոկոսանոց սմերտելնի (մահացու), բայց աստվածն ինձ կյանք ա շնորհել։ Ի՞նչ ա նշանակում «ամեն ինչ լավ ա»։ Ախպեր, եթե ամեն ինչ լավ լինի, ժողովուրդը պարտքերի տակ չէր լինի, ժողովուրդը ամեն տարի կգնար ծովափ, լավ կապրեին, երեսները սափրած, ակուրատնի, կծիծաղեին։ Էդ կլիներ լավը։

— Էս վերջին 20 տարվա քաղաքականությունը շատ պրիմիտիվ բանաձևի վրա ա․ մեր իշխանությունները մեր թշնամով ժողովրդին վախեցնում են, հաղթանակած ժողովրդին վախեցնում են՝ բա թուրքը ի՞նչ կանի կամ թուրքը ի՞նչ կասի։ Ու էդ ատմազկի տակ, կոպիտ ասած, իրանք իրանց գրպաններն են լցնում, ստեղ ուրիշ ոչ մի հարց չկա։ Տեսել ենք, որ թուրքն ուզում ա ակտիվանա, հասարակ բանվոր դասակարգը, հասարակ ժողովուրդն իրան ոնց ա պահում ու որոշակի չինովնիկներ իրանց ոնց են պահում․ մի մասը դեպի ներքև՝ բանվոր դասակարգը, ջիպերը՝ դեպի Երևան։ Հետո, հենց որ սաղ խախանդվում ա, հայրենիքն էլի պետություն ա դառնում, գալիս են իրանք իրանց տեղը նստում, հարիֆները, շատ կներեք, էլի, ինձ էլ եմ էդ դասակարգին դասում, մնում են իրանց գործին։ Ոնց որ մենք իրանց ստրուկը լինենք։ Ու սենց, ճնշած, «հանկարծ դուք ձեն չհանեք, մենք մեր թալանով զբաղվում ենք, եթե դուք էլ ձեն հանեք, վաբշե վատ ա լինելու»։

Ղարաբաղում կա երկու ընտրություն․ վատ ու ավելի վատ։ Եթե խոսանք ոչ միայն փողոցային հանցագործություններից, քաղաքական առումով էլ ասեցինք, քաղաքական հանցագործությունը որն ա, որ խոսքի ազատություն ընդհանրապես չկա։ Ասում են՝ ազատ երկիր ենք սարքում։ Ոչ մի ազատ երկիր էլ չեն սարքել։ Ավելի ճիշտ սա նման ա колония свободного поселения, քան ազատ երկրին։ Որ ասում են՝ իրավական ա․․․ իրավական չի, սա полицейский режим ա [ոստիկանական ռեժիմ]։

Ինչ մնում ա տնտեսական առումով, ես չեմ հասկանում, ինչ ա նշանակում Արկադի Ղուկասյանին 54 միլիոն դրամ տրամադրել, որ իրա համար կահույք առնի։ Էդ նույն բյուջեն անցնում ա Ազգային ժողովով, նույն բյուջեն հաստատում ա Ազգային ժողովը, ո՞վ ա դրա պատասխանը տալու, էդ ի՞նչ ռազմավարություն ա, ո՞րն ա դրա էֆեկտիվությունը, որ էս վիճակը, որում մենք ենք գտնվում, որ մեր բանակը հազար հարց ունի, սոցիալական հարցեր ունենք, ու տարբեր ոլորտներում, տենց ոլորտ չկա, որ պրոբլեմներ չլինեն, բացի իշխանությունների անձնական եկամուտը, անձնական բիզնեսը։ Մնացածը սաղ պրոբլեմներով ա։ Հետաքրքիր ա՝ նույն ԱԱԾ֊ի մոտ հարց չի՞ առաջանում՝ էս մինիստրին էսքան եկամուտը որտեղի՞ց, կարո՞ղ ա գողություն ա անում։

Շատերը հաստատ մտքով, հոգով, սրտով մեզ հետ են, բայց վախենում են դուրս գալ։ Ժողովուրդ ջան, ինչքան վախենաք, էդքան ավելի վատ ա լինելու։ Ասում են՝ «դե, ի՞նչ ա փոխվելու»։ Եթե տանը նստեք, ոչ մի բան էլ չի փոխվելու, ուրեմն մի էլ բողոքեք։ Բայց ես վստահ եմ, որ շատ մարդիկ կան, ուղղակի վախի ազդեցության տակ դուրս չեն գալիս։ Երևի, արդեն գաղտնիք չի՝ ամենաշատ վախեցողը հենց մեր իշխանությունն ա հիմա։ Պետք չի իրենցից վախենալ, վախն արդեն պրծել ա, վախենանք մինչև ե՞րբ։ Մեր երկրում չապրե՞նք։ Կոչ եմ անում ամբողջ հայությանը, չգիտեմ՝ ով որտեղից գա, գյուղերից գան, հավաքվենք․լինենք միասնական, ստիպելու ենք իշխանությունը մեր ասածներն անի, ու մենք էդ իրավունքն ունենք հենց ըստ Սահմանադրության, ունենք նաև բարոյական կողմից։ Ու ադրբեջանցին մեզ սենց համախմբված տեսնի, ավելի շատ կվախենա։ Աստված չանի, մի բան սկսվի, այստեղից ուղիղ բոլորս գնալու ենք դեպի ներքև։ Թող նրանք [իշխանությունը] մտածի՝ դեպի ուր են գնալու, մենք մտածելու բան չունենք։

— Էն, որ մեր դեմ արդեն ուզում են քայլեր անեն, դա ասում ա նրա մասին, որ մեր շարժումն արդեն հաղթող ա։ Եթե սկզբից ուզել են հանգիստ ձևով էս հարցերը լուծեն, արդեն ուզում են հակաշարժման գործողություններ անել։ Ուզում են էդ ամեն ինչում օգտագործել մեր եղբայրներին։ Շատ հետաքրքիր ա, որ էդ ծեծվածներից մեկը Վետերանների միության անդամ ա, և Վետերանների միության միջոցով են ուզում անել, որոնք, ես ձեզ վստահեցնում եմ, բոլորը մեզ հետ են։ Բայց մի քիչ մոլորված են, և էսօր դուք կտեսնեք, որ նրանք կգան և կմիանան մեզ։

— Լուր ունեմ, որ փորձ է արվում գյուղապետերին հանձնարարել, որ ազատամարտի միության անդամներին, կառավարության կազմի աշխատողներին, բոլորին բերեն այստեղ և հակամիտինգ անեն։ Փաստորեն, երբ երեկ ջահելները գնացին բանակցելու նախագահի հետ, ի՞նչ տեղի ունեցավ։ Ես ասեցի, որ ձգձգում են, որովհետև, եթե ուզում են, որ այդ հարցը լուծվի, դա լուծվում է տասը րոպեում։ Եթե չեն ուզում լուծել, ուրեմն ձգում են։ Ձգձգումը միմիայն մի նպատակ ուներ․ ժամանակ ձգել, դիմել հակագործողությունների։

Այսօր մի գյուղապետի, ով իմ բարեկամն է, զագնեցի, հարցրեցի «որտե՞ղ ես», ասաց՝ մեզ բենզին, մեքենա, սալյարկա են տվել, մենք մարդկանց լցնում ենք, տանենք Ստեփանակերտ։ Ասեցի՝ դու Բերձոր էլ ես նման ձևով գնացել, և դու Բերձորում ինչի՞ ես մարդ ծեծել։ Ասում ա՝ մենք չենք ծեծել, մենք չենք իմանում։ Ես նրան ասեցի՝ ոչ, դու ես ծեծել, որովհետև ծեծողների անունները չեն լինելու, նրանք սաբոտաժիստներն են, բայց ձեր անունները մնալու են որպես Բերձորի հանցագործներ։ Այսօր ձեր անունները մնալու են պատմական հանցագործներ, որ արդարություն պահանջող ժողովրդին դեմ եք գնում։

Ես մի հարց եմ ուզում պարզել։ Մեր իշխանություններից ցանկացածին կարող ենք տալ էդ հարցը․ դուք մարդկանց հավաքում եք, որ ասեք «այո՛, պետք է հանցագործություն լինի, այո՛, պետք է հովանավորվի հանցագործությունը, այո, պետք է պաշտոնավորների որդիները հանցագործություն կատարե՞ն»։ Մենք մեր դիրքորոշումը պահպանենք, ուրիշ բան չպահանջենք, մեր երեկվա պահանջը՝ հանուն արդարության պատժել հանցագործներին և գնահատական տալ նախորդ հանցագործությունների և ուժային կառույցների հրաժարականը, որ դուք պահանջել եք, և ամրագրված էր արդեն դա, մենք շարունակենք խոհեմորեն հորդորել իշխանություններին, որպեսզի դա անեն։ Եթե չանեն, ուրեմն մենք պետք է կատարենք դա ճնշումով։ Իսկ ճնշումով ժողովուրդն էլի խոհեմ է, էլի հավաքվելու է, ժողովուրդը ասելու է։ Ես հույսս դնում եմ ձեր վրա, ժողովուրդ, մենք բոլորս էլ պետք է հույսը մեկս մյուսի վրա դնենք, որովհետև այս երկիրը պահել, պաշտպանել է ժողովուրդը։ Այս երկիրը, վաղը եթե մի բան լինի, էլի ժողովուրդն է պաշտպանելու։