Home / Առողջապահություն / Սարսափում են վերադառնալ Վարդենիսի հոգեմեկուսարան

Սարսափում են վերադառնալ Վարդենիսի հոգեմեկուսարան

-Վարդենիսի հոգեբուժարանում լավ չէր։

-Ի՞նչը չէր լավ։

-Ծեծում էին, կապում էին։

-Ձեզ ծեծե՞լ են։

-Հա։

-Ինչի՞ համար էին ծեծում։

-Եսիմ դե․․․ խելոք էլ էինք մնում, մի բան պետք է գտնեին, ծեծեին։

2 տարի առաջ բացված Սպիտակի խնամքի տունը, որտեղ ապրում են 14 հոգի, ֆինանսական խնդիրների պատճառով կանգնած է փակվելու վտանգի առաջ։ Այստեղ հիմնականում բնակվում են «շիզոֆրենիա» ախտորոշում ստացած մարդիկ։ Այսօր նրանց հիմնական խնդիրն է Սևանի կամ Վարդենիսի հոգեբուժական կենտրոն չվերադառնալը։ Ոմանք, իրենց հետ ուղարկելու դեպքում, սպառնում են անգամ ինքնասպան լինել։

Մեզ հո նորից Վարդենիս չե՞ն տանելու

Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում է գտնվում Սպիտակի խնմաքի տունը, որտեղ արդեն 2 տարի ապրում են Հայաստանի տարբեր հոգեբուժական կլինիկաներից եկած մարդիկ։

«Կարելի է ասել՝ մենք այստեղ մի մեծ ընտանիք ենք, ինչպես մի համայնք։ Այս վայրը շատ է տարբերվում այլ հոգեբուժական հաստատություններից, նման վայրերից։ Ես Սևանի և Վարդենիսի կլինիկաներում եմ եղել։ Այնտեղ մեզ ամեն առավոտ անասունների նման լցնում էին ճաշարան, ու կանգնում էինք 7-ից 9֊ը։ Կարճ ասած՝ շատ լավ չէր», – ժպտալով ասում է 38-ամյա Վահագնը։

Վահագնը Մոսկվայում է ապրել, 4 տարի սովորել է հոգեբանության ֆակուլտետում։ Նա համակարգչից է լավ հասկանում, թաղի մարդկանց համակարգիչների ծրագրերն է թարմացնում, այլ հարցերով է օգնում։

Հատուկ հանձնաժողովի միջոցով 2016 թվականին ընտրվել են համեմատաբար թեթև հոգեկան խնդիրներ ունեցողները և տեղափոխվել այստեղ։

«Ծրագրի նպատակն էր Վարդենիսի, Սևանի և առհասարակ բոլոր հոգեբուժարաններում գտնվող այնպիսի հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, որոք դեղորայքի շատ խիստ կարիք չունեն, կարող են իրենք իրենց համար հոգ տանել, աշխատել, հավաքել մի տեղում։ Նրանց այնտեղ մնալը ավելորդ էր մյուս ծանր, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ», – պատմում է կենտրոնի տնօրեն Բավական Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ սկզբանական շրջանում շատ դժվար էր, քանի որ կենտրոնում հավաքվել էին մարդիկ, որոնք 14-15 տարուց ավել ապրել էին հոգեբուժարաններում, փակ տարածքներում էին եղել, այլ մարդկանց հետ չէին շփվել․ «Կարելի է ասել, որ նրանց համար դրականն անգամ դառնում էր սթրես, բոլորը սթրես տարան։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ անցավ»։

Վարդենիսում ապրածները պատմում են, որ անգամ տարրական կենցաղային պայմաններ չեն ունեցել։ Լողանում էին շաբաթը հազիվ մեկ անգամ, բոլորի շորերը հանում, գցում էին մի տեղում, հետո լվանում էին ու էլի մի տեղում հավաքում, ամեն մեկը վերցնում էր ձեռքն առաջինն ընկած ներքնաշորը։

Նրանց առօրյան միապաղաղ էր։ Փակ սենյակներում հավաքավածները ստանում էին դեղեր, ոչ մի գործով չէին զբաղվում և ոչ մի ձևով չէր ապահովվում նրանց սոցիալականացումը։

Արևմտյան տարբեր երկրներում, Բավական Պետրոսյանի խոսքով, վաղուց կան այսպիսի կենտրոններ, որտեղ ավելի թեթև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ ապրում են, աշխատում, իրենք իրենց կարիքները հոգում։ Նա նշում է՝ տարբեր աստիճանի խնդիրներ ունեցողներին մի տեղում պահելը հանցագործություն է։

Շախմատ, գոբելեն, մաթեմատիկա

Աշոտը շաբաթ-կիրակի օրերին գնում է Վանաձոր՝ շախմատ խաղալու։ Այժմ դատական գործընթաց է ընթանում նրան աշխատունակ ճանաչելու համար։ Եթե դատարանը նրան աշխատունակ ճանաչի, Աշոտը կարող է արդեն մենակ ապրել և աշխատել։

Կենտրոնում կան մարդիկ, որոնք կարող են մենակ ապրել, նշում է Պետրոսյանը։ Նման վերականգնողական գործընթաց Հայաստանում դեռ չի արվել։

Կենտրոնն ունի 1000 մետր հողամաս, որը մշակում են այնտեղ ապրողները։ Նախորդ տարի ստացել են 1 տոննա 200 կգ կարտոֆիլի բերք։ Մի մասը օգտագործել են, մյուս մասը փոխանակել են սոխի և այլ մթերքների հետ։

«Սկզբում շատ դժվար էր իհարկե, ամբող 14 տարի ոչինչ չէին արել, բայց հիմա իրենք իրենց կամքով գնում են աշխատելու։ Գնում են գրադարան, առևտրի, սրճարան են գնում», -պատմում է Պետրոսյանը։

Մարինան տարիներ առաջ Բաքվից Սպիտակ է տեղափոխվել, տեղի ռուսական դպրոցում աշխատել է մաթեմատիկայի ուսուցչուհի։ Այժմ շրջապատի երեխաներին օգնում է մաթեմատիկայի դասերը պատրաստել։

Կենտրոնում սովորեցում են գոբելեն, ասեղնագործություն և կավագործություն։ Գործել են Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի, Վան Գոգի և Մատիսի նկարների հիման վրա արված գոբելենները, երկուսը դրանցից վաճառել են։ Կենտրոնում բնակվողների հետ աշխատում է արտ֊թերապիստ Աննան։

«Ես Աննային ասում եմ՝ էսինչ նկարչի էսինչ գործն եմ ուզում, ինքը նկարում է, ես սկսում եմ գոբելեն գործել», – պատմում է 20 տարի Վարդենիսի հոգեբուժական կենտրոնում ապրած 53-ամյա Գայանեն։

Այնտեղ (Վարդենիսում-խմբ․) մի քիչ դժվար էր մնալը… Այստեղ ավելի լավ է, սենյակում կա բաղնիք, զուգարան։ Մեզ այստեղ ուշադրություն և ժամանակ են տրամադրում։ Մեզ այցելում են դպրոցի երեխաները, բնակիչները, փակված չենք, մեզանից հեռու չեն պահում իրենց, զարմանում եմ Սպիտակի ժողովրդի վրա, որ էդքան լավն են, մեր հանդեպ լավ են տրամադրված։

Մեր այցի ժամանակ Կենտրոնում բնակվողներից երկուսը վերադարձել էին աշխատանքից։ 3 ժամ կարտոֆիլ էին տնկել և 1500-ական դրամ ստացել։

Կենտրոնին գումար է հարկավոր

Կենտրոնը հիմնադրվել է 2016 թվականին «Բաց հասարակություններ հիմնադրամներ֊Հայաստան»֊ի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը պիլոտային է եղել։ Մեկ տարի անց ֆինանսավորումն ավարտվել է և կենտրոնը հայտնվել է փակվելու վտանգի առաջ։ Օգնություն են ստացել տարբեր կազմակերպություններից և քաղաքապետարանից, որոշ շրջան անգամ առանց աշխատավարձի են աշխատել։ Պետական աջակցություն ստացել են, որը սակայն փակել է ծախսերի կեսը, մյուս կեսը պետք է կենտրոնը գտնի։

Վարդենսիում և մյուս հոգեբուժական հաստատություններում, Բավական Պետրոսյանի տեղեկություններով, մեկ օրվա համար մեկ անձին տալիս են 5000 դրամ։ Երբ 14 հոգին 2 տարի առաջ տեղափոխվել են Սպիտակ, նրանց 5000 դրամը կրճատել են․ «Հիմա այդ գումարը, եթե գոնե մեզ տան, մենք կկարողանանք գոյատևել․․․ Տարբեր տեղերից ենք սնունդ ստանում, մի կերպ ձգում ենք»։

Կենտրոնի ապրողներից յուրաքանչյուրը ստանում է 19 հազար դրամ նպաստ։ Մի մասը տալիս են կենտրոնին, որ հոգան ընդհանուր ծախսերը, իսկ մյուս մասը՝ պահում են իրենց։

Պետրոսյանը ասում է՝ մի շարք հիմանդրամների են դիմել, սակայն դեռևս ոչ մի օգնություն չեն ստացել։ Գումարի փնտրտուքը շարունակում են։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս Կենտրոնի շահառուներից մի քանիսին։ Նա պնդել է, որ նման կենտրոնները պիտի շատանան և ամբողջությամբ փոխարինեն ներկայումս գործող հոգեբուժական հաստատություններին, և ոչ թե Սպիտակի խնամքի տան գոյությունը հարցականի տակ լինի։