Գլխավոր / Բանակ / Զինվորին կլպում էին նույնիսկ Ապրիլյան քառօրյայի ժամանակ

Զինվորին կլպում էին նույնիսկ Ապրիլյան քառօրյայի ժամանակ

Բանակում ծառայող զինվորն ամիսներ շարունակ ընտանիքից 5000-ական դրամ է խնդրել՝ իր սնունդն ապահովելու համար։ Այս մասին Epress.am-ին պատմել է նրա մորաքույրը, որը չցանկացավ ներկայանալ։ Զինվորի անունը նույնպես չեն ուզում հրապարակել անվտանգության նկատառումներով։

Զինվորի ծառայելու ժամանակահատվածը համընկել է Ապրիլյան քառօրյայի հետ։ Այժմն նա արդեն զորացրվել է։ «Քանի որ բարձրագույն կրթություն ուներ, երեխային տարան Հոկտեմբերյան, 6 ամիս այնտեղ ծառայելուց հետո տարել են Արցախ՝ Հադրութի զորամասերից մեկը։ Հենց հասել է Հադրութ, մոտավորապես 10 օր հետո Ապրիլյան պատերազմը սկսվել է։ Մեզ չէր ասել, մենք էլ գիտեինք, որ եթե Հայաստանից են, ուրեմն առնվազն 6 ամիս երեխեքին դիրքեր չեն տանում։ Պատերազմի օրերին մենք գիտենք ինքը զորամասում է, դու մի ասա դիրքերում է», — պատմում է կինը։

Նրա խոսքով՝ ապրիլի երկուսին զինվորներին խմբով տարել են մի գյուղ, որտեղ էլ նրանք մնացել են մինչև բանակից զորացրվելը։ «Ապրիլի 2-ին իրեն տարել են ժամանակին գրաված թուրքի գյուղ, անունը չեմ կարող տալ, ու տարի ու կես մնացել է այդտեղ և այլևս զորամաս չի վերադարձել։ 15 հոգանոց խմբեր են եղել։ Այդտեղ մնալը պայմանավորված է եղել նրանով, որ ոչ ոք չի հավատացել, որ նորից պատերազմ չի վերսկսվի։ Իսկ այդտեղ հասնելու համար մոտ երեքից չորս ժամ է անհրաժեշտ, ստիպված այդ երեխեքին թողել են այդտեղ։ Հետները նաև ինչ-որ կապիտան եղել է։ Քնել են տանկի մեջ, թուրքի նախկին տնից քարերով տնակ են հավաքել, ղամիշներով տանիք են սարքել, որոշ ժամանակ այդտեղ են ապրել, գետում լողացել։ Տուն էր եկել, ասում էր տարի ու կես է ես լամպոչկա (լուսատու) չեմ տեսել»։

Կնոջ խոսքով՝ նրանք իրենց զինվորի համար նախ ծանրոցներ են ուղարկել, հետո արդեն զինվորը նրանցից նաև գումար է խնդրել․ «Մենք ամեն ամիս իրան ծանրոց ենք ուղարկել։ Հետո սկսեց 5000-ական դրամ ուզել։ Հարցնում ենք ինչի՞ համար ես ուզում, ասում է հո ամեն բան իրանք չեն բերում։ Քանի որ մենք ենք մեր ճաշը եփում, որոշել ենք 15 հոգով ուտելիքի համար գումար հավաքել։ Ինչքան հիշում եմ անգամ կապիտանի հաշվեհամարն են տվել, հետո մի կնոջ հաշվեհամար տվեցին մի 3 ամիս էլ նրա հաշվեհամարին էինք փոխանցում»։

Նախքան զորացրվելը, կնոջ պնդմամբ, իր զարմիկից նաև 15 հազար դրամ գումար են պահանջել։ «Պատճառաբանել են, թե իրենցից առաջ զորացրված երեխեքը տանկերից իբր բենզին են գողացել։ Ասել են, դուք պետք է փակվեք, որ հանկարծ մեզ չգան, չբռնեն։ Ու դա այն դեպքում, որ այդ երեխեքը ոչ քաղաք են գնացել, ոչ մարդ են տեսել, ոչ էլ այդտեղ մարդ կարող էր գար, որ իրենք այդ բենզինը հանեին և վաճառեին։ Ճիշտ է հայրենիքի համար է արել, բայց զինվորին կլպելն ի՞նչ է նշանակում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ իր զարմիկի հետ պատահածը բանակում միակ դեպքը չէ։ Շատերից են լսել, որ բանակում ծառայող զինվորների ընտանիքներն ամսական գումար են ուղարկում․ «Ապարանից իմ ծանոթ կնոջ թոռան համար էլ էլի 5000 ամեն ամիս փող էին ուղարկում»։

Կինը փորձել է այս խնդրի մասին բարձրաձայնել սոցցանցի միջոցով կապ հաստատելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ․ «Արծրուն Հովհաննիսյանին անհնար է գրել։ Եթե դու իր ընկերներում չկաս, իրան չի լինում գրել։ Ստիպված գրել եմ իր մեկնաբանություններում, որ գոնե մեկնումեկը դա կարդա»։

«Եթե իմանայինք, որ երկիրը փոխվելու է, բանկից վերցված կտրոններն էլ կպահեինք, անուններն էլ, հեռախոսահամարներն էլ։ Այսօր կհանեինք, կասեինք, վերցրեք՝ ձեր գործը սկսեք»։