Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնապահպանության ոլորտի պատասխանատուների հետ այսօր ժամանել է Ջերմուկ` քննարկելու «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարում հանք շահագործելու խնդրահարույց ծրագիրը։ Փաշինյանն ուղղաթիռով ժամանել է Կեչուտի օդանավակայան, որտեղից մեքենաներով եկել է գյուղի մոտ գտնվող ակտիվիստական պահակակետ։ Այստեղ են 14 օր շարունակ հերթապահում Ամուլսարին հարակից Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ համայնքների բնակիչներն ու իրենց աջակիցները՝ թույլ չտալով հանքաայրում շինարարություն շարունակությունը։
4-րդ պահակակետի մոտ Փաշինյանին հանդիպելու էին եկել ոչ միայն պոստում հերթապահող տղամարդիկ, այլև ազդակիր համայնքների կանայք և երեխաները։ Նրանք բացատրել են վարչապետին, որ դեմ են հանքավայրի շահագործմանը, այդ ծրագրին թույլտվություն է տրվել Սերժ Սարգսյանի օրոք կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացով, իսկ իրենց՝ համայնքների կարծիքը անտեսվել է։
Դրանից հետո Փաշինյանը հանդիպել է նաև Գնդեվազ գյուղի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին, ովքեր կկորցնեն աշխատանքը հանքի փակվելու դեպքում։
Երկու կողմերի հետ հանդիպումն անցավ Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցի դահլիճում։ Փաշինյանն ասել է, որ ստեղծվել է հարցով զբաղվող փորձագիտական մարմին, որը պետք է փաստեր հավաքի։ Դրանց հիման վրա էլ Կառավարությունը որոշում կկայացնի «Լիդիանին» տրված թույլտվությունների օրինականության վերաբերյալ։
Փաշինյանը և «Լիդիան Արմենիայից» և հանքավայրի մուտքերը փակած քաղաքացիներից ժամանակ է խնդրել ստուգումների համար ժամանակ տան։ Ցուցարարներից Ահարոն Արսենյանն ասել է, որ պատրաստ են բացել ճանապարհները, եթե ընկերությունն այդ ընթացքում չաշխատի։
«Լիդիան Արմենայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ևս չի համաձայնել․ «Մենք պատրաստ չենք նման սցենարի։ Փաշինյանը հարցրել է Ալոյանին․ «Դուք ուզո՞ւմ եք, որ էս սիտուացիան հանգուցալուծվի, թե ուզում եք, որ էս սիտուացիան չհանգուցալուծվի։ Ես էլ ձեզ ուրիշ բան ասեմ․ ինձ ասում են, որ դուք ձեր տնօրենին փոխել եք, բերել եք մի տնօրենի, ով մասնագիտացած է ոչ թե հանքերի շահագործման մեջ, այլ պետություններին դատի տալու մեջ»:
Դահիլճում ներկա էր մայիսի 2-ին «Լիդիան Արմենայի» նոր նախագահ նշանակված Ժոաո Կարելլիոն, ով հերքել է, որ նախկինում մասնակցել է արբիտրաժային դատավարությունների։
Նա ասել է, «Ընկերությունը 26 օր չի աշխատել, սա նշանակում է, որ մենք ստիպած ենք գտնել ևս 14 միլիոն դոլար։ Դա մի պրոբլեն է։ Երկրորդ՝ երբ ներդրողները նայում են այս իրավիճակին, հարցնում են՝ շարունակենք ներդնե՞լ, թե հեռանալ»։
Փաշինյանը շտապել է Արենի, ցուցարարները հայտարարել են, որ պոստեր պահելը չեն դադարեցնելու։ «Լիդիան Արմենիան» լքել է դահլիճը։