Գլխավոր / Մարզեր / Արծվաշենցիներն իրենց փլվող տների խնդիրը բարձրացրեցին Կառավարության շենքի դիմաց

Արծվաշենցիներն իրենց փլվող տների խնդիրը բարձրացրեցին Կառավարության շենքի դիմաց

Արծվաշենի բնակիչները, որոնք 1992 թվականից ապրում են Ճամբարակում, տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում իրենց քաղաքում և Երևանում՝ կառավարությունից պահանջելով իրենց տրամադրել օրենքով հասանելի փոխհատուցումը` վթարային տների համար։ Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո նրանք նամակներ են գրել նոր կառավարությանը, որոնց պատասխանները չեն ստացել։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, եկել են Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու Կառավարության շենքի մոտ։

Տիկին Էլենը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք Երևան են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «զեկուցելու խնդրի մասին»։

«Մենք դեմ չենք նոր իշխանությանը, նոր եկած կառավարությանը, ուղղակի վարչապետն ընդունի ու լսի մեզ։ Ասի՝ այո, թե ոչ։ Եթե ոչ, նամակ կգրենք ռուսաց թագավորին (նկատի ունի միջազգային կազմակերպություններ֊խմբ․)», ֊ ասել է տիկին Էլենը։

Կնոջ խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է հանդիպել անձմաբ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը Կառավարության նիստի ավարտից հետո դուրս է եկել արծվաշենցիների մոտ և խոստացել է զբաղվել հարցով, նաև հանձնարարել խնդիրն ուսումնասիրել Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Բողոքողները պայմանավարովել են5 պատվիրակ ընտրել և հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 2-ին։

«Վարչապետ ջան, արծվաշենցիք քո հետ են, դուխով», ֊ ասել են հավաքվածները։

Արծվաշենցիների խնդրի մասին մանրամասն՝ այստեղ։