Գլխավոր / Դատարան / Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները

Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները

Վրաստանյան իրավապաշտպանները պահանջում են վերաորակել հոդվածը, որի շրջանակում քննվում է 25-ամյա քաղաքացիական ակտիվիստ Վիտալի Սաֆարովի սպանության գործը: Նա սպանվել էր սեպտեմբերի 30-ի լուսաբացին՝ Թբիլիսիի կենտրոնում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ասում են, որ հանցագործութունը կատարվել է այլատյացության հողի վրա, հաղորդում է «Էխո Կավկազա» կայքը:

Այդ գրառումը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Վիտալի Սաֆարովի մայրը՝ Մարիա Ալանակյանը. «Ի՞նչն  է դարձել որդուս մահվան պատճառը: Վրաստանի իրավապահ մարմինների կողմից անփույթ վերաբերմունքը աճող ֆաշիստական տարբեր խմբավորումներին, որոնք ատելության գաղափարախոսություն են «քարոզում»: Եթե հիմա նրանց դեմ պայքար չսկսվի, ապա զոհերն ավելի շատ կաճեն և ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք խոստովանել, որ ինքներս ոչինչ չենք արել, որ մեր որդիներին չսպանեն քաղաքի փողոցներում, որոնք նրանք այնքան շատ էին սիրում: Ինձ համար դժվար է գրելը, բայց ես որոշել եմ պայքար սկսել նրանց դեմ, և, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մայր կհասկանա ինձ և կողքիս կկանգնի: Մենք բոլորս երեխաներ ունենք։ Ո՞վ կլինի հաջորդը»:

Վիտալին դարձել է այն բանի զոհը, ինչի դեմ պայքարել է, ասում է «Ներգրավվածության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ագիթ Միրզոևը: Վերջին հինգ տարիներին Վիտալին աշխատում էր հենց այս կազմակերպությունում: Տարբեր ծրագրերի համադրողն էր, որոնց թվում՝ հանդուրժողականության երիտասարդական ճամբարի։ Այնտեղ երիտասարդներին սովորեցնում են հարգել այլ մարդկանց՝ անկախ տարբերություններից, որոնք կան նրանց միջև, ասում է Ագիթ Միրզոևը:

Այն մասին, թե ինչ էր կատարվել սեպտեմբերի 30-ի լուսաբացին, նա և գործընկերները փորձել են իմանալ անմիջապես վկաներից: Հենց նրանց պատմություններն են ցույց տալիս, որ սպանութունը, հավանաբար, կատարվել է ազգային ատելության հողի վրա, ասում է Միրզոևը: Ամեն ինչ սկսվել է մայրաքաղաքի բարերից մեկում՝ Դյումա փողոցում. «Փաստորեն, միջադեպի հիմքում լեզուն է, որով խոսել է Վիտալին: Մայրաքաղաքի երկու հյուրերի հետ նա շփվում էր ռուսերեն, ինչն այդ երեք անձանց դժգոհությունն է առաջացրել: Նրանցից մեկը Վիտալիին նկատողություն է արել, թե ավելի լավ կլինի, որ նա  վրացերեն խոսի, ապա այդ ամենը վերաճել է ավանդույթների և այլնի մաին խոակցությունների: Ի պատասխան Վիտալին ասել է, որ ինքը կորոշի՝ ինչ լեզվով խոսել, և արդեն դրանից սկսվել է ագրեսիան, որից հետո նրան անկյուն են տարել՝ «Վարշավա» բարի մոտակայքում, որտեղ էլ տեղի է ունեցել այդ սարսափելի սպանությունը»:

Այս փուլում ձերբակալված են երկուսը՝ մեկը (Ա. Կ., ծնված 1998 թ.) կանխամտածված սպանության մեղադրանքով, իսկ մյուսը՝ (Գ.Ս., ծնված 1995 թ.) հանցագործության մասին հաղորդում չներկայացնելու համար: Երկու ՀԿ-ների՝ «Մարդու իրավունքների կենտրոնի» ու «Ներգրավվածության և զարգացման կենտրոնի» ներկայացուցիչները համոզված են, որ հանցագործությունը պետք է վերաորակել որպես սպանություն՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում:  Նախ՝ խմբով են սպանել և երկրորդ՝ սա ատելությամբ պայմանավորված հանցագործություն է, — ասում է Ագիթ Միրզոևը:

Մի խոսքով, եթե սպանության մասին հոդվածը որպես պատիժ ենթադրում է 7-10 տարի ազատազրկում, ապա ծանրացուցիչ հանգամանքներում կատարածի դեպքում խոսքն արդեն 13-17 տարվա մասին է:

«Ես չեմ կարողանում Վրաստանում տեղի ունեցած նման՝ իրավապաշտպանի սպանության դեպք հիշել վերջին տասը, քսան տարիներին: Հետաքննությունն անփույթ է իրականացվում, մեղադրանքները առաջադրվում են սխալ որակումով: Մարտահրավերները, որոնց առջև այսօր Վրաստանը կանգնած է, անտեսվում են. տեսնում ենք, թե ինչպես է աճում ատելությամբ պայմանավորված սպանությունների վիճակագրությունը։ Տեսնում ենք՝ ինչպես են ավելի ու ավելի ակտիվանում նեոազգայնական և ֆաշիստական խմբերը: Վիտալի Սաֆարովի սպանությունը նմանատիպ անուշադրության հետևանք է, որով իշխանությունները վերաբերում են այդպիսի խմբերին», — ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալեքո Ցկիտիշվիլին:

Իրավապահ մարմիններին անգործության մեջ է մեղադրում նաև Սեսիլին՝ Դյումա փողոցի բարերից մեկի նախկին աշխատակցուհին: Նրա խոսքով, տեղի անձնակազմը լավ գիտի Վիտալի Սաֆարովի սպանության գործով ձերբակալվածներին: Նախորդ տարի, ասում է Սեսիլին, նրանց պատճառով ինքը մի քանի անգամ ստիպված է եղել դիմել ոստիկանություն, բայց ապարդյուն. «Դա տեղի է ունեցել մոտավորապես չորս ամսվա ընթացքում՝ օգոստոսից մինչև նոյեմբեր: Մենք ոստիկանությանը խնդրում էինք ինչ-որ բան անել: Հենց այս երիտասարդները, որ հիմա ձերբակալված են, ագրեսիա էին դրսևորում այլազգիների հանդեպ: Իրենք իրենց անվանում էին նեոնացիստներ: Շշեր էին նետում, իրենց շատ ագրեսիվ պահում, հատկապես երբ օտարերկրացիների էին տեսնում: Նրանց այլ պատճառ պետք չէր: Ձերբակալվածներից մեկը նրանց առաջնորդն էր: Հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են ծեծել անտուններին, ասում էին, որ թույլերը պետք է մեռնեն: Մի օր անգամ ասացին, որ ծեծելով սպանել են մի անտուն մարդու: Ես դրա մասին էլ եմ անձամբ ոստիկանությանը ասել, հենց նրանց ներկայութամբ, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին, ոչ մի անգամ: Նրանք պարզապես չէին նկատում այդ խնդիրը»: