Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցում, ծնողի պնդմամբ, իր 1-ին դասարանի երեխան բռնության է ենթարկվել դասվար Անահիտ Գաբրիելյանի կողմից։ Epress.am-ը զրուցել է դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանի հետ, որը, խոսելով երեխայի մասին, նշել է, որ այդ տարիքում այդքան էլ լավ չէ, որ երեխան Մոցարտի «ռեքվիեմներն» է լսում։
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Սարգսյանը գրել էր, որ Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցի 1-ին Ա դասարանի դասվար Անահիտ Գաբրիելյանը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ․ դասարանի աշակերտների առջև բռնի ուժով գրատախտակի մոտ քարշ տալով աշակերտին՝ նվաստացրել ու ծաղրել է, բազմիցս «ոչխար», «անասուն» և այլ բառերով անվանել․ «Թույլ չի տվել երեխային զանգել մորը կամ ինքը չի արել դա, այլ թողել է մինչև վերջ երեխան լաց լինի ու նվաստանա: Առաջին դասարանի աշակերտը դեպքից հետո, բնականաբար, հրաժարվում է գնալ դպրոց: Տնօրենը և տվյալ դասվարը հետապնդում են սկսել մոր նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս բողոքել է: Իսկ երբ հրապարակել է դպրոցի սննդի, ծնողական դրամահավաքի և այլ դեպքերի մասին փաստեր, հետապնդմանը միացել են նաև դասարանի ծնողները, մարզպետարանի կրթության բաժինը՝ փորձելով իրավիճակը շրջել ծնողի դեմ՝ իրենց բարի համբավը պախարակելու համար:
Աշակերտը բացառիկ ընդունակություններ ունի, տարբերվում է մյուս աշակերտներից և հրաժարվում է, օրինակ, անգիր անել դասվարի ոտանավորները, որոնք ի դեպ Անահիտ Գաբրիելյանը պարտադրում է դասարանի աշակերտներին անգիր սովորել և դասերին արտասանել:
Սպասում եմ գործնական միջամտության, կասկած կա՞, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն դասվարը, տնօրենը և մարզպետարանի աշխատակիցները»:
Մեզ հետ զրույցում տնօրեն Հասմիկ Հովսեփյանը նշել է, որ ծնողի խնդրանքով արդեն իսկ երեխային տեղափոխել են զուգահեռ դասարան։ Նա նշել է, որ կխուսափի կոնկրետ կարծիք հայտնել գործի հետ կապված, քանի որ իրավապահ մարմիններն արդեն իսկ զբաղվում են դրանով, բայց նա հավելել է, որ «40 տարվա մանկավարժ-դասվարից» այդպիսի բան դեռ չի տեսել․ «Ծնողն ասում է, որ եղել է, դասվարն ասում է, որ չի եղել։ Ես էլ եմ կարծում, որ ճիշտն իրավապահ մարմինների զբաղվելն է»։
Տնօրենը նշել է, որ երեխան «ուսումնասիրության» կարիք ունի։
Հասմիկ Հովսեփյան
«Մայրը, գուցե շատ զբաղված չլինելով, ինքը երկու ինստիտուտ է ավարտել, ամուսինը՝ ևս, երեխային մի քիչ շատ են առաջ տանում։ Ու հիմա 1-ին դասարանում դեռևս տառուսուցում չկա, բայց երեխան տառերը ճանաչում էր։ Մենք ուսմասվարի հետ խնդիր դրեցինք ուսումնասիրել երեխային, միգուցե այնտեղ օժտվածության հարց կա, միգուցե չկա, մի քիչ ուռճացված է։ Էդ երեխայի խնդիրը բերել ենք առաջին պլան։ Եթե երեխան էս տեմպով տառուսուցումը շարունակի․․․ Ես խորհուրդ տվեցի մորը չզբաղվել էլ դրանով․․․։ Եթե տառուսուցումը ավարտվի, լրիվ ուրիշ խնդիր է լինելու նախարարության հետ կապված, թռիչքային փոխադրում և այլն։ Այդ խնդիրը կա, որ երեխան ձանձրանում է դասերի ընթացքում։ Ասում եմ, ծնողին՝ միգուցե տանես սպորտի, երաժշտության։ Ասում է՝ սպորտի տանում եմ։ Դուք քանի՞ տարեկան եք, – Epress.am-ի լրագրողը պատասխանել է, որ 26 է։ – 26 տարեկանում, այո՛, կարող եք հասկանալ երեխայի հոգեբանությունը։ Երեխան Մոցարտ է լսում, ռեքվիեմ է լսում, նորմալ չեմ կարող համարել դա, դրա պատճառները հասկանամ։ Ծնողին ասում եմ՝ միգուցե երեխան ավելի հարմար երաժշտություն լսի, ասում է՝ դե ինքն է պահանջում, որ Մոցարտ լինի։ Մենք պետք է երեխային ուսումնասիրենք։ Կարա լինի երկու տարբերակ՝ կա՛մ ինքը լինի օժշտված երեխա, կա՛մ գերհոգածության, գերուշադրության հետևանքով երեխան առաջ է գնում իր տարիքային զարգացումից, որը մի տեղ կարա ճեղքվածք տա։ Դրանով պետք է մասնագետները զբաղվեն․․․։ Մոցարտի ռեքվիեմը լսողը պետք է լինի բացառիկ օժտված։ Մոցարտը կարող է հետաքրքել միայն բարձր օժտված երեխային կամ ում մայրը սովորեցնում է»։
Լրագրողի հարցին, թե գուցե երեխայի գիտելիքներն են պատճառ դարձել, որ դա «անհագստացրել ու զայրացրել է» դասվարին, տնօրենը նշել է, որ դասվարի հետ այդ հարցի մասին չի խոսել, չի կարող կարծիք հայտնել։
Լուսանկարները՝ դպրոցի ֆեյսբուքայն էջից։