Գլխավոր / Եկեղեցի / «Եկեղեցու պատմության» մուտքը դպրոց հակասահմանադրական է

«Եկեղեցու պատմության» մուտքը դպրոց հակասահմանադրական է

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ներառումը դպրոց, հանրակրթության մեջ, Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին օրենքի և Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկաման ժամանակ ասել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ Նա նշել է, որ այն բոլոր թեմաները, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցուն «Հայոց պատմությունում», «Հայ գրականություն» և «Մայրենի լեզու» առարկաներում ներառված են։

«Մեր եկեղեցին սիրում է խառնվել պետության գործերին։ Եկեղեցին դեռևս չի գիտակցում, որ մենք ունենք անկախ պետականություն։ Էդ երկու ինստիտուտները՝ պետություն և եկեղեցի, խառնված են իրար և առարկայի անվան տակ դպրոցներում իրականացվում է քարոզ՝ սկսած երեխաների աղոթելը, բազմակարծությանը տեղ չտալը։

Ինչո՞վ է տարբերվում քրիստոնեական դաստիարակությունը սովորական դաստիարակությունից, արդյոք այն ծնողները, ովքեր իրենց քրիստոնեության հետևորդ չեն համարում, դրդում են իրենց երեխաներին մոլության, հարբեցողության կամ պոռնկության․ չկա նման բան։ Արհեստական այս տերմինների շղարշի տակ մենք սովորողի իրավունքը շպրտել ենք տասներորդ կետ և սովորողի հետ անում ենք էն, ինչ ուզում ենք», ֊ասել է Թոքմաջյանը։

Պատմաբանը անդրադարձել է նաև այն պնդմանը, թե, ըստ մարդահամարի տվյալների, Հայաստանի բնակչության 93.8 տոկոսը քրիստոնեա է, ինչով էլ երբեմն հիմնավորվում է, որ այն ազգային կրոն է։

«Այո՛, Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի բնակչության մի զգալի հատվածի համար ազգային եկեղեցի է։ Մարդահամարի տվյալները ես շատ լավ գիտեմ, բայց ինձ պիտի բացատրեք, թե 1 տարեկան երեխայի կրոնական հայացքներն ինչպե՞ս եք ճշտել, որ գրել եք քրիստոնեա կամ ոչ քրիստոնեա։ Դա էլ ուրիշ կեղծիք է․․․Երբեմն չես տարբերում՝ էդ հայոց պատմության դասագիրք է, թե եկեղեցապետական բուկլետ», — Թոքմաջյանը նշել է, որ Սահմանադրությունը հստակ ամրագրում է խղճի, մտքի, դավանանքի ազատություն։ Ցանկացած այլ պարտադրանք երեխայի իրավունքների խախտում է։

Քննարկման մասնակից «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը կարծում է, որ խնդիրը միայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չէ, այլ ուսումնական ողջ ծրագիրը․ «էն հարցը, որ մենք այսօր ունենք, ուսումնական պլանի գլոբալ վերանայման խնդիր է, և մի առարկա մտցնելը՝ էս կամ էն խմբի շահից ելնելով, չպիտի լինի։ Որևէ առարկայի ուսումնական պլանում հայտնվելը պետք է բխի գլոբալ մեր կրթության տեսլականից, չափորոշիչներից և էն տիպի քաղաքացուց, որը Հայաստանի Հանրապետությունն ուզում է կրթել։

Ինչ վերաբերում է կրոնի պատմությանը, էստեղ կա խտրական էլեմենտ, երբ էդ առարկան պարտադիր է։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում կան եկեղեցու կողմից աղանդավորական որակվող խմբեր և նաև ազգային փոքրամասնություններ, որոնց իրավունքները հաշվի չեն առնվում, երբ էս առարկան լինում է պարտադիր։ Իրականում դա հակասում է խղճի ազատության հիմնարար սկզբունքին և պետք է մտածել այնպիսի լուծում, որը հաշվի կնստի մեր բնակչության բազմաշերտ շահերի հետ։ Այսինքն՝ պետք է երեխան և ծնողը ունենան ընտրության հնարավորություն։

Այն խնդիրը, որը մենք ունենք «Հայ եկեղեցու պատմության» հետ կապված, նախ և առաջ ընտրության հնարավորություն չտալն է։

Հայաստանում կան փոքր թվով եզդիներ, ասորիներ, հույներ։ Հիմա ինչու՞ իրենք պետք է չունենան հնարավորություն, օրինակ, նույն կերպ ծանոթանալու իրենց կրոնին։ Դրանից բացի, եթե խոսքը կրոնի մասին է, կրոնը պարտադիր չէ, որ ազգության հետ նույնացվի։ Կան բավականին մեծ թվով հայեր, որ իրենց հայ առաքելական չեն համարում։ Իրենք էլ պետք է ունենան ընտրության հնարավորություն»։

Ըստ բանախոսի՝ այլակարծությունը դուրս է մնացել ինչպես դասավանդման գործընթացից, այնպես էլ դասագրքերի բովանդակությունից․ «Պաշտոնական պատմագրությունը սրբագրել է այլակարծությունը, որ եղել է պատմության տարբեր փուլերում։ Ինչպե՞ս կարելի է ձևավորել քննադատական մտածողություն, եթե ցանկացած տիպի այլակարծությունը հանվում է դասագրքերից և դասավանդման գործընթացից։ Այսինքն գլոբալ վերանայման մասին է խոսքը, որտեղ «Հայոց եկեղեցու պատմությունը» նույնպես պետք է վերանայվի թե՛ որպես առարկա, թե՛ հնարավորություն ընձեռվի, որ էն մարդիկ, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրենց չեն համարում, կարողանան փոխարենը ընտրել այլ առարկա»։