Գլխավոր / Ազգային ժողով / ԱԺ֊ն կարող է խաթարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ հետաձգելով 2-րդ ընթերցումը

ԱԺ֊ն կարող է խաթարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ հետաձգելով 2-րդ ընթերցումը

ՀՀ ԱԺ֊ն կարող է հետաձգել և այդպիսով տապալել կառավարության՝ Ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։

«Երկրում ստեղծվել է հակասահմանադրական վիճակ և օր առաջ պետք է հաղթահարել այն», — Ազգային ժողովի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստի ընթացքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյլնալյանը։

Նախարարը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առաջին ընթերցման ընդունումից հետո 2-րդն անցկացնել 24 ժամվա ընթացքում։

ՀՅԴ խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Ռուստամյանը նորմալ չի համարել, որ այսպիսի օրենքը քննարկման է դրվում հապշտապ․ «Առաջին ընթերցումն այսօր անենք, 2-րդը՝ վա՞ղը»։

«Սովարական պայմաններում» Զեյլանյանը համաձայն է, որ սահմանադրական օրենք ԸՕ-ն ցանկալի կլիներ ավելի երկար քննարկել, սակայն երկրում իրավիճակը, կարելի է ասել, ֆորս-մաժորային է։ Դրա համար Կառավարությունը այսպիսի ֆորս-մաժորային լուծում է առաջարկում։

ՀՀԿ֊ական Հայկ Բաբուխանյանին չի թվացել, սակայն, որ այդպիսի դրություն է երկրում, այլ, ըստ նրա, Կառավարությունն է արհեստական ստեղծել այս իրավիճակը։ Նա կասկած է հայտնել, որ այդպիսի հապճեպության պայմաններում կուսակցությունները հնարավորություն չեն ունենա նորմալ նախապատրաստվել արտահերթ ընտրություններին։

Պատգամավորը հայտարարել է, որ, եթե իրենց առաջարկը չընդունվի, այն է՝ ընտրությունները հետաձգել գոնե մինչև հունվար, ինքը չի մասնակցելու քվեարկությանը։

Զեյլանյանը հիշեցրել է, որ դեռ այն ժամանակ ԱԺ-ն հաստատել էր Կառավարության ծրագիրն, ըստ որի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։

Անդրադառնալով այն պնդմանը, որ Կառավարությունն արհեստական իրավիճակ է ստեղծում, նախարարը նշել է, որ երկում հակասահմանադրական վիճակ է, երբ ԱԺ-ում բացակայում է քաղաքական կայուն մեծամասնությունը․ «Սա ճգնաժամ է, և պետք է օր առաջ լուծվի»

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ԸՕ-ի աշխատանքային խմբի հանդիպումներ են անցկացվում, որին մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ «Հապճեպ» համարվող փոփոխությունների թեմայով քննարկումներ և հանդիպումներ են եղել, դրանց մասնակցել են բոլոր քաղաքական ուժերը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կոչ են արել կողմ քվեարկել նոր ընտրական օրենսգրքին և դեկտեմբերին նոր ընտրություններ անցկացնել։

Իր ամփոփիչ ելույթում Զեյլայնաը նշել է, որ պատգամավորների առաջարկները քննելով, տեղում որոշվել է՝ 24 ժամը կարելի է փոխել 72 ժամով։

Հարցն՝ 1-ին ընթերմամբ օրենքի ընդունումից հետո 2-րդ ընթերցման քննարկումը անցկացնել 72 ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքում չի հաստատվել։

Կողմ են արտահայտվել 44 պատգամավոր, դեմ՝ 1, 6 պատգամավոր ձեռնպահ է եղել։

Նիստին մասնակցում է 53 պատգամավոր, բայց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ 1-ին ընթերցման համար այսօր քննարկում և քվեարկում տեղի կունենա, իսկ ինչ վերաբերում է 2-րդ ընթերցմանը՝ «կտեսնենք, ինչպես է օրենսդրությունը կանոնակարգում»։

Նշենք, որ եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով, իսկ եթե հնարավոր չլինի ընդունել նախագծերի փաթեթը, ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ (անփոփոխելի) ցուցակներով համամասնական ընտրություններ, ԱԺ անցնելու համար նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ից 4, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս: