Ադրբեջանական պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդունալևի այցը Վրաստան սկանդալ է առաջացրել։ Վրաստանում SOCAR-ին մեղադրում են «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբաշվիլիին աջակցելու և նախագահական ընտրություններին խառնվելու համար։ Գրում է Meydan.tv-ին։
Հիմնականում ադրբեջանաբնակ Մարնեուլում Ռովնագ Աբդունալևին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ SOCAR-ի նախագահը ընտրություններից առաջ ժամանել է տարածաշրջան, որ օգնի «Վրացական երազանք»-ին և հավավածքներին բացիեբաց կոչ է արել քվեարկել «Վրացական երազանք»-ի թեկնածուի օգտին։
Նշենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի են ունենալու հոկտեմբերի 26-ին։
Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն կոչ է արել բոյկոտել SOCAR ընկերությունը և հրաժարվել օգտագործել ընկերության կողմից մատակարարվող վառելանյութը։ Նրա խոսքով՝ ոչ-ոք իրավունք չունի խառնվել այլ պետության ընտրություններին։
«Մենք պետք է բոյկոտ հայտարարենք SOCAR-ին և չօգտագործենք նրանց վառելիքը։ Ոչ-ոք իրավունք չունի խառնվել այլ պետության ընտրություններին։ SOCAR֊ի նախագահը չպետք է Բաքվից գա, ընտրություններից առաջ շրջի տարածաշրջանում, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ։ Մեզ նաև հայտնի է, որ «SOCAR-Ջորջիա» ընկերությունը գումար է փոխանցել Սալոմե Զուրաբիշվիլիի սև ընտրական հիմնադրամին։ Ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Մոզամբիկն իրավունք չունեն խառնվել մեր ներքին գործերին։ Ձեր գործերով զբաղվե՛ք », – հայտարարել է Գոցիրիձեն։