Գլխավոր / Առողջապահություն / Ապրիլյան քառօրյայի մասնակիցների մեծ մասի խնդիրներն անուշադրության են մատնված

Ապրիլյան քառօրյայի մասնակիցների մեծ մասի խնդիրներն անուշադրության են մատնված

— Զինվորական գրքույկը դառել ա սևագրություն։ Գրել են մասնակից ա, հետո զանգ ա գնացել, հրաման, գրել են մասնակից չի, ջնջել են, կարմիր գիծ են քաշել։

Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է «Դիրքապահ»՝ 2016 թվականի «քառօրյա պատերազմի» մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը՝ խոսելով մարտական գործողություններին զինվորների մասնակցության  մասին։ «Իրավաբանորեն օրենք չկա, որ վերաբերի կոնկրետ մարտական գործողությունների մասնակցածներին։ Նախարարը նստել, որոշել ա կամ չգիտեմ ով նստել, գրել են, հետո մի մասինն էլ ջնջել են։

Օրենքը արցախյան պատերազմի ժամանակներից սկսած 90 օր մարտական գործողությունների մեջ գտնվողին ա համարում մասնակից, սակայն ապրիլյան պատերազմը նախ հայտարարված չի եղել որպես պատերազմ, և երկրորդն էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք համարում են մասնակից կոնկրետ թեժ բախումներ ունեցած տեղերում։ Բայց Ջաբրայիլից, Թալիշից շատ տղաներ կան, մի մարտական դիրքը մի քիչ աջ ա էղել, մյուսը՝ մի քիչ ձախ, մեկինը գրել են, մյուսինը չեն գրել։ Պատճառաբանելով, որ, օրինակ, ուղղաթիռը ընկել ա էս մարտական դիրքի դիմաց, իրանցը գրում ենք, ձեր մարտական դիրքի դիմաց ուղղաթիռ չի ընկել։ Եթե ես իմ կանոնավոր ծառայությունը չեմ տալիս, ուրիշ ծառայություն եմ տալիս, դա ի՞նչ ա կոչվում»։

Մանուել Մանուկյանի, «Դիրքապահ»-ի անդամներ Ռաֆայել Մուրադյանի և Գևորգ Գրիգորյանի խոսքով, կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են զինգրքույկների նշումների և դրանց ձևակերպումների հետ։ Խնդիրներից մեկը ուսման վարձի զեղչն է։

«30 տոկոս զեղչ տրվում է մարտական հերթապահության համար, 20 տոկոս՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որ արդեն դարձրել են 50 տոկոս։ Բայց մարտական հերթապահության մասնակիցը մասնակցել ա նաև ապրիլյան պատերազմին, իմաստը ո՞րն ա, որ չեն գրել», — նշել է Ռաֆայել Մուրադյանը։

Վերջինս մտահոգված է, որ ուսումնական վարձը զեղչելիս հաշվի են առնում ոչ միայն զինգրքույկի նշումը, այլև միջին որակական գնահատականը, որը չպետք է 10 բալից ցածր լինի․ «ՄՈԳ-ը ցածր ա, էսօրվա ուսանողը աշխատում ա, չի կարողանում ընտանիքը պահի, պլյուս դրան վարձ ա մուծում ավել։ Եթե էդ 100 հազար կամ 200 հազար դրամը իրա հոգսից թեթևանա, ավելի շատ կխորանա իրա ուսման մեջ, ժամանակ կարա տրամադրի սովորելուն»։

Բանախոսներն առաջարկել են, որ որ ՄՈԳ-ը չդիտարկվի որպես ուսմնական զեղչ, քանի որ, ըստ նրանց, այդ զեղչը վերաբերում է ոչ թե ուսումնական պրոցեսին, այլ կատարած գործողությանը․ «Սա, իհարկե, օրենքով չկա․ օրենքով կարող են ասել ձեզ ընդհանրապես զեղչ չենք անում։ Բարոյական տեսանկյունից ելնելով իրենք անում են, բայց այդ տեսանկյունից ելնելով չի կարելի մի շարք ուրիշ տղաների վիրավորած լինել, երբ մի մասին զեղչ արվում է, մյուս մասին՝ չէ», — նշել է Մանուել Մանուկյանը։

Ապրիլյան քառօրյայի մասնակից Գևորգ Գրիգորյանին, իր խոսքով, ավելի քիչ են զեղչել զինգրքույկում արված ձևակերպման պատճառով։ «Նշված է, որ մարտական գործողությունների ժամանակ եղել եմ առաջնագծում, բայց պետք էր, որ գրված լիներ՝ գործողություններին եմ մասնակցել, դրա համար զեղչը 50 տոկոս է, բայց կարող էր լինել 70 տոկոս, — ասել է Գրիգորյանը, որը բացի ուսման վարձից նաև հաշմանդամության թոշակի հետ կապված խնդիր ունի։ — Ապրիլյան պատերազմի վիրավոր եմ, բայց թոշակից արդեն կտրել են։

Ջաբրայիլի դիրքերում ապրիլյան պատերազմի ժամանակ ականային վիրավորում եմ ստացել։ Ապրիլյան պատերազմից հետո թոշակ եմ ստացել երկու տարի, բայց հիմա չեն էլ բացատրում՝ ինչի համար, կտրել են թոշակը։ Ոչ էլ բուժում են հատկացնում։ Դիմել եմ հոսպիտալներ, պատասխանում են, որ եթե կարգ չունես, չես կարա մեր մոտ բուժում ստանաս։ Բեկորները դեռ թոքերումս են։ Ուր ասես դիմել եմ, ոչ բավարար պատասխաններ են տալիս»։

Նշված խնդիրներով, ըստ բանախոսների, իրենք դիմել են վարչապետին և Պաշտպանության նախարարությանը։ «Մենք սրանից առաջ դիմել ենք վարչապետին, որպեսզի նշումներ արվի զինգրքույկներում։ Պաշտպանության նախարարության հետ կապ է հաստատվել, հանդիպում ենք ունեցել ՊՆ վարչության անդամների հետ, մեզ տեղեկացրել են, որ կան խնդիրներ՝ համապատասխան օրենքներ պետք է մշակվեն, որովհետև խառնաշփոթ վիճակում է և մարտական գործողությունների մասնակից նշումը նույնպես օրենքով չկա, իրավաբանական տեսանկյունից այդպիսի հասկացություն չկա։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ պետք է ինչ֊որ ձևով նշում արվի, գոնե բարոյական տեսանկյունից։ Երեք ամիս է անցել, որևիցե մեկը չի կապվել մեզ հետ, սակայն վարչապետի խորհրդականի հետ վերջին շրջանում երբ կապվեցի, ասաց, որ որոշումն արդեն կայացվել է, մնացել է, որ հաստատվի, բայց մենք տեղյակ չենք՝ ինչ որոշում է կայացվել։ Սկզբում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է մեզ տեղեկացնեն, հետո նոր դառնա վերջնական», — ասել է Մանուել Մանուկյանը։

«Մեզ դուր չի գալիս անընդհատ դուրս գալ փողոց, փողոց փակել։ Ներկայացնում ենք, որ կա խնդիր, որը նախորդ իշխանություններից եկել է ու շատ կարևոր է։ Մի տաս-երեսուն զինվորի ներկայացնում են, որ տեսեք՝ լավ գործ ենք անում, բուժում ենք, բայց էն տղաները, որ ծայրամասերում են, մարզերում են, մնացել են ուշադրությունից դուրս։ Մենք արդեն գործ ենք ուզում տեսնել։ Ներկայիս Պաշտպանության նախարարին դիմել են վիրավոր տղերքի ծնողներ, զոհված տղերքի ծնողներ, ընդունելություն չի կազմակերպվում։ Ես խնդրում եմ՝ մանավանդ Պաշտպանության նախարարին, գիտեմ, որ էս հարցերը նախկինում կուտակվել են, շատ դժվար է միանգամից, բայց տարրական ընդունելությունն ինչ է, որ չի կատարվում։

Մեր վիրավոր ընկերների, զոհված ընկերների ծնողները ասում են, որ նամակներին չեն պատասխանում, պատճառաբանում են, թե նամակները շատ են։ Գոնե թող ուղարկած նամակով մի հատ զանգեն, ասեն՝ ձեր նամակը ստացել ենք»։