Home / Շուկա / Ժողովուրդ և օլիգարխիա

Ժողովուրդ և օլիգարխիա

հեղինակ՝ Մելիքսեթ Փանոսյան

Տարբերակելու, բազմակարծության ու ազատ դատողության կարողությունը նախկին համակարգի ներկա մնացուկների մասնագիտական ունակություններում բացակայում է, ու որովհետև այդպես թերի լինելով նախկին համակարգը կարողացել էր մարդկանց զանգվածներին համոզել, որ անքաղաքավարին, միջակ լինելն է լավ, ընդհանրապես, կապ չունի՝ ինչ ես. կարևորը, թե ինչ պաշտոն և ինչ սեփականություն ունես, ուստի բնական է՝ փոփոխությունների ընթացքը անկանխատեսելի է: Հասարակական մտածողությունում անցած համակարգի ներդրած համատարած մոռացկոտությունը, արմատներ ձգելով հիշողությունում, սնվում է մեր անցյալից, թույլ չտալով հեռուն տեսնել:

Քանի որ փորձ է արվում այդ դեգրադացման պրոցեսը պահպանել նախկինի մնացուկ ԶԼՄ-ներում, կարևոր է դառնում պարբերաբար ետ նայել, մտաբերել՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել և ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ: Օրինակ՝ ես, անցած օրը, դիտելով հումանիտար գիտութոյւնների համաժողովի նյութերը Հայաստանի պատմության և հասարակության մասին, շատ կարևոր փաստեր իմացա համաժողովին մասնակցող Աննա Ժամակոչյանի, Աշոտ Ոսկանյանի և Մանվել Սարգսյանի զեկույցներից:

Պարզվում է՝ պատերազմում հաղթանակը շեփորելով, ապա և Ղարաբաղի խնդրի կարգավորումով են Լևոն Տեր-Պետրոսյանը ու նրան փոխարինած Ռ. Քոչարյանը երկրում ավտորիտարիզմ հաստատել: Դա տևում է մինչև 2003 թվական, երբ Քոչարյանը տապալվեց ընտրություններում: 2003-ին Քոչարյանը, կորցնելով ավտորիտար իշխանությունը և աթոռին մնալու համար, հանրապետության իշխանության քաղաքական ու տնտեսական լծակները բաժանում է քրեա-օլիգարխիական տարրերի միջև: Այս նոր կառավարման համակարգի անունը դրվել էր իշխանություն–ընդիմություն, ասում է Աննա Ժամակոչյանը, բայց դրա անունը հիմա ավելի հստակ ա՝ ժողովուրդ և օլիգարխիա (այս իրական անունը նախկին համակարգը թաքցրել է ժողովրդից): «Պրոֆեսիոնալ օբյեկտիվություն. զրույց» #epress

Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը զրկվում է իր կառուցվածքից և վերածվում խառնամբոխի: Խորհրդային հասարակության դասակարգային կառուցվածքին փոխարինելու փորձեր են արվում, սկսում են խոսել հասարակության դասային ամերիկյան կառուցվածքի՝ հարուստ, միջին, աղքատ և այլն, բայց պարզվում է՝ այստեղ այն չի աշխատի, որովհետև մեկը, ասենք, որ ոչ մի բան չի անում, պարապ պպզած է մայլեն, նույն չափի փող ունի (հորողբոր տղեն Ամերիկայից նույն գումարն է ուղարկում), ինչ մյուսը, որ աշխատում է ինչ-որ նախարարությունում ու ստանում է նույնքան, որքան առաջինը: Այսօր էլ չգիտենք, թե ինչ հասարակությունում ենք ապրում…

Սերժ Սարգսյանի օրոք «խելացի» է սկսում համարվել նա, ով գիտի, որ օրենք կա, բայց գործելիս օգտվում է այլ կանոններից: Գործադրելով այդ կանոնները՝ քրեա-օլիգարխիան ու քրեա-օլիգարխիային կապված հասարակության մի չնչին հատված անհավանական կապիտալ ու սեփականություն է կուտակում անհավանականորեն կարճ ժամանակահատվածում:

Գեղեցիկն ու լյուքսը վատնողության նշան է: Երբ շենքերը շքեղ են, մերկացնում են դրանք սարքողներին, իսկ Արարատյան դաշտը անպտուղ է դառնում: Երկիրը աղքատանում է, երբ երկրում պտուղ չկա: Աղքատ երկրում բարքերը պղտորվում են, կաշառակերությունը ծաղկում է ու խորանում դեպի ներս: Անբարոյականությունն ու կաշառակերությունը մարդկանց դարձնում է սուտասան և նենգամիտ: Սուտասանի ճաշակը կարկտած է:

Երևանի կենտրոնից տեղահանված, Գյումրի քաղաքի տնակներում 30 տարի ապրող, տուն տեղ լքած արթագաղթած մարդիկ ու պետության սահմաններին ծայրաստիճան աղքատ ընտանիքների տղաներն են հաստատում այդ կապիտալի ու սեփականության իրավունքը և հենց այս մարդկանց կամքով էլ Նիկոլ Փաշինյանը գլխավորում է ժողովրդական հեղափոխությունը:

Պետք է ստիպել, որ անարդարություն իրականացնողները այդքան տարի իրենց գործած անարդարությունների դիմաց հատուցեն: Ու պետք է հատուցեն հենց այս խմբերին, որոնց վնաս են հասցրել, եթե ոչ, մարդիկ երբեք չեն համաձայնվի լեգիտիմացնել իրենց կապիտալն ու սեփականությունը: Հեղափոխական նոր ուժեր կծնվեն նաև այն դեպքում, եթե նոր համակարգը հենվի միայն մարդկանց կամքի և ոչ նրանց կարիքների վրա:

Նախնադարում քաղաքական ղեկավարներին կրնկակոխ հալածելը, ըստ Զիգմունդ Ֆրոյդի, նման է նևրոզի մեջ սովորական համարվող և հալածանքի ցնորքում հատկապես արտահայտվող մի բանի. կոնկրետ որևէ անձի կարևորությունն անսահմանորեն չափազանցվում է, նրա բացարձակ իշխանությունը անհավանականորեն ընդարձակվում՝ որպեսզի հիվանդի համար տհաճ փորձառությունների համար մեկ անձի պատասխանատվության ենթարկելով, գործը առավել դյուրին դարձվի: Իսկ վայրենիները վատ որսի, անձրև չգալու, քամու, փոթորիկի կամ երաշտի պատճառով թագավորին սպանել են նույնիսկ:

Tekali Taxi