Գլխավոր / Բանակ / Սպանված զինվորը մեղադրվում է ծառայակցին նվաստացնելու մեջ

Սպանված զինվորը մեղադրվում է ծառայակցին նվաստացնելու մեջ

2017 թվականի դեկտեմբերի 11-ին Ղարաբաղի զորմասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը, ըստ քրեական գործի, դեպքից առաջ «ծաղրել և նվաստացրել է» իր ծառայակից Կ․ Խաչատրյանին, որն էլ աֆեկտի վիճակում նրան սպանել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը պարբերաբար ստորացրել է համածառայող Կ.Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ, ինչի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է նշված իրադրություններից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության զգայություն, անբարենպաստ հոգեֆիզիոլոգիական վիճակ, որոնք կրել են հուզական հակազդումների պայթյունակ բնույթ, և հերթական անգամ՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը 18:30-ից 18:40-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ Նարեկ Ադիբեկյանի կողմից Կ.Խաչատրյանի նկատմամբ հակաբարոյական գործողություններ կատարելու, ինչպես նաև նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում դիտակետ սուրճ չբերելու պատճառով վերջինիս ծնողի հասցեին հնչեցրած հայհոյանքից՝ ծանր վիրավորանքից, Կ.Խաչատրյանը հայտնվել է սթրեսի, ֆրուստրացիայի, հոգեկան խիստ լարված, ֆիզիկական և հոգեբանական գերլարված և հյուծված վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, այսինքն՝ հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել», — նշում է Քննչական կոմիտեն:

Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը: Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը`պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով):

Մեղադրանք է առաջադրվել նաև սպանված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/ (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը ), ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /4 դրվագ/ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Շորթումը) և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (Զինծառայողին վիրավորանք հասցնելը):