Գլխավոր / Բանտ / Դատարանը չկալանավորեց Արմեն Գևորգյանին

Դատարանը չկալանավորեց Արմեն Գևորգյանին

Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ կալանավորել նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին։

Դեռևս հայտնի չէ, թե դատարանը ինչ հիմքով է մերժել միջնորդությունը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստից հետո նշել է, որ երբ ստանան դատարանի որոշումը, միայն այդ ժամանակ կարող են ասել, թե ինչու կալանք չի կիրառվել։

Գևորգյանը նույնպես պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին և նշել, որ դատարանը արդար որոշում է կայացրել․ «Ես կողմնակալություն չեմ տեսել։ Նիստն անցել է բավականին անկաշկանդ։ Չգիտեմ՝ ինչով է առաջնորդվել դատարանը, բայց հավատացե՛ք, որ երկրում ստեղծված վիճակը շատերին հուշում էր, որ այլ որոշում կարող էր լինելու»։

Գևորգյանի դեմ կա 4 առաջադրված մեղադրանք։ Առաջինն առաջադրվել էր դեռ օգոստոսի 3-ին։ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ ունեցած, 2008 թվականի մարտի 1֊ի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել է Մարտի 1֊ի գործին։  Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Դեկտեմբերի 11-ին դրան ավելացվել էր ևս 3 մեղադրանք․ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով: