Գլխավոր / Բանակ / Ամերիկյան զորքերի դուրսբերումը հարվածում է քրդերին

Ամերիկյան զորքերի դուրսբերումը հարվածում է քրդերին

Թվիթերում տեղադրված տեսանյութում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից։

«Երկար ժամանակ մենք կռվում էինք Սիրիայում, ես գրեթե երկու տարի է նախագահ եմ, և մենք իսկապես մեծ հաջողության ենք հասել, միավորվել ենք «Իսլամական պետության» դեմ, ջախջախել ենք նրանց: Հիմա ժամանակն է, որ մեր զորքերը տուն վերադառնան: Ես շատ եմ տխրում, երբ ստիպված եմ նամակներ գրել, կամ զանգահարել մեր երկրի համար կռված ու զոհված զինվորների կանանց, ծնողներին: Դա մեծ պատիվ է, մենք հպարտանում ենք նրանցով, բայց շատ ծանր է․․․ Հիմա երբ մենք հաղթել ենք, տուն գալու ժամանակն է, զինվորներն արդեն պատրաստվում են, շուտով կտեսնեք նրանց: Նրանք մեծ ամերիկյան հերոսներ են, աշխարհի հերոսներ են, որովհետև նրանք կռվում էին մեզ համար, բայց նրանք ոչնչացրեցին «Իսլամական պետության»-ը, որն աշխարհին է սպառնում»։

2014 թվականին ջիհադիստական խմբավորումը խալիֆայություն ստեղծելու նպատակով հսկայական տարածքներ է գրավել ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Տարբեր գնահատականներով՝ շուրջ ութ միլիոն մարդ գտնվում էր ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ:

Չնայած Սիրիայի և Իրաքի կառավարություններին հաջողվել է իսլամիստներից ազատագրել գրավյալ տարածքների մեծ մասը, այդուհանդերձ Վաշինգտոնի դիրքորոշումը զորքը Սիրիայից դուրս բերելու հարցում միանշանակ չէր։ Վերլուծական շրջանակներն էլ մտավախություն ունեին, որ տարածքների կորուստը չի կանգնեցի ջիհադիստներին, ովքեր կարող են հետագայում խաթարել տարածաշրջանում անդորրը պարտիզանական գործելաոճով:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը բազմիցս հայտարարել է, թե նախատեսվում է ավելի երկար ժամկետներ սահմանել Սիրիայում ամերիկյան զինուժի ներկայության համար, քանի դեռ դիվանագիտական հարթակում չկա հաղթանակ:

Պենտագոնն առայժմ չի մեկնաբանել Սիրիայից դուրս գալու մասին լուրերը։

Ամերիկյան զորքն այժմ տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Շուրջ երկու հազար ամերիկացի զինվորականներ այստեղ աջակցում են տարածքը գրեթե ամբողջությամբ վերահսկող քրդական զինյալներին, որոնց դեմ պայքարում է ՆԱՏՕ-ի կազմում Վաշինգտոնի դաշնակից Թուրքիան:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե առաջիկա օրերին թուրքական բանակը նոր ռազմական գործողություն կնախաձեռնի Սիրիայի հյուսիսում, որի հիմնական թիրախը կլինի այնտեղ գործող քրդական ուժերը:

Էրդողանը նաև տեղեկացրել է, որ հարցը քննարկել է Դոնալդ Թրամփի հետ և ստացել նրա դրական արձագանքը: