Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները փակել էին Էջմիածին-Երևան ճանապարհը՝ պահանջելով կրկին կալանավորել գեներալին։
«Մանվել Գրիգորյանը իրավունք չունի լինել ազատության մեջ, բայց ինչպես արդեն փոխվեց իրողությունը, ժողովուրդը որոշեց, որ պետք է մեզ մոտենա Արդարադատության նախարարը կամ Գլխավոր դատախազը կամ նույնիսկ այն դատավորը, որը կայացրել է այդ դատավճիռը։ Մենք ուզում ենք հստակ էդ հարցերի պատասխանները ստանանք, ուզում ենք, որ այդ մարդիկ գան ու բացատրություն տան, թե ոնց կարելի է հանրության համար նման վտանգ ներկայացնող անձնավորությանը բաց թողնել բանտից», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց հավաքի մասնակից, Էջմիածնի բնակիչ Ջիվան Աբրահամյանը՝ շարունակելով. – «Էսքան տարի ռեժիմից հետո՝ նրա դիկտատուրայից, նորից մարդկանց ասել՝ համակերպվեք նրա հետ, որ նա 10 օր թեկուզ ազատության մեջ է լինելու, ոչ, էջմիածնեցին չի թողի, հա՛յը չի թողի։ Խափանման միջոց է փոխվել մարդու համար, ով ներկայացնում է հասարակության համար վտանգ։ Պետությունը լծակ չունի արդարադատության վրա ազդելու, մենք էլ ժողովուրդ ենք ու լծակ ենք՝ մենք կազդենք արդարադատության վրա։ Մանվելը՝ բանտում, էջմիածնեցին՝ ազատ, հպարտ, իրավապահանջ քաղաքացի»։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամի դիմաց ազատ արձակելու որոշումը դատարանը կայացրեց դեկտեմբերի 21-ին, նույն օրը նա ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։ 62-ամյա գեներալը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ, նա կալանավորված էր այս տարվա հունիսից։
Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր, մասնավորապես, «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով։
Այսօրվա ակցիայի մասնակիցները պնդում են, որ Մանվել Գրիգորյանը լինելով ազատության մեջ՝ հասարակության համար վտանգ է ներկայացնում։
«Զենքը իրա պադվալում նեխում ա, ընդեղ զինվորը զենք չի ունեցել կրակելու։ Ինչի՞ համար։ Հարյուր հոգուն էդի կարա՞ արյունի պատասխան տա: Իսկ էսօր ինքը ազատ ա։ Իրա 5 օր ազատն էլ էսօր վտանգավոր ա, մի ժամ ազատը վաանգավոր ա ժողովրդի համար։ 30 տարի էդ վտանգը տեսել ենք, և էսօր ժողովուրդը սարսափի մեջ են՝ հենց էդ վտանգից։ Էդ ա մեր պահանջը՝ իրան հետ տանեն, ու վերջ», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Ազատության» դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանները պնդում են, թե դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ իրենց պաշտպանյալը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում նաև՝ քաղցկեղ, Հակոբ Հակոբյան (հայտնի «Ճոյտ» մականունով) արձագանքեց. – «Սուտ է անում Մանվել Գրիգորյանը, քանի որ 20 տարուց ավել Մանվել Գրիգորյանը, խաբելով ժողովրդին, խաբելով էն մարդկանց, ումից որ կարող էր գումար վերցնել, ձևացրել է միշտ, որ ինքը հիվանդ է, և տարբեր մարդկանցից ամեն տարի գումար էր հավաքում, էթում իրա համար Ֆրանսիա ման էր գալի, գալիս էր ասում էր՝ բուժվեցի, կամ քիչ կյանք են տվել։ 20 տարուց ավել մենք տեսնում ենք, որ էդ մարդը ապրում է, բայց էդ գումարները՝ հատկապես բարձրաստիճան ղեկավարներից, նախարարներից նախկին, ինքը շատ մեծ թվով գումարներ էր վերցնում իբր թե իրեն բուժման համար։ Ես ասեմ ձեզ, ընդհուպ մինչև շարքային խանութպաններից էլ գումար են վերցրել։ Նա երկու բան է միշտ արել՝ մեկ ծնունդ էր անում՝ գումար էր հավաքում, մեկ սուտ հիվանդ էր ձևանում՝ գումար էր հավաքում, էդ երկու գործողությունները նրա մոտ շատ լավ ստացվել են։ Նա ագահ դև է եղել, միշտ ամենափոքր բանի ժամանակ էլ ձեռը գցել է գումարին։ Նա ագահ անձնավորություն է»։
Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը: Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել Գրիգորյանի ազատ արձակմանը՝ մասնավորապես ասելով. – «Գիտեք, որ ես դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել, բայց ես ուզում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իսկապես արձանագրեն, որ երբ որ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա»։