Home / մարտի-1 / Երջանիկ զգացի, երբ Քոչարյանին ձերբակալեցին․ Ռուս ռեժիսորի և Հ5-ի կեղծիքը

Երջանիկ զգացի, երբ Քոչարյանին ձերբակալեցին․ Ռուս ռեժիսորի և Հ5-ի կեղծիքը

Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ, մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող 5-րդ հեռուստաալիքը (նախկինում ՀՀԿ-ին սպասարկող «Արարատը») ցուցադրել է, իբր, «վավերագրական» ֆիլմ 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների մասին, որտեղ, ըստ էության, ամբողջությամբ խեղաթյուրվել են այդ իրադարձությունները եւ, կարծես, ծառայեցվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը:

Ինչպես հայտնում է Ilur.am պարբերականը Ֆիլմի կադրերում երեւում են նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատները, այլ անձինք, որոնք 10 տարի պայքարել են Մարտի 1-ի բացահայտման համար: Ինչպես է ստացվել, որ իրականում այդ իրադարձությունների մասին Ռոբերտ Քոչարյանի տեսակետը ներկայացնող ֆիլմում նկարահանվել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Արամ Մանուկյան․ «Աշնանը, կարծեմ՝ սեպտեմբեր ամսին, մեզ հետ կապվեց այդ ֆիլմի ստեղծագործական խմբի ռեժիսոր Դմիտրի Նովոկշոնովը եւ խնդրեց աջակցել, քանի որ մտադրություն ուներ անկողմնակալ ֆիլմ նկարելու մարտի 1-ի զոհերի մասին: Ոչ թե իրադարձությունների, ոչ թե քաղաքական բաղկացուցչի, այլ հենց զոհերի մասին: Փաստորեն, չարաշահելով մեր վստահությունը, այդ անձնավորությունը, մեր աջակցությամբ, հանդիպեց զոհերի հարազատների հետ, եւ նրանք նույնպես համաձայնեցին իրենց ներդրումն ունենալ մարտի 1-ի մասին ճշմարտության տարածման գործում:

Ինձ տեղեկացրին, որ նշված հեռուստատեսությամբ, որը հասարակության շրջանում հայտնի է որպես Քոչարյանի սեփականություն, ցուցադրվում է խայտառակ մի ֆիլմ: Արդեն ակնհայտ է, որ այդ նենգության պատվիրատուն Քոչարյանն է, որն անհաջող հնարքներով փորձում է սրբագրել մարտիմեկյան սպանդին իր առանցքային դերակատարությունը:

Ուզում եմ սակայն, ասել, որ դա չի հաջողվելու երկու պատճառով.

առաջինը՝ որ ողջ ժողովրդին եւ աշխարհին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի մեկին եւ դրան հաջորդող ու նախորդող օրերին:

Երկրորդ՝ Քոչարյանն այնպիսի խորը ատելություն է վաստակել, որ որեւէ հնարքով` հատկապես նման ստոր հնարքներով, հնարավոր չի լինելու իր նկատմամբ ձեւավորված ատելությունը գոնե մի փոքր չեզոքացնել»:

5 TV հեռուստաընկերությանը դիմել է 2008-ի մարտի մեկի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ստեղծագործական կազմը․ «Ձեր էջում տեղադրված «Գործ N մարտի 1» ֆիլմում առանց ստեղծագործական խմբի գիտության եւ թույլտվության օգտագործված են կադրեր «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմից, որն արտադրվել է 2011թվականին։

Առաջարկում ենք արագ եւ անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի FB էջից եւ Youtube-ի Ararat TV ալիքից։ Իսկ Ռոման Բաբայանի եւ ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում։ Մինչ այդ հեռացրեք եւ հրաժարվեք հանցակցությունից։

Տիգրան Պասկեւիչյան՝ հեղինակ,
Արա Շիրինյան՝ ռեժիսոր,
Սաթենիկ Ֆարամազյան՝ պրոդյուսեր»։

Խնդրին անդրադարձել է նաև 2008-ի ընդդիմադիր շարժման մասնակից, զագվածային բռնությունների վկա և տուժող Գայանե Ղազարյանը։ Իր հետ հարցազրույցը ֆիլմում տեղ չի գտել, քանի որ այն չի հաջողվել մոնտաժել ի շահ Քոչարյանի․

«Ամառն էր։ Զանգեց Արամ Մանուկյանը, թե՝ Ռուսաստանից ռեժիսոր է եկել (Դմիտրի Նովոկշոնով), ուզում է Մարտի 1-ի մասին անաչառ, անկողմնակալ, միմիայն փաստերի վրա հիմնված ֆիլմ նկարել։ Կգա՞ս՝ որպես շատ բան տեսած վկա ու տուժող։ Սիրտս կախ՝ գնացի։ Ծանոթացա ռեժիսորին։ Երկու ժամ պատմեց, թե ինչ կարգի օբյեկտիվ ու բացառապես փաստեր ներկայացնող ֆիլմ է ուզում նկարել։ Պարոն Մանուկյանն էլ արդեն պատմել էր՝ ոնց է տարել զոհերի հարազատների հետ հանդիպացրել, որովհետև բացի Կոնգրեսի ժողովրդից, մնացածի հետ հանդիպումները մերժում են։ Ոնց է ռեժիսորն ապշել էն ջերմությունից, որով հարազատներն ընդունում են Կոնգրեսի ժողովրդին։ Ոնց են վստահել ու հավատացել ռեժիսորին, որ վերջապես իրենց զոհված զավակների ու ամուսինների իրական պատմությունը կհասցվի աշխարհին։
Ռեժիսորն էլ հավաստեց, որ չի ուզում լսել այս կամ այն կողմի մեղադրանքներն իրար հասցեին, այլ ուզում է լսել բացառապես սեփական աչքով տեսածն ու սեփական ականջով լսածը… ոչ մի զգացմունք, ոչ մի եզրահանգում, ոչ մի վարկած… Ինքն էլ նման բան չի անելու. հարցի պատասխանը թողնելու է դիտողին։

Նստեցի տեսախցիկի առջև…
Ասեց՝ բացվելու համար հարց տամ. մանկությանդ ամենաերջանիկ պահը։
Ասեցի՝ երբ հայրս բանտից դուրս եկավ։
Զարմացավ… ի՞նչ բանտ… ինչի՞ էր նստած։
Կարճ բացատրեցի։
– Իսկ ե՞րբ քեզ նորից նույնքան երջանիկ զգացիր։
– Երբ Քոչարյանին ձերբակալեցին։
Դե պատմի։
Պատմեցի։
Դե գնանք՝ տեղանքը ցույց տուր։
Գնացինք, ցույց տվեցի։
Պատմությանս ողջ ընթացքում ունքը չշարժվեց։ Տեղանքում նկարեց։ Տեսախցիկն անջատեց։ Հաջողություն։ Մեջքով շրջվեցին, անցան իրենց զրույցներին։

Ասեցի՝ հաջողություն, չլսեցին։ Գնացի։ Մտա մոտակա դեղատունն ու տապալվեցի։ Միգրենի նոպայից չէի շարժվում։ Վաճառողներին հասկացրեցի, որ զանգեն։ Evaն մոտիկ էր, տարավ իր տուն։ Մի քանի ժամից ուշքի եկա։ Ու նույն ծանր սրտով հասա տուն։

Էսքան ժամանակ վախենում էի նույնիսկ հարցնել՝ ինչ եղավ ռուսի անաչառ ֆիլմը։ Ու զանգ։ Պարզվեց ցուցադրել են Հ5-ով։ Պարզվեց ցուցարարներից բոլորի խոսքը մոնտաժել, աղավաղել են։ Միայն ինձ ու Խանումյան Քրիստինեին չեն հաջողել մնդռել։ Չեն գտել նույնիսկ 5 բառ, որով հնարավոր լիներ քոչի կաշին փրկել։ Հանել են։

«Անաչառ» սրտով ու «փաստերի վրա հիմնված» լկտիությամբ օգտագործել են՝ ում կարողացել են, ինչ կարողացել են. մարդկանց վստահությունը, մարդկանց ցավը… Բայց ամենից վատ՝ զոհվածների հարազատներին։ Խաբել են, գցել ու օգտագործել՝ հերթական անգամ ապացուցելով թախտաբիթու և՛ իրական դեմքը, և՛ իրական հայրենիքը, և՛ իրական նպատակը Հայաստանում»։