Գլխավոր / Դատարան / «Լռեցված ձայներ»․ կնասպանությունը Հայաստանում

«Լռեցված ձայներ»․ կնասպանությունը Հայաստանում

 

«Կնասպանությունը ես համեմատում եմ ցեղասպանության հետ՝ հաշվի առնելով այն կոնտեքստը, որ սա մի ամբողջ խմբի, բնակչության մի ամբողջ խավի նկատմամբ գործողություն է, որն արմատացած է այդ խավի անարժեք, ստորադաս լինելու համոզմունքի վրա, և հետևաբար, դա անելը նաև թույլատրելի է»։

Աննա Շահնազարյան

Ֆեմինիստ և ակտիվիստ

2016-2017 թվականներին Հայաստանում կնասպանության 12 դեպք է գրանցվել։ Դեպքերն անշուշտ ավելի շատ են եղել, սակայն դրանց մասին հնարավոր չի եղել գտնել պաշտոնական տեղեկատվություն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիայի կողմից պատրասված ««Լռեցված ձայներ»․ կնասպանությունը Հայաստանում» զեկույցի համահեղինակ իրավաբան Ստելլա Չանդիրյանը։

«Ես վստահ եմ, որ դեպքերն ավելի շատ են։ Կան գործեր, որ մինչև դատարան գնալն են կարճվել կամ գործի հարուցումը մերժվել է, կային գործեր, որոնց հասանելիությունը մեզ համար փակ է եղել․ մինչդատական գործերի մի ամբողջ բազա մենք չենք ուսումնասիրել»։

Կնասպանությունը բնութագրում է կնատյացության հիմքով կանանց սպանության դեպքերը։ Կնասպանությունն այն հանցագործությունն է, որը հայրիշխանական համակարգի կողմից ապաքաղաքականացվում է և մեկնաբանվում որպես «խենթ անձանց կողմից» իրականացվող հանցագործություն, ինչի հետևանքով էլ շատ հանցագործներ չեն ստանում այդ հանցանքի դիմաց համաչափ պատիժ։ ««Լռեցված ձայներ»․ կնասպանությունը Հայաստանում»

Զեկույցում ներկայացված են կնասպանության 12 դեպքեր, դրանց դատավարական նախապատմությունը և դատարանի եզրակացությունը։

«Բոլոր գործերում անխտիր դատարանը չի նայել գործի, բռնության նախապատմությանը։ Ոչ մի դեպքում չի քննարկվել, որ օրինակ այդ կինն այդքան տարի ենթարկվել է ընտանեկան բռնության, առհասարակ խոսակցություն չկա ընտանեկան բռնության մասին։ Դատարանը քննում է չոր օրենքի շրջանակներում։ Մեղմացնող հանգամանքների առումով օրենքը ասում է, որ դու կարող ես քննարկել մեղմացնող այլ հանագամանք։ Տարօրինակ է, որ առհասարակ ինչ-որ մի դատավորի մտքով անցնել է այս գործերում կիրառել մեղմացնող հանգամանք», -նշում է Չանդիրյանը։

Ուշագրավ է զեկույցում նկարագրված դեպքերից Ալինա Մ․-ի սպանության պատմությունը։ Ամուսինը՝ Արամ Մ․-ն, 2016 թվականի նոյեմբերի 25-ին խանդի հողի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել կնոջը։

Դատարանը վճռել է Արամ Մ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված արարքում, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ և պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի 8 ամիս ժամկետով։ Դատարանը որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առել այն, որ Արամ Մ․-ն ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործության բացահայտմանը, նրա խնամքին է գտնվում 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող հայրը։

Պետական կառույցները, որոնք զբաղվում են կնասպանության դեպքերի հետաքննությամբ և դատավարությամբ առհասարակ, չեն որակում կանանց սպանությունները ընտանիքում կամ ընտանիքից դուրս որպես կնասպանություն, չեն դիտարկում դրա արմատական պատճառները և չունեն մեկ միասնական տեղեկատվական բազա, որը հիմք կծառայի հետազոտության համար։ ««Լռեցված ձայներ»․ կնասպանությունը Հայաստանում»

Ստելլա Չանդիրյանը դատավորների նման մոտեցումը  կապում է նաև կրթության հետ։ Նա իրավաբանական կրթություն ունի և հիշում է, որ սովորելու տարիներին իրենք երբեք չեն լսել «կնասպանություն» եզրույթը։

«Ո՞ր մի իրավաբանն է անցնում, թե ինչ է գենդերային բնույթով բռնությունը, ինչով է տարբերվում, կա ինչ է սեռի բնույթով հանցագործությունը»։

Կնասպանության արմատական պատճառների վերացմանը հասնելու համար կարևոր է հաշվի առնել, որ կնասպանությունը քաղաքական հանցագործություն է, որը պահանջում է համընդհանուր ճանաչում և համակարգային արձագանք։ Շատ կարևոր է անդրադառնալ դրա իրական արմատներին և մեկնարկել այն համոզումից, որ կնասպանությունն ուժի և իշխանության դրսևորման ծայրահեղ արտահայտումն է կնոջ կյանքի և մարմնի վրա։ ««Լռեցված ձայներ»․ կնասպանությունը Հայաստանում»

Ըստ զեկույցի՝ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության գործեր քննելիս դատարանները շատ հաճախ հաշվի չեն առնում հանցագործության նախապատմությունը, ամբաստանյալի գործած հանցանքի շարժառիթը, պատիժը ծանրացնող հանգամանք դատաքննությամբ չեն հայտնաբերում, ակնհայտ բռնության գործադրման փաստը նկարագրելիս համապատասխան արարքը չի որակվում որպես կնոջ նկատմամբ բռնության գործադրում, փոխարենը դատական ակտում համապատասխան իրավիճակը նկարագրվում է՝ առավել մեղմ «քաշքշուկ» «անպարկեշտ վարք» բառերը։

ՀՀ օրենսգիրքը չի ներառում հատուկ դրույթներ կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ։ Օրենսգրքով կանանց նկատմամբ բռնությունը կամ ընտանեկան բռնությունը որևէ կերպ սահմանված չէ, և նախատեսված չեն նաև տուժողի սեռը կամ տուժողի և հանցանք կատարած անձի միջև հարաբերությունները հաշվի առնող դրույթները։

Զեկույցի հեղինակներն առաջարկում են՝ առանձին հանցակազմով քրեականացնել ընտանեկան բռնությունը։ Բացի դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների շարքում անհրաժեշտ է լրացնել ընտանաեկան բռնության գործադրումը՝ որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք, լրացնել կնոջ/ամուսնու, զուգընկերների, ընտանիքի այլ անդամների կամ համատեղ բնակվող անձանց նկատմամբ կատարված հանցագործությունները՝ որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք և այլն։