Գլխավոր / Ազգային ժողով / Երևանում Վրաստանի նախագահը տեղեկացավ՝ ինչպես են վարվում եղբայրական երկրների հետ

Երևանում Վրաստանի նախագահը տեղեկացավ՝ ինչպես են վարվում եղբայրական երկրների հետ

«Հայ հասարակության մեջ ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում էր սկզբունքներից միայն մեկը։ Այնինչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը շատ ավելի հավասարակշիռ և բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում այս հարցին»։ Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում։

«Մեր ամուր հարաբերությունները թույլ են տալիս համագործակցել նաև միջազգային զանազան հարթակներում, որտեղ բազմաթիվ հարցերում մեր տեսակետները համընկնում են կամ շատ մոտ են, և մենք աջակցում ենք իրար։ Ինչ խոսք, կան նաև հարցեր, որտեղ մենք ունենք տարբեր դիրքորոշումներ, և այսպիսի հարցերում մենք պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։ Օրինակ, կարող եմ ասել, հայկական պատվիրակությունը միջազգային կազմակերպություններում որոշ դեպքերում ձեռնպահ է մնում քվեարկությունից, եթե քվեարկվող ձևակերպումները կարող են մեր բարեկամ և եղբայրական Վրաստանի շահերին վնաս լինել։ Կարծում եմ, որ կարող ենք ակնկալել նաև այդպիսի վերաբերմունք մեր վրացի գործընկերների կողմից։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սա բխում է, կարծում եմ, բոլորի շահերից։ Եվ կա միջազգայնորեն ընդունված մեկ ձևաչափ, որն ունի մանդատ այդ բանակցություններում միջնորդ լինելու՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Եվ Վրաստանը, որպես ԵԱՀԿ մասնակից, անդամ-պետություն, սատարում է Մինսկի խմբի համանածագահների ձևակերպումները։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի այդ հավասարակշիռ, չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս լինեն ուղենիշ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր խոսակցություններում։

Անկեղծ ասեմ՝ հայ հասարակության մեջ ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում էր սկզբունքներից միայն մեկը։ Այնինչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը շատ ավելի հավասարակշիռ և բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում այս հարցին։ Նաև, տիկին նախագահ, Ձեր վերջին այցելության ընթացքում՝ Բաքվում, եղան ձևակերպումներ, որոնք կրկին մտահոգություններ են առաջացրել հայ հասարակության մեջ։

Բոլոր միջազգային կառույցները և նույնիսկ հղում պետք է անեմ Եվրոպական Միությանը, որը ևս հստակ տարանջատում է դնում Ղարաբաղյան կոնֆլիկտի և մնացած կոնֆլիկտների միջև։ Կարծում եմ՝ ընդհանրացնող ձևակերպումները տարբեր կոնֆլիկտների համար վնասում են գործին», — ասել է Միրզոյանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մարտի 13-ին։ Նույն օրը տեղի ունեցավ նախագահների առանձնազրույցը, այնուհետև՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հյուրընկալվեց Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ինչպես նաև Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մեծ Եղեռնի հուշահամալիր: