Քաղաքացիական ակտիվիստ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանը հայտնում է իր վրա կատարված հերթական հարձարման մասին։ Հունիսի 3-ին «Ֆեյսբուք»֊ում արված իր գրառման համաձայն, հարձակվողները «ռոբադաշնակցական» են։
«․․․նորից են հարձակվել օրը ցերեկով աշխատանքիս վայրի հարևանությամբ։ Ոստիկանությունը այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։
Հ․Գ․ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք», ֊ նշել է ներկայացված լուսանկարը հրապարակած Հարությունյանը։
Մայիսի 20-ի գիշերը նա ևս հարձակման էր ենթարկվել, որից հետո համոզմունք հայտնել, որ կատարվածը կապ ունի նախօրեին տեղի ունեցած ակցիայի հետ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից հետո քաղաքացիները բողոքի քայլերթ էին անում, և ճանապարհին միջադեպ էր գրանցվել ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի հետ: